ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 300 ՍԿԱՈՒՏՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

 

 

 

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական 6-րդ բանակումի մեկնարկը տրվեց հուլիսի 14-ին, Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում: Բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը: Սկաուտական բանակումի առաջին փուլին մասնակցում էին ՀԲԸՄ Բեյրութի, Թեհրանի, Թբիլիսիի և Բաթումիի խմբերը ներկայացնող 140 սկաուտներ: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: «Անդրանիկ» սկաուտական բանակումի առաջին փուլի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին: Արարողությանը մասնակցում էին ՀԲԸՄ ներկայացուցիչներ` Հայաստանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանից ժամանած բազմաթիվ հյուրեր: Կատարվեց դրոշի արարողությունն ու սկաուտական խմբերի տողանցքը, որին այս տարի հատուկ փայլ տվեց ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի նորաստեղծ փողային նվագախումբը: «Մեր թիվն ավելանում է տարեցտարի, բայց մեր ուժը միայն քանակի մեջ չէ, մենք ուժեղ ենք մեր հոգով ու մեր Միության պատմական անցալով ու պայծառ ապագայով: Այս երիտասարդներն են, որ կերտելու են այդ ապագան: Այն ինչ ավելի քան մեկ դար կերտել են մեր երախտավորները, այս երիտասարդները պետք է շարունակեն», - ասաց «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյան:

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ

 

 

 

 

Արդեն 7 տարի անընդմեջ անցկացվում է ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրը` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ երիտասարդներին իրականացնել ևս մեկ երազանք. այցելել Հայաստան ոչ թե սոսկ որպես զբոսաշրջիկ, այլ այցելել Հայաստան ապրելու և աշխատելու: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 29 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ ինիպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Grand Thornton ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, «Հետք» լրատվական գործակալությունը, Emporium ընկերությունը, «Ոսկե ծիրան» փառատոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, RepatArmenia ընկերությունը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակը և այլ առաջատար կազմակերպություններ:

20 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՈՎ

 

 

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու որակներով: Այսօր նրանցից շատ շատերը, թե Հայաստանում և թե արտերկրում, զբաղեցնում են բարձր պաշտոններ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր հատված: Ուրախալի և օրինակելի է այն, որ ՀԱՀ շրջանավարտները փորձում են մշտապես պահել կապը իրենց համալսարանի հետ և ամենատարբեր առիթներով օգտակար լինել հաստատության հետագա ծրագրերին ու զարգացմանը: Հուլիսի 12-ին, ավարտելուց 20 տարի անց, ՀԱՀ առաջին շրջանավարտները հավաքվեցին իրենց մայր ԲՈՒՀ-ում` նշելու այդ հոբելյանը: 20 տարի անց, արդեն հասուն, հաստատված և իրենց ասպարեզներում որոշակի դիրքի հասած այս անհատները որոշել էին, որ այս անգամ իրենց հերթն է աջակցելու տարիներ առաջ, մասնագիտական առաջին քայլերն անելիս, իրենց օգնած ու կրթած հաստատությանը: ՀԱՀ առաջին շրջանավարտների նպատակն էր ստեղծել մնայուն մի բան և այդ մնայունը հիմնադրամն էր: Տոնական միջոցառմանը եկել էին մասնակցելու գրեթե բոլորը` Երևանից, մարզերից, արտերկրից: Այս միջոցառմանը նախորդած մի քանի հանդիպումների արդյունքում որոշվել էր ստեղծել ՀԱՀ շրջանավարտների հիմնադրամ` համալսարանի կարիքավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Որոշվել էր հավաքել 20,000 ԱՄՆ դոլար, բայց արդյունքը գերազանցեց նախատեսվածը. հավաքվեց 24,000 ԱՄՆ դոլար, որի կտրոնն էլ տոնական հանդիսության ժամանակ շրջանավարտները հանձնեցին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանին:

ՀԲԸՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններին և այդ համալսարաններում ներգրավված ուսանողներին: Վերջին 10 տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) եղել և այժմ էլ մնում է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Հունիսի 21-ին, Երևանի «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ միանգամից երկու միջոցառում` ՀՖՀ «Շրջանավարտների տեղեկատու»-ի շնորհանդեսը:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

 

 

Հունիսի 2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական ավարտական հանդիսությունը` մասնակցությամբ պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: 124 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան` ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասցնելով 2448-ի: Ավարտական արարողության պաշտոնական մասը սկսվեց 2013-ի շրջանավարտների տոնական շքերթով և համալսարանի նախագահի, քոլեջների դեկանների և դասախոսակազմի հանդիսավոր մուտքով: Հնչեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորկրթական հաստատությունների վերատեսուչ, Գեվորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր օրհնությունը բերեց ներկաներին: Բացման խոսք ասացին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը և Պրովոստ Դենիս Լիվենսը: Ավարտական հանդեսի ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Շրջանավարտների անունից համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին 2013-ի շրջանավարտներ Տաթևիկ Խաչատրյանն ու Թամար Կաբասակալյանը: Այնուհետև, 124 երիտասարդ ու եռանդուն տղաներ և աղջիկներ իրենց համապատասխան բաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում հետևյալ բնագավառներում. գործարար կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերենը որպես երկրորդ լեզու, իրավագիտություն, ճարտարագիտություն, և համակարգչային և տեղեկատվական գիտություններ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: