ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԲԸՄ-Ն ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ, ԵՍ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

25 տարի առաջ Տիգրան Նազարյանն արժանացավ ՀԲԸՄ կրթաթոշակի, որի շնորհիվ հնարավորություն ստացավ իր հայրենի Գյումրիից տեղափոխվել Կալիֆորնիայի Համալսարան, Բերկլի, և սովորել դոկտորանտուրայում: Ուսումն ավարտելուց հետո Տիգրանը վերադարձավ Հայաստան` կառուցելու իր ապագան և հզորացնելու հայրենիքը: Այն տարիներից ի վեր Տիգրանը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է: Այսօր, Տիգրան Նազարյանը, ՏՏ և վիրտուալացման ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` VMWare ընկերության Արևելյան Եվրոպայի մասնաճյուղի տնօրենն է: Նրա ղեկավարությամբ խոշորագույն այս ընկերությունը նոր հորիզոններ է բացում Հայաստանում վիրտուալացման, ամպային ենթակառուցվածքների և կառավարման ոլորտներում: Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում` ապահովելով նոր աշխատատեղեր ոլորտի բարձրակարգ մասնագետների համար: Իր այսօրվա հաջողությունները Տիգրանը վերագրում է 25 տարի առաջ ՀԲԸՄ-ից ստացած և իր կյանքը կտրուկ փոխած աջակցությանը: 1990թ., տասնյակ հազարավոր Գյումրեցիների պես, Տիգրանն էլ փորձում էր օգնել իր հարազատ քաղաքին հաղթահարել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները: Նրա մայրը պատահաբար լսում է արտասահմանում ուսանելու մի ծրագրի մասին և ստիպում որդուն անպայման դիմել: Որոշ տատանումներից ու կասկածներից հետո Տիգրանը վերջապես գալիս է Երևան հարցազրույցի և հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիրներ Արմեն Տեր-Կյուրեղյանի և Ստեփան Կարամարդյանի հետ, որոնք համալսարանի ստեղծման նախնական փուլում էին դեռևս: Սա Տիգրանի առաջին հանդիպումն էր անգլիախոս մարդկանց հետ: Անձամբ ինքն այն տարիներին հազիվ էր խոսում անգլերեն, ինչն այնուամենայնիվ չխանգարեց Տիգրանին դառնալ այն 18 ընտրյալներից մեկը, որոնք պետք է մեկնեին ԱՄՆ ուսանելու և վերադառնային Հայաստան` ամերիկյան համալսարանում դասավանդելու: Կարճ ժամանակ անց Տիգրանն արդեն ԱՄՆ-ում էր: Հեշտությամբ համակերպվեց Կալիֆորնիայի համալսարանի ուսանողի իր նոր կարգավիճակին, չնայած նախկինում երբեք չէր ճանապարհորդել ԽՍՀՄ-ից դուրս: Միևնույն ժամանակ, մտովի Հայաստանում էր ամեն վայրկյան: Շաբաթվա ընթացքում զբաղված էր դասերով, իսկ կիրակի օրերին հեծանիվով կտրում անցնում էր վեց մղոն մինչև Սբ. Վարդան հայկական եկեղեցին հարևան Օուքլենդում: Համալսարանում Տիգրանի ուշադրությունն անմիջապես գրավում են համակարգիչները, որոնք այն տարիներին դեռևս տարածված չէին ԽՍՀՄ-ում: Մի օր, համակարգչի մոտ նստած դասախոսներից մեկի մոտ, նկատում է Խորհրդային առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի լուսանկարը: Դա առիթ է հանդիսանում զրույցի, որի արդյունքում պայմանավորվում են, որ Տիգրանը ռուսերեն կսովորեցնի այդ դասախոսին, իսկ վերջինս դրա փոխարեն Տիգրանին կսովորեցնի օգտվել համակարգչից: Այսպես դրվեց ՏՏ ոլորտում Տիգրանի գիտելիքների հիմքը: Հայաստանի անկախացումից հետո Տիգրանը որոշում է վերադառնալ հայրենիք` բերելով գիտելիքների ու հմտության այն հարուստ պաշարը, որ կուտակել էր որպես ՀԲԸՄ կրթաթոշակակիր: Ինչպես և խոստացել էր, վերադառնալուց հետո գործի է անցնում ՀԱՀ-ում` կատարելով ամենատարբեր աշխատանքներ` վարչականից մինչև հաշվապահություն: Այնուհետև տեղափոխվում է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակ` որպես Տեղեկատվության և ՏՏ ղեկավարման մասնագետ: Ավելի ուշ նախաձեռնում և ղեկավարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից մեկը` նախկին ԽՍՀՄ տարածքի առաջին հանրային ինտերնետ ընկերությունը` Ֆրինեթը: 1998-ին, իր տասնյակ հազարավոր օգտատերերով Ֆրինեթը դառնում է կարևոր գործոն և հիմք Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար: 2005-ին նա միանում է սփյուռքահայ մի սկսնակ բիզնես նախաձեռնության և ստեղծում մասնագետների իր թիմը: 2010-ին վիրտուալացման տեխնոլոգիաների առաջատար ընկերություններից մեկը` VMWare-ը գնում է այդ ընկերությունը: «Երբեք չեմ ցանկացել տեսնել Հայաստանը որպես օտար տերությունների և միջազգային ընկերությունների համար էժան աշխատուժ ապահովող պետություն: Իմ երկարաժամկետ պլաններից էր Հայաստանը դարձնել գիտության ու գերազանցության կենտրոն, ինչը կստիպեր օտար ընկերություններին մտնել Հայաստան լավագույն որակ ստանալու, այլ ոչ թե էժան աշխատուժի համար», - ասում է Տիգրանը: VMWare-ում էլ Տիգրանը մնում է հավատարիմ Հայաստանում ներդրումներ անելու մտքին` գիտակցելով, որ ՀԲԸՄ-ի շնորհիվ իր ստացած կրթությամբ կարող է զգալի փոփոխություններ բերել: Այսօր, VMWare-ը հստակ քայլերով առաջ է շարժվում և նպատակ ունի մինչև տարեվերջ իր 75 հոգանոց թիմն ընդլայնել ևս 100-ով: Անցյալ տարի Ֆորբս ամսագրի ամենանորարար ընկերությունների ցուցակում VMWare-ը գրավեց 3-րդ տեղը: 2013-ին, ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու իր մտադրության մասին: Տիգրանի ղեկավարությամբ VMWare-ը դեռ շատ անելիքներ ունի Հայաստանում:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԲԸՄ-Ն ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ, ԵՍ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: