|
Մեկնարկում է ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Բարև Սարոյան…» ծրագիրը ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի «Բարև Սարոյան…» համատեղ ծրագրի մեկնարկը տրվեց փետրվարի 3-ին: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամը միակն է, որը պահպանում և տարածում է Սարոյանի ժառանգությունը: Նախատեսվում է եռամսյա ընթերցանության, խաղերի և թատերական ներկայացումների շարք՝ նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող, 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկա և ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110 ամյակին, որի միջոցով երեխաները կարող են ծանոթանալ մեծ գրողի հարուստ գրական ժառանգությանը: «Երկար-բարակ մտածեցինք և որոշեցինք, որ պետք է բացահայտենք «Սարոյան ֆենոմենը»: Այս նախագիծը ստեղծվել է ընթերցանությունը տարածելու և դրա միջոցով Սարոյանին բացահայտելու համար», - նշեց ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի անդամ Հայկազ Նահապետյանը: «Ամեն շաբաթ օր հավաքվելու ենք Աշոտ Նավասարդյանի անվ. թիվ 196-րդ դպրոցում ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ստեղծած առաջին «Գրքաբաց» ընթերցանության սենյակում: Գրքաբաց ընթերցասրահում, տալու ենք աշակերտներին Սարոյանի որևէ գիրք ընտրելու հնարավորություն: Սարոյանը ներկայացվելու է տարբեր կողմերով` Սարոյան գրող, Սարոյան թատերագետ, Սարոյան սցենարիստ, Սարոյան նկարիչ, Սարոյան դրամատուրգ…», - հավելեց ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը: Նախագծի ավարտին դպրոցի աշակերտները հանդես կգան Սարոյանին նվիրված թատերական ներկայացմամբ և կկիսվեն Սարոյանի մասին իրենց տպավորություններով և, առհասարակ, թե ինչ քաղեցին այս եռամսյա նախագծից: *** Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգայյին պայմանագրերի հիման վրա և ՀՀ ողջ տարածքում։ Հիմնադիրն է գործարար, բարերար և պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Այժմ հիմնադրամը իրականացնում է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծումը: ՏԵՍԱՆՅՈՒԹ
end faq
|