ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1.1 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 2013-14 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Կատարողական արվեստի, հոգևորականների պատրաստության և այլ մասնագիտությունների հարյուրավոր ուսանողներ ողջ աշխարհից կօգտվեն ՀԲԸՄ կրթաթոշակներից

Աշնանային կիսամյակի ավարտի հետ մեկտեղ աշխարհի տարբեր ծայրերում համալսարանական ուսանողները վայելում են ՀԲԸՄ կրթաթոշակների ընձեռած հնարավորությունները, որոնք օգնում են նրանց շարունակել իրենց բարձրագույն կրթությունը: 2013-2014 ուսումնական տարում ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագիրը տրամադրել է ավելի քան 1,1 մլն ԱՄՆ դոլար, որից 400,000-ը շնորհվել է ԱՄՆ-ում սովորող 100 ուսանողների: ՀԲԸՄ կրթաթոշակներն աջակցում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 400 ուսանողների աշխարհի շուրջ 35 երկրների լավագույն համալսարաններում` շեշտը դնելով կատարողական արվեստի և կրոնական ուսումնասիրությունների վրա: ՀԲԸՄ կրթաթոշակն ավելին է քան զուտ ֆինանսական աջակցությունը: Այն նշանակում է, որ դուք մի մասնիկն եք համաշխարհային մի հանրության, որը ճանաչում է ձեր տաղանդը: Թուրքիայի քաղաքացի, Իզմիրի Էգե hամալսարանի ուսանողուհի Մոնիկա Մանուշակի համար այս աջակցությունը հատկապես կարևոր էր: «Իսկապես գնահատելի է այն, որ ՀԲԸՄ-ն աջակցում է բոլոր հայերին անխտիր` անկախ նրանց քաղաքացիությունից: Այս կրթաթոշակի շնորհիվ ես կարող եմ մասնակցել Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի ամառային դասընթացներին Երևանում և աշխատել աշխարհի տարբեր երկրների ակադեմիկոսների հետ, որոնք կիսում են մշակութային ինքնության հանդեպ իմ ունեցած կիրքը», - ասում է Մոնիկան: Ամերիկյան մշակույթի և գրականության ասպարեզում իր բակալավրի աստիճանը ստանալուց հետո Մանուշակը հույս ունի դասավանդելու իր սիրելի ուսումնական հաստատությունում` Պոլսի Կենտրոնական վարժարանում: Մանուշակը մեկն է այն բազմաթիվ ուսանողներից, որոնք արժանացել են ՀԲԸՄ կրթաթոշակի և փորձում են հարթել իրենց մասնագիտական ուղին: Ռիմա Կարապետյանը սովորում է Հոլանդիայի Լեյդեն hամալսարանի իրավաբանության ֆակուլտետում և մտադիր է աշխատել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում Միջազգային հանրային իրավունքի դասընթացներն ավարտելուց հետո: Կարապետյանն ընդունվել էր 2012թ.-ին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել շարունակել ուսումը: Այս տարի, ՀԲԸՄ կրթաթոշակի շնորհիվ, Ռիման կարողացավ բաց չթողնել իրեն ընձեռված հնարավորությունը: Հաջորդ տարի, Դիվանագիտական դպրոցի մի քանի շրջանավարտների հետ միասին, նա էլ է պատրաստվում սկսել իր աշխատանքը նախարարությունում: Մինչ որոշ ուսանողներ պատրաստվում են իրենց ուժերը փորձել հանրային ծառայության ոլորտում, կատարողական արվեստի բնագավառում ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած ուսանողներն արդեն իսկ հայտնվում են ուշադրության կենտրոնում: Արամ Օհանյանն օպերային երգիչ է, սովորում է Բեռնի արվեստների համալսարանում, Շվեյցարիա, և շուտով հանդես կգա հանրաճանաչ La Cetra վոկալ անսամբլի հետ ինչպես Բազելում, այնպես էլ Ամստերդամում: Օհանյանը սկսեց համագործակցել խմբի հետ երկու տարի առաջ Բազիլի Schola Cantorum Basiliensis երաժշտական ակադեմիայում: Այն ժամանակ նա առաջին անգամ արժանացավ ՀԲԸՄ կրթաթոշակի: «Օպերայում երգելն ու ստեղծագործելը պահանջում է բարձր մակարդակի կարգապահություն և շատ խիստ ու կազմակերպված ժամանակացույց», - ասում է Օհանյանը: «Չգիտեմ ինչպես էի բավարարելու այդ պահանջներն առանց ՀԲԸՄ-ի աջակցության: ՀԲԸՄ-ի շնորհիվ ես հնարավորություն ստացա շարունակել մագիստրոսի իմ մասնագիտացված երաժշտական կրթությունն ու միաժամանակ որոշ ճանաչում ձեռք բերել այդ բնագավառում»: Երկրագնդի մյուս կողմում, ևս մեկ խոստումնալից արվեստագետ` երևանցի Վարդան Գասպարյանը, որը սովորում է Կալիֆորնիայի Քոլբըրն կոնսերվատորիայում, արդեն հասցրել է գրավել մասնագետների ուշադրությունը: Երկու տարի անընդմեջ Գասպարյանը մասնակցել է Kneisel Hall երաժշտական փառատոնին Մայնեում: Փառատոնի ղեկավարները աշխարհահռչակ Ջուլիարդ դպրոցի ուսուցիչներն են: Այդ և այլ փառատոններին Գասպարյանը հանդես է եկել կոնսերվատորիայի կողմից իրեն ժամանակավոր տրամադրված թավջութակով, քանի դեռ նա պետք է խնայեր իր գումարները սեփական գործիքը ձեռք բերելու համար. մի բան, որ ինչպես ինքն է խոստովանում, երբեք չէր կարող անել առանց ՀԲԸՄ-ի աջակցության: 2012-ին երիտասարդ թավջութակահարը, ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած այլ արվեստագետների հետ միասին, ելույթ ունեցավ Կարնեգի սրահում ՀԲԸՄ Նյու Յորքի հատուկ միջոցառումների հանձնախմբի ամենամյա համերգի ժամանակ: Օգնելով բեմի վրա և կապույտ էկրանից այն կողմ ստեղծագործող երիտասարդներին` ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագրի նպատակն է վառ պահել հայ մշակույթը: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ֆիլմերի և հեռուստատեսության բաժնի ուսանող Մարտիրոս Վարդանովն այժմ զբաղված է հայերեն լեզվով կարճամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանմամբ: Սա բացառիկ երևույթ է այս բաժնի համար: ՀԲԸՄ կրթաթոշակը թույլ տվեց նրան առավել կենտրոնանալու իր ուսման վրա: Վերջին տարիներին Beverly Hills կինոփառատոնի շրջանակներում Վարդանովը կազմակերպեց միջոցառում նվիրված Վիլյամ Սարոյանին, ինչպես նաև հայ երկու մեծանուն վարպետների` Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի ֆիլմերի` աշխարհում առաջին համատեղ հետհայաց ցուցադրությունը Կորեայի Busan միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն ամենամեծն է Ասիայում: Մրցանակակիր կոմպոզիտոր Արփինե Կալինինան նույնպես հայազգի արվեստագետների գործերը ներկայացնում է տարբեր հանդիսատեսների: Ներկայումս նա մագիստրատուրայի ուսանողուհի է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում: Տարիներ շարունակ եղել է իր իսկ հիմնած Կանթեղ դասական խմբի գեղարվեստական ղեկավարը, որը ելույթներով հանդես է եկել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այդ ընթացքում նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության կողմից շնորհված «Տրիումֆ» մրցանակի արվեստի բնագավառում մեծագույն նվաճումների համար: Այս տարի Կալինինայի ստեղծագործությունները առաջին անգամ հնչելու են Լոնդոնում, այդ թվում նաև երգչախմբի համար նրա գրած ստեղծագործությունը, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը: ՀԲԸՄ կրթաթոշակը, ի թիվս այլ հաստատությունների շնորհած կրթաթոշակների, մեծ դեր է խաղացել Կալինինայի ստեղծագործությունները ներկայացնելու գործում: «Երկու տարի շարունակ առաջարկ էի ստանում ակադեմիայից, սակայն ֆինանսական միջոցներս թույլ չէին տալիս ընդունել այդ առաջարկները: Այժմ մաստագիտանում եմ համաշխարհային համբավ ունեցող արվեստագետների մոտ, կատարելագործում դիրիժորական և նվագախմբային իմ հմտություններն ու ավանդական հայկական երաժշտությունից ծնված իմ ստեղծագործությունները», - ասում է Արփինեն: Մինչ Կալինինան պահպանում է Հայաստանի երաժշտական ժառանգությունը, հոգևորականների պատրաստության բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հայկական քրիստոնեական հավատքի ընդհանուր պատմական ընթացքը: ՀԲԸՄ-ի հոգևորականների պատրաստության գծով կրթաթոշակի արժանացած Դոննա Ռիզկը դոկտորանտուրայի ուսանողուհի է Լոնդոնի արքայական քոլեջի աստվածաբանության և կրոնի բաժնում: Նա ուսումնասիրում է քրիստոնեական մի մատյան, որն իր ազդեցությունն է ունեցել հայկական դավանանքի վրա: Այն թվագրվում է 10-րդ դար, սակայն Ռիզկը համոզված է, որ այն ավելի հին է և պատկանում է 5-րդ դարին: Նա մտադիր է ՀԲԸՄ իր կրթաթոշակը հետագայում օգտագործել Նյու Յորքի Սբ. Ներսես ընծայարա-նում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Ռիզկը հնարավորություն կունենա շփվել ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած այն ուսանողների հետ, որոնք արդեն իսկ ընդգրկված են Սբ. Ներսես ընծայարանում: Նրանք հայ եկեղեցու ապագա առաջնորդներն են, թեև առայժմ զբաղված են իրենց դասերով և ուսումնասիրություններով: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագրում: Քեթրին Աշբահյանը, որը ներկայումս սովորում է աստվածաբանության ոլորտում մագիստրոսի կոչման համար, ասում է. «Ամեն օր ինձ բախտավոր եմ զգում, քանի որ հանգիստ խղճով կարող եմ կենտրոնանալ միմիայն իմ ուսման և Հայց. Եկեղեցու ԱՄՆ Արևելյան Թեմի առաջնորդարանում իմ աշխատանքի վրա, առանց մտածելու, թե ինչպես եմ վճարելու ուսման վարձն ու հոգալու իմ ծախսերը: Այն անհատները, որոնք մեծահոգաբար տալիս են այս ֆինանսական աջակցությունը, հսկայական բեռ են վերցնում իրենց ուսերի վրա: ՀԲԸՄ-ի և ողջ ամերիկահայ համայնքի մեծահոգությունն իսկական օրհնություն է, որն աննկարագրելի է»:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1.1 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 2013-14 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: