ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎՍ 25 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Միությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է ՀՖՀ լավագույն ուսանողների մասնագիտական փորձառության շրջանը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ավելի քան 75 ՀՖՀ ուսանողներ այս աջակցության շնորհիվ մեկնել են Ֆրանսիա և մեկ ամիս շարունակ աշխատել տեղի առաջատար ընկերություններում: 2012թ. ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև իր դռները բացեց ՀԲԸՄ-ի միջոցներով վերանորոգված համալսարանական գրադարանը: 2007թ. ի վեր ՀԲԸՄ-ն վճարում է նաև համալսարանի 2-4-րդ կուրսերի լավագույն ուսանողների կրթաթոշակները: Այս ընթացքում ՀՖՀ 180 ուսանողներ արժանացել են ՀԲԸՄ կրթաթոշակի: Փետրվարի 6-ին, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմի վրա այս անգամ ֆրանսիական համալսարանի 2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտներն էին, որոնք հանդիսավորությամբ ստացան իրենց ավարտական դիպլոմները: ՀՖՀ բակալավրիատը և մագիստրատուրան ավարտած մի քանի տասնյակ ուսանողներ, նրանց դասախոսներն ու ծնողները ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեցին տոնական ավարտական միջոցառմանը: Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները` որպես երկու պետությունների երկարամյա բարեկամության խորհրդանիշ: Շնորհավորական խոսքեր ասացին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն և ՀՖՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան: Իր խոսքում Անրի Ռեյնոն նշեց, որ նոր ուսումնական տարում համալսարանը կունենա նոր ֆակուլտետ` բանկային և ապահովագրական գործ: Արարողությանը ներկա էին նաև ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը և Հատուկ ծրագրերի համակարգող Ինեսա Մարգարյանը: Շրջանավարտներից բացի դահլիճում էին նաև ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած ուսանողները: Բացման խոսքերից հետո բեմ հրավիրվեց Վազգեն Յակուբյանը, որը նախ շնորհավորեց շրջանավարտներին, ապա ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած 25 լավագույն ուսանողներին հանձնեց գերազանցության վկայագրեր: Ինչպես ուսանողներն են նշում, սա մի հսկայական բեռ է, որ ՀԲԸՄ-ն վերցնում է իր ուսերին` ստիպելով իրենց կենտրոնանալ միմիայն ուսման վրա և չմտածել ուսման վարձի մասին: «Կրթական հաստատությունների հետ համագործակցությունը հաճելի պարտականություն է մեզ համար: Մենք հավատացած ենք, որ անհատն է մեր ազգի ամենահզոր ներուժը: Այդ իսկ պատճառով արդեն 7 տարի շարունակ համալսարանի լավագույն ուսանողներն արժանանում են ՀԲԸՄ կրթաթոշակի», - ասաց Վազգեն Յակուբյանը: Երեկոն ուղեկցվում էր նաև երաժշտական ընդմիջումներով` պատրաստված ՀՖՀ ուսանողների կողմից: ՀՖՀ Հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Համալսարանի վարչական և ուսումնական կառավարումն իրականացնում է հայ և ֆրանսիացի մասնագետներից կազմված աշխատակազմը` ՀՖՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի գլխավորությամբ: Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը ՀՖՀ-ի առաջին կրթական գործընկերն է: Համալսարանի կարևոր գործընկերներից է նաև ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: Ներկայումս համալսարանում սովորում է ավելի քան 900 ուսանող: Առ այսօր համալսարանն ունի 1262 շրջանավարտ, որոնց մոտ 80%-ն աշխատում է Հայաստանում, 12%-ը շարունակում է կրթությունը ՀՖՀ Մագիստրատուրայում և մոտ 6-7%-ը սովորում կամ աշխատում է արտասահմանում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq