ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագիրը մարդկանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը միտված մասնագիտական զարգացման նախաձեռնություն էր, որը մեկնարկել էր 2019 թ.-ին։ Ծրագիրն օգնում էր արցախահայությանը ձեռք բերել հմտություններ ձեռնարկատիրության, բիզնեսի, զբոսաշրջության, թվային և սոցիալական մեդիա մարքեթինգի, առաջնորդության և անձնակազմի կառավարման ոլորտներում, ինչպես նաև օգնում էր բարելավել անգլերենի իմացությունը։
2023 թ-ի սեպտեմբերին Արցախի վերջնական հայաթափումից հետո մեր հայրենակիցները կանգնեցին տանիք գտնելու, կյանքը նորից սկսելու խնդրի առջև։ Ու հիմա, երբ առաջնային խնդիրները քիչ թե շատ լուծվել են, արդեն ժամանակն է սկսել ոտքի կանգնել, աշխատել ու կայունանալ։
ՀԲԸՄ «Սովորի'ր և վաստակի՛ր. Արցախ» նորացված ծրագրի նպատակն է նպաստել արցախցիների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատանքային շուկայում մրցունակ դառնալուն։
Սիրելի արցախցիներ, եթե ունեք մասնագիտություն, բայց ցանկանում եք փոխել գործունեության ոլորտը, եթե ուզում եք ձեռք բերել նոր՝ ժամանակակից ու մրցունակ մասնագիտություն, կամ ունեք բիզնես, բայց աջակցության կարիք ունեք, ուրեմն դուք կարող եք դառնալ մեր ծրագրի մասնակիցը։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ)։