ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐ ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՆ` «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախաձեռնության նպատակն է խրախուսել այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առավել ակտիվ են եղել: Այս տարի ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների են արժանացել 2013թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարի հատուկ մրցանակակիրների թվում էր նաև Արփինե Կալինինան իր Կոմիտասյան համերգաշարի համար: Դաշնակահարուհի Արփինե Կալինինան հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի: Այն ստեղծվել է 2007թ.: «Կանթեղ»-ի նպատակն է լայն հասարակությանը և հատկապես երիտասարդությանը հասու դարձնել հայ դասական երաժշտությանը` Կոմիտասյան ակունքներից մինչև մեր օրեր: 2013թ. Արփինեն արժանացել է ՀԲԸՄ Կատարողական արվեստի կրթաթոշակի և այժմ սովորում է Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում: Շնորհավորում ենք Արփինեին և մյուս բոլոր մրցանակակիրներին այս հաղթանակի կապակցությամբ: