Մայիս 18, 2026

ՀԲԸՄ-ն և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը համատեղ անցկացրին «Հայերն Ամերիկայում 250» միջոցառումը

  • Նկար
    Photo 1
    Շուրջ 400 հյուր հավաքվել են Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնատեղիում։

Ի պատիվ Ամերիկայի անկախության հռչակման 250-ամյակի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնատեղիում կազմակերպեցին հանդիսավոր ընդունելություն։ 

2026 թվականի մայիսի 1-ին շուրջ 400 հյուր, այդ թվում՝ Սպիտակ տան, Ազգային անվտանգության խորհրդի, Պետական, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմական քարտուղարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ ու դիվանագետներ, ինչպես նաև ամբողջ երկրից բիզնես առաջնորդներ ու համայնքի անդամներ, մասնակցեցին «Հայերն Ամերիկայում 250. մեծարելով անցյալի, ներկայի և ապագայի ազդեցությունը» խորագրով միջոցառմանը՝ այն վերածելով ԱՄՆ-ում հայ-ամերիկյան ներդրումների մեծարմանը նվիրված վերջին շրջանի ամենախոշոր իրադարձություններից մեկին։ 

Միջոցառումը Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի կողմից աջակցվող ավելի լայն՝ «USA250» նախաձեռնության բաղկացուցիչ մաս էր։ Ընդունելությունը համընկավ 2026 թվականի ևս երկու ուշագրավ հոբելյանների՝ ՀԲԸՄ-ի հիմնադրման 120-ամյակի և Հայաստանի անկախության 35-ամյակի հետ։

Միջոցառման ամփոփում 

Միջոցառման մեկնարկին Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ «Շնորհալի» կիրակնօրյա դպրոցի «Շնորհալի ձայներ» երգչախմբի կատարմամբ հնչեցին ԱՄՆ և ՀՀ պետական հիմները։ Այնուհետև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և երեկոյի հանդիսավար Հայկ Արիյանը ելույթ ունեցավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով հայ-ամերիկյան պատմությունը՝ Ջեյմսթաունից մինչև մեր օրեր։ Կոնեկտիկուտի նահանգի Սուրբ Համբարձման եկեղեցու Տ. Ընծակ ավագ քահանա Նալբանդյանը հնչեցրեց բացման աղոթք, այնուհետև Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևվմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան Արք. Տէրտէրյանի և Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամյանի անունից ներկայացրեց նրանց ողջույնի խոսքերը։ 

Ելույթներով հանդես եկան չորս անվանի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Նարեկ Մկրտչյանն ընդգծեց հայերի հայրենիքի՝ Հայաստանի, ու բազմաթիվ հայերի համար տուն դարձած երկրի՝ ԱՄՆ-ի միջև տևական հարաբերությունները։ «Մեր երկու ժողովուրդները կիսում են քաղաքակրթական խոր արժեքներ՝ հանձնառություն ազատությանը, անկախությանն ու երջանկության հասնելու ձգտմանը. սկզբունքներ, որոնք առաջնորդել են թե՛ հայերին, թե՛ ամերիկացիներին դեռևս 18-րդ դարից սկսած…. Այսօր Հայաստանը հպարտորեն կանգնած է ժողովրդավարական պետությունների շարքում, որտեղ Միացյալ Նահանգներն առանցքային գործընկեր է։ Անկախության հռչակումից ի վեր Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը», - նշեց Մկրտչյանը։

Ջեֆրի Քեսլերը՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղարը, խոսեց հայ-ամերիկյան հարաբերություններում նոր բարձունքների հասնելու մասին, հատկապես արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ շնորհիվ միջոցառմանը ներկա բազմաթիվ հայերի աճող աջակցության։ «Թրամփի վարչակազմը ձգտում է  կառուցել ավելի անվտանգ ու բարգավաճ աշխարհ, և դա, անշուշտ, նշանակում է խաղաղություն և բարգավաճում բերել Հարավային Կովկաս՝ տևական խաղաղությանն ուղղված գործընկերությունների միջոցով», - նշեց նա։

Քիթ Քրաքը՝ Տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղարի նախկին տեղակալը և ներկայում «Freedom 250»-ի գործադիր տնօրենը, ընդգծեց ազատությունը սահմանող հայկական արժեքները։ «Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը կատարեց բախտորոշ ընտրություն՝ խարիսխ գցելով հավատքի և արժանապատվության տանող ուղու վրա, և դարավոր արհավիրքների պայմաններում այդ ինքնությունը ոչ միայն չմոռացվեց, այլև պահպանվեց ու փոխանցվեց սերունդներին, և դուք այսօր տեսնում եք դրա արդյունքները»։

Իր ելույթում ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանն անդրադարձավ Ամերիկայում հայկական ներկայությանը. «Ամերիկայի պատմությունն իր էությամբ ներգաղթյալների պատմություն է, որոնք հավատում էին ազատությանը և աշխատում էին այդ ազատությունն իմաստալից դարձնելու ուղղությամբ։ Հայ-ամերիկյան պատմությունը Ամերիկայի ավելի ընդարձակ պատմության մի գլուխն է, որը գրվել է տոկունության ու զոհողությունների գնով ու հույսի զգացումով»։

Նկար
Photo 2

Photo 2
Caption
«Մեր տղերքը. Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկահայ վետերանները» գրքի սահմանափակ վերահրատարակված տպաքանակը։

Հարգանքի տուրք մատուցելով «Մեծագույն սերնդի» հայերին, որոնց ծառայությունն ու զոհողությունն օգնեցին հաղթանակ տանել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ՀԲԸՄ փոխնախագահ Արդա Հարությունյանը հայտարարեց «Մեր տղերքը. Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկահայ վետերանները» (Our Boys: Armenian American Veterans of World War II) գրքի սահմանափակ տպաքանակով վերահրատարակման մասին։ Գիրքը, որը ՀԲԸՄ-ն առաջին անգամ հրատարակել էր 1951 թվականին, փաստագրում է զինվորական բոլոր տեսակի կոչումներ ունեցող ու ռազմական տարբեր ճյուղերի պատկանող հարյուրավոր ամերիկահայ զինծառայողների պատմություններ՝ հավաքված ԱՄՆ ողջ տարածքի համայնքներից։ Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների որդիներ ու դուստրեր էին։ 

Գրքի օրինակները դեսպան Մկրտչյանի և նախագահ Սիմոնյանի կողմից պաշտոնապես հանձնվեցին Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և Ռուսաստանի, Կովկասի և Եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին։ 

Միջոցառմանը հատուկ հյուր էր «Ռոբին» ռոբոտը (Robin the Robot), որը ստեղծվել է առողջապահական հաստատություններում բուժառուներին էմոցիոնալ աջակցություն ցուցաբերելու ու հաղորդակցություն ապահովելու համար։ Հայաստանում ստեղծված և Սիլիկոնյան հովտում կատարելագործված «Ռոբին»-ն այժմ ներդրված է երկրի ավելի քան 40 հիվանդանոցներում, ծերանոցներում ու խնամքի կենտրոններում, և 2021 թվականին ընդգրկվել է «Time» ամսագրի «Լավագույն գյուտերի» ցանկում։ Որպես հայկական հրաշագործ նորարարությունների վառ ապացույց՝ «Ռոբին»-ը խորհրդանշում է այն ամերիկահայերին, որոնց ծառայությունը, գյուտերն ու ներդրումերնն իրենց ազդեցությունն են ունեցել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև ողջ աշխարհում։

Նկար
Photo 3

Photo 3
Caption
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և երեկոյի հանդիսավար Հայկ Արիյանը զրուցում է «Ռոբին» ռոբոտի (Robin the Robot) հետ։

ԱՄՆ-ում հայերի ունեցած ներդրումները երեկոյի պարբերաբար արծարծվող թեմաներից էր։ Ոմանք ծառայել են Կոնգրեսում, նահանգային գործադիր մարմիններում, դաշնային դատական համակարգում և դիվանագիտական կորպուսում։ Ոմանք էլ հիմնադրել են ընկերություններ գյուղատնտեսության, արտադրության, ֆինանսների, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտներում։

Հայկ Արիյանն ընդգծեց, որ հենց ՀԲԸՄ-ն, որը հիմնադրվել է 1906 թվականին, ավելի քան 80 տարի ղեկավարվել է Ամերիկայում բնակվող նախագահների կողմից։ Նրանց թվում են՝ ներգաղթյալ գորգագործ Արշակ Կարագյոզյանը, ում պատվիրվել էր պատրաստել «Radio City Music Hall»-ի և ԱՄՆ Գերագույն դատարանի շենքի գորգերը, ներգաղթյալ ձեռնարկատեր Ալեք Մանուկյանը, որը հնարել էր «Delta» ծորակը, իսկ տասնյակ հազարավոր ամերիկացների ապահովել աշխատանքով, Լուիզ Մանուկյան Սիմոնը, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ղեկավարում էր Հայաստան ուղարկվող օգնության ջանքերն, իսկ հետո հիմնադրեց Հայաստանի ամերիկյան համալսարանը, Բեյրութից սերող անվանի կորպորատիվ փաստաբան Պերճ Սեդրակյանը, որը արդիականացրեց կազմակերպությունն ու ամրապնդեց կապերը սփյուռքի ու հայրենիքի միջև։ Գործող նախագահ, տեխնոլոգիական ոլորտում ձեռնարկատեր և ճարտարագետ Սեմ Սիմոնյանը տիկնոջ՝ Սիլվա Սիմոնյանի հետ հիմնադրեց «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Ի սկզբանե հիմնադրվելով Հայաստանում՝ «ԹՈՒՄՈ»-ի աշխարհագրությունն այժմ ընդլայնվել է ողջ աշխարհով, իսկ ամերիկյան առաջին կենտրոնը բացվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Երեկոն եզրափակվեց «Մարտա և Ֆոլկ նվագախմբի» ելույթով, որի հայկական ժողովրդական, դասական և գուսանական երգերի նորովի մշակումները, ներառյալ անվանի հայ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությունները, հնչեղ ավարտ հաղորդեցին երեկոյին։

Անդրադառնալով միջոցառմանը՝ Սիմոնյանը նշեց. «Այսպիսի երեկոները մեզ հիշեցնում են, թե ով ենք մենք ու որտեղից ենք գալիս։ Հայ-ամերիկյան պատմությունը չավարտվեց լոկ գոյատևմամբ։ Այն շարունակվեց ներդրումներով, նորարարությամբ և ծառայությամբ մի երկրում, որն այժմ անվանում ենք մեր տունը։ ՀԲԸՄ-ի 120-ամյակին ընդառաջ՝ առավել քան երբևէ համոզված եմ, որ այս պատմության լավագույն գլուխները դեռ առջևում են ու գրվելու են ամերիկահայերի նոր սերնդի կողմից. այն սերնդի, որ տարբեր ոլորտների հմուտ մասնագետներ են և մեր ապագա առաջնորդները»։