ՀԲԸՄ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ

Օգտվելով բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունում իր զբաղեցրած յուրահատուկ դիրքից՝ ՏՏ ոլորտի մասնագետների և տրանսֆորմացիոն ձեռներեցների հանրույթի հետ միասին ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը հող նախապատրաստեց սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած 20 հոգանոց պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ առաջին պաշտոնական այցի համար:

Հայաստանի ղեկավարությունը գիտության և նորարարության համաշխարհային կենտրոնի էր ժամանել վեց միջոցառումից բաղկացած մեկօրյա այցի ընթացքում բազմաթիվ նպատակների հասնելու հատուկ առաքելությամբ, այն է՝ ՏՏ ոլորտում Հայաստանի տպավորիչ հաջողությունները ներկայացնել արդյունաբերության ուժային վերնախավին, ծանոթանալ առաջիկա տասնամյակում բարձր տեխնոլոգիաների ոլորտի միտումներին, հարաբերություններ հաստատել ոլորտում սփյուռքի ՏՏ մասնագետների հետ և ստորագրել երկու փոխըմբռնման հուշագիր, որոնք նախատեսված են կրթության, վերապատրաստումների և Սիլիկոնյան հովտի համայնքի հետ անմիջական շփման հնարավորությունների միջոցով ՏՏ ոլորտի հայաստանցի տաղանդներին աջակցելու համար:

Այսօր տեխնոլոգիաների բնագավառի ավելի քան մեկ տասնյակ հաջողված ընկերություններ, որոնք ստեղծվել և կայացել են Հայաստանում, ներկայացված են Սիլիկոնյան հովտում. հետզհետե տարածվող մի երևույթ, որում ինչ-որ չափով դերակատարություն են ունեցել ՏՏ ոլորտում Հայաստանի կարողությունները բարելավելու գործում ՀԲԸՄ-ի կողմից գործադրված ջանքերը: Վաղ իննսունականներին, երբ ՀԲԸՄ-ն առաջին անգամ քայլեր կատարեց ապագայի արդյունաբերությունում, Հայաստանում գոյություն ունեին տեխնոլոգիական սակավաթիվ կազմակերպություններ, մինչդեռ երկրում այսօր գործում է 800-ից ավելի ստարտափ ձեռնարկություն: Եվ սա՝ ի լրումն որոշ, առավել կայացած ձեռնարկությունների, որոնցից մի քանիսը գնվել են աշխարհահռչակ միջազգային ընկերությունների կողմից:

Օր՝ նվիրված քննարկումներին, բացահայտումներին և փոխադարձ մտադրություններին

Օրվա մեծ մասի ընթացքում Փաշինյանը և իր թիմը միմյանց հաջորդող մի շարք կարևոր հանդիպումներ ունեցան. դռնփակ հանդիպումներից մինչև ակտիվ երկխոսություններ, արտադրանքի ցուցադրություն, ուսուցողական շրջագայություններ և բիզնես-պրեզենտացիաներ: Օրակարգը ամբողջությամբ կազմել էր ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը՝ ղեկավար դոկտոր Երվանդ Զորյանի գլխավորությամբ: Սիլիկոնյան հովտում կարևոր դերակատարություն ունեցող դոկտոր Զորյանը ոչ միայն Synopsys ընկերության գլխավոր ճարտարապետն է, այլև նախագահում է Synopsys Armenia ընկերությունը, որը 35 երկրներում մայր ձեռնարկության հետազոտությունների և զարգացման ցանցի՝ մեծությամբ երկրորդ ընկերությունն է և Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերությունը: Նա նաև Հայկական վիրտուալ համալսարանի (AVC) հիմնադիրն է. ՀԲԸՄ ձեռագիրը կրող մի հաստատություն, որը հեղափոխություն է կատարում աշխարհում հայկական կրթության բնագավառում՝ միաժամանակ պատրաստ լինելով իր յուրօրինակ հարթակը հարմարեցնել Հայաստանի ավագ դպրոցներում և համալսարաններում մատուցվող կրթությունը բարելավելու գործին: Դոկտոր Զորյանը Դոկտոր այժմ նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ է:

Համաձայնագրի ստորագրում վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփըրի հետ

Պաշտոնական ուղևորությունը սկսվեց վենչուրային կապիտալ ներդրումների ոլորտի հսկա, Draper Fisher Jurvetson (DFJ) ընկերության, Դրեյփըրի համալսարանի, Draper Venture Network և Draper Associates ֆիրմաների հիմնադիր Թիմ Դրեյփըրի հրավերով տեղի ունեցած հանդիպումով: Պրն. Փաշինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և պատվիրակության մի շարք անդամներ մասնակցեցին քննարկումների, որոնց արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում Դրեյփըրի համալսարանի մասնաճյուղ բացելու մասին: Հիմնադրվելուն պես այն Սիլիկոնային հովտի ամենաբարձրակարգ վերապատրաստման ծրագրերը հասու կդարձնի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռներեց մասնագետների գալիք սերնդի համար:

Շրջագայություն Համակարգչային պատմության թանգարանում և Apple Park-ում

Մասնավոր զրույցների ընթացքում պատվիրակության մյուս անդամները, այդ թվում՝ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հատուկ շրջագայություն կատարեցին մերձակայքում գտնվող Համակարգչային պատմության թանգարանում և Apple Park-ում: Այցելուներին հյուրընկալեցին թանգարանի ղեկավարները՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի անդամների և Հյուսիսային Կալիֆոռնիայի ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների հետ միասին:

Ցուցադրություն և հանդիպում Nvidia կորպորացիայի ղեկավարության հետ

Փաշինյանի հաջորդ կանգառը գրաֆիկական պրոցեսորային բլոկները (GPU) հայտնագործած Nvidia կորպորացիայի գլխամասային գրասենյակն էր. այս կորպորացիան արտադրում է պրոցեսորային բլոկներ խաղային և պրոֆեսիոնալ շուկաների համար, ինչպես նաև չիպային բլոկների համակարգ (SoCs)՝ նախատեսված շարժական համակարգիչների և ավտոմոբիլների արտադրության ճյուղերի համար: Հայկական պատվիրակությունը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեց արհեստական բանականության ասպարեզում Nvidia-ի կարողություններին, հիացմունքով հետևեց իրական ժամանակում մեքենայացված ուսուցման վիրտուալ սիմուլյացիայի ցուցադրությանը, որը նախորդեց Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ առանձնազրույցին: Օգտվելով առիթից՝ պրն. Փաշինյանը անձամբ հրավիրեց նրան այցելել Հայաստան՝ երկիրը որպես արհեստական ինտելեկտի բնագավառում հետազոտությունների և զարգացման համար բարենպաստ և գրավիչ վայր ներկայացնելու նկատառումով:

Զրույցի շարունակությունը Synopsys-ի համալիրում

Այցի միջնամասում պատվիրակությունը ճանապարհվեց դեպի Synopsys Inc. ընկերության գլխամասային համալիր՝ վերջին երեք հանդիպումների համար: Առաջինը հանդիպումն էր Synopsys ընկերության գործադիր կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեններից Չի-Ֆուն Չանի գլխավորությամբ, որի ընթացքում պատվիրակությունն ուսումնասիրեց բազմաթիվ նորարարություններ, որ կիսահաղորդչային ոլորտի այս հսկան ներդրել է արդյունաբերության այս ճյուղում, ինչպես նաև քննարկվեցին վերջին զարգացումները Synopsys-ում՝ ընդհանուր առմամբ, և Synopsys Armenia-ում՝ մասնավորապես, այդ թվում՝ վերջինիս ընդլայնման ծրագրերը: Այնուհետ զրույցը շարունակվեց համալիրի մեկ այլ շենքում, որտեղ պրն. Փաշինյանը հանդիպեց բարձր տեխնոլոգիական ոլորտի տասնյակից ավելի տնօրենների, ներդրողների և գիտական հաստատությունների ղեկավարների հետ, որոնք հետաքրքրված էին Հայաստանի ՏՏ ոլորտի հետ առաջին անգամ հարաբերություն հաստատելու հարցում:

«Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիան գերակա ճյուղ է հռչակել, ուստի, մենք գերակայություն ենք տալիս տեխնոլոգիական այնպիսի հսկա ընկերությունների հետ գործընկերությանը, ինչպիսին Synopsys-ն է, ասաց Վարչապետ Փաշինյանը»: «Մենք շահագրգռված ենք բարձր տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ներգրավմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ և մասնագետների վերապատրաստմամբ: Պատրաստ ենք խթանելու այս գործընթացը՝ տեխնոլոգիական ստարտափների և ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը ծառայող մեր կառավարության գործիքակազմի օգնությամբ: Մեր կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը և տեսակետներ փոխանակել Սիլիկոնային հովտի հետ հետագա համատեղ գործունեության վերաբերյալ»:

Շրջագայության գագաթնակետը Armenia Tech Forum խորհրդաժողովովն էր՝ դոկտոր Զորյանի, Վարչապետ Փաշինյանի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանի նախագահությամբ: 140 ներկայացուցիչներ, հիմնականում՝ տեխնոլոգիական հանրույթի հայազգի երիտասարդ մասնագետներ, Վարչապետի հետ բաց երկխոսելու հնարավորություն ստացան: Արծարծվող հարցերը տարբեր էին. տեխնոլոգիական արդյունաբերության խնդիրներից մինչև կրթության ապագան և կրթության խորը ներգործությունը հետազոտության և զարգացման գործում, հետհեղափոխական քաղաքականությունը և ստարտափերի համար Հայաստանի տնտեսական և բիզնես միջավայրի նպաստավորությունը:

Վիրտուալ կամրջի գաղափարի հռչակում

Համաժողովի ժամանակ նախարար Արշակյանը հայտարարեց, որ վերջնական տեսքի է բերվել նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի միջև հուշագիրը, որում առանձին բաժին նվիրված կլինի Հայաստանից տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների այցերով զբաղվող հատուկ ծրագիր, որը կլուծի ժամանակավոր կեցության հարցեր՝ վենչուրային կապիտալի, գործընկերության և տեղի կիբեր-էլիտայի հետ համագործակցության այլ հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Իրագործվելուն պես Վիրտուալ կամուրջ ծրագիրը կխթանի ԱՄՆ-ում փորձի ձեռքբերման հնարավորությունները՝ առաջարկելով ժամանակավոր կեցություն գրասենյակային տարածքում և հոգալով կազմակերպչական մյուս ծախսերը:

«Վիրտուալ կամուրջը առաջին և խոշորագույն ծրագիրն է, որը անմիջականորեն կիրականացվի Սփյուռքի հետ», - նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա այցելել Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու կատարելագործման ծրագրերի և հանդիպելու վենչուրային կապիտալիստների»:

Վիրտուալ կամուրջը տպավորիչ հիշեցում է այն մասին, թե Հայաստանի ՏՏ ոլորտը որքան է զարգացել անկախության վաղ օրերի համեմատ, երբ ՀԲԸՄ-ն առաջին քայլերը կատարեց տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում՝ վաղ իննսունականներին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ներդնելով համակարգչային գիտության ասպարեզում վերապատրաստման արդիական դասընթաց:

Այս բեղուն նախաձեռնությունները օգնեցին հող նախապատրաստել զարգացման հաջորդ փուլի համար՝ Հայաստանում ներդնելով Սիլիկոնյան հովտի հետազոտական և զարգացման ստարտափերը, որոնք հաճախ խթանվում էին տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի՝ լավ կապեր ունեցող սփյուռքահայ առաջնորդների կողմից: Այդ ժամանակահատվածին հաջորդեց գնումների ժամանակաշրջանը, երբ այդ ստարտափերից մի քանիսը գնվեցին տարբեր միջազգային կորպորացիաների կողմից: Այս բոլոր զարգացումների արդյունքում մտածվեց «Ստարտափ Հայաստան» տերմինը, որը տալիս է ազգի դիպուկ նկարագիրը՝ 21-րդ դարի համատեքստում:

Ստարտափների սաղմնային վիճակից մինչև բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գերազանցություն տանող ճանապարհին նշանակալի է ՏՏ ոլորտում ՀԲԸՄ-ի երկարատև հանձնառությունը, և այդ վերելքն է նաև պատճառը, որ Հայաստանի կառավարությունը որոշել է իր միջոցների մեծ մասը ներդնել տեխնոլոգիայի բնագավառում՝ որպես տնտեսության առաջնային շարժիչ ուժ՝ գյուղատնտեսությունից և զբոսաշրջությունից առավել: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը քանիցս հայտարարել է, որ հայկական սփյուռքը կենսական դերակատարություն ունի ապագայի տեխնոլոգիաների կատարելագործման ոլորտում Հայաստանի մրցունակությունը ապահովելու և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում սեփական հետքը թողնելու գործում:

Արտահայտելով ՀԲԸՄ-ի հանձնառությունը Հայաստանի ՏՏ ոլորտում, դոկտոր Զորյանն ասաց. «Տասնամյակներ շարունակ ՀԲԸՄ-ի Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը, նորարարությունների այս կենտրոնի հետ իր խորը կապերի շնորհիվ, կատարյալ դիրք է զբաղեցնում Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցելու առումով: Վարչապետի այս այցի կազմակերպումը մեկ այլ քայլ է առաջ՝ Սիլիկոնյան հովտի և Հայաստանի ՏՏ ոլորտի միջև փոխներգործուն կապն ամրապնդելու ուղղությամբ, հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունն այն հայտարարեց գերակա ճյուղ»:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ ՀԲԸՄ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: