ՀԲԸՄ-Ն ՔԱՌԱՊԱՏԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԸ՝ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ:

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության շուրջ բանակցությունները և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, նշեց. «Մարդկանց համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու հետ մեկտեղ, ուժեղ տնտեսությունը նշանակում է նաև առավել զորեղ զինված ուժեր և, ի վերջո, ավելի ապահով հայրենիք»:

Հիմնվելով պատերազմից բզկտված ու շրջափակման մեջ գտնվող երկրում տասնամյակներ շարունակ մարդասիրական և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին իր ցուցաբերած աջակցության վրա՝ «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամը պաշտոնապես հիմնվել է 2018թ.՝ որպես հովանի կազմակերպություն, որը լավագույնս արտացոլում է ծրագրերի փոխկապակցվածությունը՝ հանուն ազգային վերածննդի. սկսած 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ շտապ բուժօգնության տրամադրումից մինչև նորարարների գալիք սերնդի կրթում Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցության միջոցով, արժանավոր ուսանողներին համալսարանական կրթաթոշակների տրամադրում, աջակցություն զինված ուժերի սպաների կրթությանը և՛ մարտական, և՛ ոչ մարտական ծառայության պայմաններում: Մշակութային ասպարեզում Հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախի կամերային նվագախմբին, որը Հիմնադրամի օգնությամբ ստեղծվել է 2004թ.: Այդ ժամանակից ի վեր նվագախումբը շրջագայել է աշխարհով մեկ՝ իր համաշխարհային հաջողության շնորհիվ ուղի հարթելով Արցախի նոր երաժշտական դպրոցի համար: Հիմնադրամը 2018-ին հավելել է երկու նոր գյուղատնտեսական նախաձեռնություն՝ ՀԲԸՄ «Հուսո դաշտերը» և ՀԲԸՄ «Ձիթենու այգիները»: Երկուսն էլ նախատեսված են գյուղատնտեսներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին հզորացնելու համար, որպեսզի նրանք Արցախը վերածեն արտադրության ոլորտի «առատության եղջյուրի», ընդ որում, ոչ միայն բնակչությանը տեղում պահելու, այլև տարածաշրջանային առևտրի հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Հիմնադրամի ջանքերը բազմապատկելու մասին հայտարարելու հետ մեկտեղ, ՀԲԸՄ-ն ներդրել է երկու նոր հավակնոտ ծրագիր՝ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը և ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը, որոնք նպատակ ունեն խթանելու տնտեսական գործունեությունը և նվազեցնելու աղքատությունը: ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որը օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ծրագիրը նաև նպատակ ունի վերապատրաստումների միջոցով զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար օգնել առավել նպաստավոր միջավայր ձևավորել:

Ընտրված ձեռներեցները կներգրավվեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում կազմակերպվող Բիզնեսի կառավարման դասընթացում: Ավարտելուն պես նրանք հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի՝ փոքր դրամաշնորհներ ստանալու և տարբեր բնագավառների փորձագետների մեկամյա օժանդակությունից օգտվելու նպատակով: Շահառուների մեկ այլ խումբ կանցնի անգլերենի վերապատրաստում, իսկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում առաջարկվող բազմաթիվ դասընթացներից առնվազն 5 դասընթաց ավարտողներին կշնորհվի Զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթի վկայագիր: ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը հանձնառու է ամրապնդել նաև մասնագիտական զարգացման դասընթացների և հայաստանյան գործընկերների հետ փոխադարձ այցերի միջոցով պետական հատվածի ծառայողների կարողությունները: Ծրագիրը կօգնի Արցախի կառավարությանը՝ մշակել գործողությունների ծրագրեր և լրացնել քաղաքականությունում առկա բացերը, ինչպես նաև բարելավել բիզնես-միջավայրը փոքր և միջին ձեռնարկությունների համար:

ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ կատարելագործելու համար Ստեփանակերտում և մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտությունները և օգնելու, որպեսզի նրանք հաջողեն բիզնես աշխարհում: Ծրագիրը մաս է կազմում ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի, որը մեկնարկել է 2017 թվականին Հայաստանում՝ օգնելու Հայաստանում կանանց իրավունքներն առաջ մղելու և նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործին: «Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արտահանման խթանումը տնտեսական զարգացման բանալին են: Այդ է պատճառը, որ մենք միանում ենք Արցախի կին ձեռներեցներին աջակցելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությանը՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական և ձեռնարկատիրական գիտելիքները և առավել ակտիվորեն ներգրավվել երկրի տնտեսության զարգացման գործում», - նշեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի խորհրդի և Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա-Էռնեկյանը:

Հոդվածը ռուսերենով ընթերցելու համար սեղմե՛ք այստեղ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2019 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՔԱՌԱՊԱՏԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԸ՝ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: