ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ

Press Release

Գիտակցելով Մատենադարանի, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների պատրաստման անհրաժեշտությունը՝ 2014 թ.-ին ՀԲԸՄ-ն մեկնարկեց Մատենադարանի երիտասարդ գիտնականների կրթաթոշակների ծրագիրը: Այդ ծրագրի շնորհիվ նախորդ 8 տարիներին ավելի քան 50 երիտասարդ ասպիրանտներ ստացել են Միության տրամադրած կրթաթոշակները, որի շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել աշխատելու ու միևնույն ժամանակ շարունակելու իրենց ուսումը: Արվեստի պատմության և տեսության, աղբյուրագիտության, ձեռագրագիտության և այլ մասնագիտությունների գծով երիտասարդ հետազոտողներն աշխատում են Մատենադարանի թվայնացման, արվեստի պատմության և գրչության, ձեռագրերի ուսումնասիրության, միջազգային հարաբերությունների, արխիվային փաստաթղթերի պահպանման ու գիտական զարգացման բաժիններում:

ՀԲԸՄ ղեկավարությունը հանձնում է կրթաթոշակների հավաստագրերը

Մատենադարանի համար առաջնահերթ նկատվող այս ծրագրի 2020-2021 թթ. տարեշրջանի երիտասարդ ասպիրանտների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման միջոցառումը տեղի ունեցավ հինգշաբթի, փետրվարի 11-ին Մատենադարանի վիրտուալ դահլիջում, որի ընթացքում 8 երիտասարդ գիտաշխատողներ արժանացան ՀԲԸՄ կրթաթոշակների: Բացելով միջոցառումը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր Ղևոնդյանն անդրադարձավ Մատենադարանի ու ՀԲԸՄ-ի տասնամյակների համագործակցությանն ու ինստիտուտին ցուցաբերված կարևոր աջակցությանը տարբեր ծրագրերի միջոցով: Տեր Ղևոնդյանն ասաց. «ՀԲԸՄ ծրագրերի շրջանակում կրթաթոշակներ է հատկացվում Մատենադարանի ասպիրատներին, որը հնարավորություն է ընձեռում լավագույն պայմաններում աշխատելու և միաժամանակ իրենց ուսումը շարունակելու՝ չկտրվելով հետազոտական աշխատանքներից, գիտական այն միջավայրից, որն ապահովում են Մատենադարանն ու նրա գիտական աշխատակազմը»: 

2021-2022թթ․ՀԲԸՄ կրթաթոշակառուները

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչներ Հովիկ Եորդեկյանն ու Լենա Բաղդասարյանն անդրադարձան ընդհանրապես հայագիտության զարգացման, մասնավորապես երիտասարդ գիտնականների քաջալերման ու խրախուսման տեսակետից այս ծրագրի առանձնահատուկ նշանակությանը ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերի շրջանակում, որը մեծապես նպաստում է, որ գիտությունը գրավիչ դառնա երիտասարդների համար: Երախտագիտություն հայտնելով ՀԲԸՄ-ին, երիտասարդ գիտաշխատողներից կրթաթոշակառու  Մոնթե Մաթևոսյանն ասաց. «Ցանկանում եմ իմ և ասպիրանտ ընկերներիս անունից շնորհակալություն հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։ Կրթաթոշակների տրամադրումը կարևոր խթան է գիտության զարգացման համար։ Այս համագործակցությունն ավելի է արժևորվում ՀՀ-ում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում։ Ւ վերջո գիտությունն է, որ պետք է հանդիսանա մեր երկրի զարգացման գլխավոր հենասյուներից մեկը»։ Կրթաթոշակների ծրագրի կարևորության մասին խոսեցին նաև ասպիրանտների գիտական ղեկավար Հայկազ Հովհաննիսյանն ու Մատենադանի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Վարդի Քեշիշյանը, որոնք շեշտեցին, որ ՀԲԸՄ-ն Մատենադարանի ամենահավատարիմ գործընկերների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի, որի օժանդակությամբ երկար տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ գիտական, կրթական ու մշակութային ծրագրեր ու մանավանդ կրթաթոշակների շնորհիվ իրականացվել են գիտական աշխատանքներ: