ՏԱՔ ՀԱԳՈՒՍՏ` ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

 

Շարունակվում են Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը: ՀՀ կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հ/կ-ի, ՀԲԸՄ-ի, Հայ Առաքելական Եկեղեցու և այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը հունվարին գումարվեց նաև տաք հագուստի տրամադրման ծրագիրը: Հաշվի առնելով այն, որ սիրիահայերից շատերն ուղղակի լքել ու հեռացել էին իրենց տներից, վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

 

Իր նախադեպը չունեցող ՀԲԸՄ Եվրոպայի և EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման միասնական պատվիրակությունը` բաղկացած 15 Եվրոպական երկրների 20 անդամներից, հավաքվեցին Ստամբուլում`հիշատակելու 1915թ-ի Հայոց Ցեղասպանությունը: Պատվիրակության անդամները հրավիրված էին DurDe! (Ո'չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը) թուրքական կազմակերպության կողմից, որն անցած չորս տարիների ընթացքում հիշատակում է Հայոց Ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին` խորհրդանշական ժամը 19:15-ին, մոտ 2 000 թուրքեր, հայեր և այլոք խաղաղորեն հավաքվեցին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում` վերապրելու սուգի, հիշատակի և համերաշխության զգայական մի պահ: Նույն օրը, ավելի վաղ, նրանք հավաքվել էին նախկին Սուլթանահմեդ բանտի (ներկայումս`թանգարանի) բակում, որտեղ 1915թ-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին, արհեստավարժներին և այլոց սկզբում բանտարկեցին` նախքան սպանելը: Ոստիկանությունը աչալրջորեն հետևում էր, մինչ ի նշան բողոքի հավաքված փոքրաթիվ բազմությունը մոտակայքում բարձրաձայն գոչում էր ազգայնամոլական բնույթի լոզունգներ:

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՆԱՅՔ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

 

21-րդ դարը կարելի է համարել տեխնոլոգիական դարաշրջան` հաշվի առնելով այն փաստը, որ մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտներում գերիշխում են համակարգչային և բարձր տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ աշխարհում զանգվածային համակարգչայնացման սկիզբը դրվել է դեռևս մեր դարաշրջանից մոտավորապես 200 տարի առաջ Բայրոնի դստեր` մաթեմատիկոս Ադա Լովելասի կողմից: Այս տարի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կանանց միջազգային օրը նշվել է ապրիլի 25-ին, որի նպատակն էր շատ աղջիկների և կանանց ներգրավել ՏՏ ոլորտ` ավելի մեծ հնարավորություն տալով Ադայի հետնորդներին կայանալ և խոստումնալից ապագա ունենալ այս բնագավառում: «Կանայք ՏՀՏ ոլորտում» միջազգային կոնֆերանսը նախաձեռնված էր «Կանայք և ՏՏ հասարակությունը» հ/կ-ի կողմից, որի հիմնադիրն է Նարինե Աբազյանը: Հայաստանում ՏՏ զարգացող ոլորտը կարող է փայլուն կարիերա խոստանալ շատ հայ երիտասարդ կանանց: Սա էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցած կոնֆերանսի կոչը և առաքելությունը: ՀԲԸ Միության Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) ներկայացված էր որպես հաջողակ և բացառապես նոր տեխնոլոգիաների վրա հիմնված կազմակերպություն:

ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՀ-Ն ԿԽԹԱՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ – Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) մեկնարկում են նոր համատեղ ծրագիր աշխուժացնելու աշխատանքային շուկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ՀԲԸՄ-ն և ՀԱՀ-ն այս մասին հայտարարեցին ապրիլի 3-ին, Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնյաներ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀԱՀ-ն այստեղ անցկացրեց բաց դռների օր` տեղի լայն հասարակությանը ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերը, այդ թվում բակալավրի, մագիստրոսի և հատուկ դասընթացների ծրագրերը: Ստեփանակերտ այցելության օրերին ՀԱՀ և ՀԲԸՄ պատվիրակություներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ կրթական համակարգի զարգացման ջատագովներից է: Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ է բերում Հայաստանի ամերիկյան համալսարանը Ղարաբաղ և վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք Ձեզ բոլոր հնարավոր ուղղություններով,- ասաց Նախագահ Սահակյանը:

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

 

 

 

Մարտի 25-ից ապրիլի 10-ը, Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, Լեռնային Ղարաբաղն ու Ջավախքը կրկին ապրեցին բուռն շախմատային անցուդարձով: 2-րդ փուլում հաղթած թիմերն այդ օրերին շարունակում էին պայքարը Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում: 7-17 տարեկան 5,000 աշակերտներ ավելի քան 1000 դպրոցներից մասնակցում են այս մրցաշարին, որը կազմակերպում են Շախմատի ակադեմիան, ՀՀ կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: ՀԲԸՄ ներկայացուցիչները` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի համակարգողներ Ինեսա Մարգարյանն ու Աննա Աղաջանյանը ներկա եղան բոլոր կիսաեզրափակիչ հանդիումներին` այցելելով մարզեր և Արցախ: Հատկապես հիշարժան էր այցելությունն Արմավիրի մարզ, որտեղ ՀԲԸՄ ներկայացուցիչներին միացավ նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Կազմակերպվեց արագ շախմատի փոքրիկ մրցաշար, որի ընթացքում Արմավիրի դպրոցականներն իրենց ուժերը փորձեցին օլիմպիական չեմպիոնի հետ: Սա աննկարագրելի ոգևորություն էր բոլոր ներկաների համար: Երևանյան հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Կիսաեզրափակչի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան մրցանակների` այդ թվում բջջային հեռախոսների, պրոյեկտորների ու գավաթների: ՀԲԸՄ-ի կողմից մրցանակներ ստացան նաև կիսաեզրափակչի չհաղթող մասնակիցները: 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կունենա առաջիկա մայիսին Ծաղկաձորում:Հաղթող թիմերն ու նրանց մարզիչները ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ կարժանանան մրցանակների: Արդեն 6 տարի շարունակ ՀԲԸՄ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: Մրցաշարն արդեն իսկ ճանապարհ է հարթել բազմաթիվ երիտասարդների համար դեպի պրոֆեսիոնալ շախմատ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: