ԿԱՊՎԵԼՈՎ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28 սփյուռքահայ երիտասարդների անմոռանալի ամառը Հայաստանում

Եվս մեկ ՀԲԸՄ Երևանյան ամառային փորձառության ծրագիր անցավ պատմության գիրկը: Ծրագիրն ավարտվեց` թողնելով անմոռանալի հուշեր մասնակիցների մոտ և ամուր կապելով նրանց մայր հայրենիքին: Այս տարվա` թվով վեցերորդ ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը մեկ հարկի տակ էր հավաքել 28 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Լիբանան և Գերմանիա: Վեց շաբաթ շարունակ հայազգի երիտասարդներն ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով` առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի այցելություններ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: ՀՀ սփյուռքի նախարարություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), Grand Thornton ընկերություն, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Deem Communications, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոն, «Ապագան քոնն է» հ/կ, «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն, «Վիտամաքս» դեղագործական ընկերություն, Երևանի թիվ 1 հիվանդանոց. ահա ոչ լրիվ ցանկը այն կազմակերպությունների, որոնք այս տարի հյուրընկալել էին ՀԲԸՄ փորձառության ծրագրի մասնակիցներին: Փորձի փոխանակում ու մասնագիտական փորձառության հարստացում, կապվածություն հայրենիքին ու հոգատարություն հայրենի առօրյա խնդիրների հանդեպ. սրանք են ծրագրի նպատակները: Ծրագրի շրջանակներում խումբն այցելեց նաև Արցախ, ծանոթացավ Արցախի պատմությանն ու մշակութային հուշարձաններին, հանդիպեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կազմակերպվեցին նաև հանդիպումներ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհայանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որոնց ընթացքում սփյուռքահայ երիտասարդներն առիթ ունեցան լսել նախարարներին ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Երիտասարդներն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան և Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբար: Երիտասարդներն անմասն չմնացին նաև Հայաստանի սոցիալական խնդիրներից` այցելելով Գյումրիի Թռչունյան մանկատուն, տանելով բազում նվերներ մանուկների համար ու մեկ ամբողջ օր անցկացնելով նրանց հետ: Այս տարվա մասնակիցներին բախտ վիճակվեց նաև ներկա գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին: Անհնար է բառերով նկարագրել մարզադաշտում տիրող մթնոլորտն ու ոգևորությունը և այն զգացմունքները, որոնցով սփյուռքահայ երիտասարդները մայր հայրենիքում հետևում են իրենց հավաքականի խաղին: Ծրագիրն ավարտվեց հրաժեշտի երեկոյով, որին մասնակցում էին թե սփյուռքահայ երիտասարդները և թե նրանց անմիջական ղեկավարները, որի ընթացքում ներկաները կիսվեցին իրենց ամառային վեցշաբաթյա կյանքի մանրամասներով ու տպավորություններով:

 

Տեսանյութ

 

 

 

end faq