ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ-ՈՒՄ

 

 

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բակալավրի կրթական աստիճան շնորհող նորաստեղծ ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջին անգամ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունն իր առաջին կուրսեցիների համար կազմակերպել էր նորամուտի հանդիսավոր արարողություն: ՀԱՀ բակալավրիատ են ընդունվել մոտ 300 ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Վրաստան, Կանադա: Առաջարկվող բոլոր ծրագրերը հաստատագրված են ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի կողմից: Սա նախկին Խորհրդային տարածքում առաջին ամերիկյան հավատարմագրված բակալավրի ծրագիրն է: Բակալավրի ամերիկյան կրթություն ՀԱՀ-ն առայժմ առաջարկում է երեք բաժիններում` գործարար կառավարում, անգլերեն լեզու և հաղորդակցություն և հաշվողական գիտություններ: Ինչպես նշեց համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը, ՀԱՀ բակալավրիատի առաջին կուրս ընդունված մոտ 300 ուսանողների մեծ մասը նախապատվությունը տվել է գործարար կառավարում բաժնին (170 ուսանող), այնուհետև անգլերեն և հաղորդակցություն բաժինն է մոտ 60 ուսանողով, իսկ հաշվողական գիտությունները երրորդն է մոտ 50 ուսանողով:

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

 

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը կարևորեցին աշխարհասփյուռ հայության և ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում:

ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում իրականաց-վող ամառային ծրագրերի հիմնական թիրախը սփյուռքահայ երիտասարդներն են: Միությունն ամառվա ամիսներին Հայաստանում իրականացնում է մի քանի ծրագրեր, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր մասնագիտության տեր երիտասարդների համար: Եվ քանի որ ամառն արդեն ավարտվում էր, ճիշտ ժամանակն էր ամփոփել արդյունքները: Հենց այս նպատակով էլ Երևանի Նոյյան Տապան մամուլի ակումբում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս մասնակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի ղեկավար Հայկ Արսենյանի (Նյու Յորք) և ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի (Ֆրանսիա): Բանախոսները ներկայացրին անցյալ 2 ամիսների ընթացքում Հայաստանում իրականացված ՀԲԸՄ ծրագրերը` «Անդրանիկ» սկաուտական ճամբարը, Երևանի ամառային փորձառության ծրագիրը, «Երաժշտական Հայաստան», «Բացահայտիր Հայաստանը» և ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խմբի «Հայաստան, կյանքի երկիր» ծրագրերը, ինչպես նաև ՀԲԸՄ դպրոցների սաների այցելությունները Հայաստան: Այս ծրագրերն ընդհանուր առմամբ անցյալ 2 ամիսներին Հայաստան են բերել ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդների:

«ԲԱՑԱՀԱՅՏԻ´Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ ՏՈՆԵՑ ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

 

 

Ուղիղ 10 տարի առաջ, 2003թ.-ի ամռանը, տեղի ունեցավ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի առաջին հավաքը: Անցյալ 10 տարիների ընթացքում այս ծրագրի միջոցով Հայաստանն իրենց համար բացահայտել են մոտ 300 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: Ծրագրի հոբելյանական 10-րդ շրջանն այս տարի Հայաստան էր բերել 28 երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Բայց ծրագրի առանցքային բաղադրիչները կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերն են ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: 

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ

 

 

 

Սփյուռքում հայ երաժշտության երիտասարդ դեսպանների թիվն ավելացավ ևս յոթով: Հուլիսի 15-ին մեկնարկեց ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի 2-րդ շրջանը: 7 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Կանադայից ժամանեցին հայրենիք` օգտվելու ՀԲԸՄ-ի ընձեռած այս բացառիկ հնարավորությունից. 3-շաբաթ անցկացնել Հայաստանում, հաճախել դասընթացների ու անհատական վարպետության դասերի, ներկա գտնվել բազում մշակութային միջոցառումների, իսկ ծրագրի ավարտին հանդես գալ նաև սեփական համերգային ծրագրով: «Երաժշտական Հայաստան»-ը մեկնարկեց 2012թ.` համալրելով ՀԲԸՄ երիտասարդական բազում ծրագրերի շարքը: Ամենամյա այս ծրագրին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի, երաժշտական որևէ գործիքի տիրապետող կամ վոկալային տվյալներով, տարրական երաժշտական կրթությամբ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերել հայրենիքում: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած են երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, տավիղ, թավջութակ, գալարափող, հարվածային գործիքներ, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Երեքշաբաթյա հագեցած ծրագիրը ներառում էր միասնական դասընթացներ ու անհատական վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, այդ թվում` Աննա Մայիլյանի, Թովմաս Պողոսյանի, Արմեն Թութունջյանի, Ալինա Փահլևանյանի, Գա-գիկ Գինոսյանի, Մհեր Նավոյանի, Բագրատ Վարդանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Արթուր Շահնազարյանի, Արուսյակ Սահակյանի, Արամ Հովհաննիսյանի և Հայկ Արսենյանի:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: