ՀԲԸՄ ԵԱ ԾՐԱԳՐԻ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՄԲ #CYCLE4WOMEN-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 50,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ) ծրագիրը դինամիկ և զարգացող ցանց է, որ միավորում է 22-ից 40 տարեկան համախոհ երիտասարդ առաջնորդների, ովքեր ծառայում են սեփական համայնքներին և համագործակցում գլոբալ մակարդակով՝ հայկական ժառանգությունը պահպանելու նպատակով: ԵԱ շարժումը մեկնարկել է 1995 թվականին՝ Լոս Անջելեսում ձևավորված առաջին խմբով: Այդ ժամանակից ի վեր ցանցը ընդլայնվել է՝ ներգրավելով Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մասնաճյուղերն ու համագործակիցներին: Այսօր ողջ աշխարհում գործում է ԵԱ 36 խումբ, այդ թվում՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի և Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի երկու նորագույն խմբերը:

2019 թվականին, Կանանց միջազգային օրը, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները վճռականորեն հանձն առան մասնակցել FOCUS  2019-ի շրջանակներում AGBU YP CARES: #Cycle4Women-ի համար միջոցների հայթայթմանը: Այդ գլոբալ արշավի նպատակն էր հարյուրավոր հեծանվորդների և նրանց աջակիցների օգնությամբ միջոցներ հայթայթել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի համար և բարձրացնել իրազեկությունը այդ ծրագրի մասին, որի նպատակն է օգնել Հայաստանի կանանց փոքր ձեռնարկատիրության կամ ընտանեկան բիզնեսի ընդլայնման միջոցով հաղթահարել աղքատությունը:

Գործի դնելով հայ առաջնորդների գալիք սերնդի ուժն ու հնարավորությունները՝ աշխարհի տասնվեց տարբեր քաղաքից 500 հեծանվորդներ միավորեցին իրենց ջանքերը՝ հավաքելով 50,000 ԱՄՆ դոլար, որը կազմում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած FOCUS 2019 գալա միջոցառման ժամանակ հավաքված գումարի մոտ մեկ երրորդը:

Ամենախանդավառներից մեկը ԵԱ Լոս Անջելեսի թիմն էր, որն իր տեղական համայնքային ցանցի շնորհիվ հայթայթեց 13,000 ԱՄՆ դոլար: ««ԵԱ հոգածությամբ» նախաձեռնությունը լավագույն եղանակներից է, որով երիտասարդները կարող են իրացնել առաջնորդության իրենց հմտությունները», - ասաց ԵԱ Լոս Անջելեսի համանախագահ Կարին Քելզին: «Նման ջանքը ենթադրում է ոչ միայն թիմային աշխատանք և ֆիզիկական տոկունություն, այլև՝ կազմակերպվածություն, փոխօգնություն և աջակցելու պատրաստակամություն: Սա շատ լավ հնարավորություն է՝ տեղում իրականացվող գործունեությամբ ապահովել գլոբալ փոփոխություններ»:

Աշխարհի տարբեր ծայրերում գործող ԵԱ խմբերը արշավների միջոցով ներգրավեցին իրենց բնակության քաղաքները, որի արդյունքում ոչ միայն զգալի ֆինանսական միջոցներ հավաքվեցին, այլև՝ մեծ օգուտ բերեցին ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին: Մոբիլիզացնելով Հայաստանում գործող լրատվամիջոցները՝ ԵԱ Երևանի թիմը ներկայացրեց, թե ՀԲԸՄ ծրագիրը ինչպիսի ներգործություն կարող է ունենալ ողջ երկրում: «Այս նախաձեռնությունը հնարավորություն էր ԵԱ Երևանի թևի համար ուսումնասիրելու մեր ռեսուրսները և գործի դնելու Հայաստանում մեր ձևավորած ցանցը», - նշեց ԵԱ Երևանի թիմի նախագահ Հայկազ Նահապետյանը: «Մենք գիտենք, որ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը կփոխի հայ կանանց կյանքը, և քաջատեղյակ լինելով այս ծրագրի հաջողություններին՝ մենք ցանկացանք յուրովի աջակցել մեր մյուս ԵԱ թիմերին»: