ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

 

 

 

ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը, Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ընդլայնում է ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագիծը՝ հունիսից այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: 

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից․

● Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Դասընթացը կօգնի մասնակիցներին ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես մոդել, որն անհրաժեշտ է բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար:
● Դրամաշնորհներ
Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ ստանալու համար: Երեք լավագույն ծրագրերը կընտրվեն հիմք ընդունելով մի շարք չափանիշներ, այդ թվում՝ բիզնես գաղափարի իրագործելիության և զարգացման հեռանկարները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։
● Ուղղորդման փուլ
Դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։

Դասընթացին կարող են դիմել այն կանայք, ովքեր.
● բնակվում են Արցախի Հանրապետությունում,
● ունեն բիզնես գաղափար(ներ) կամ արդեն իսկ սկսել են իրենց սեփական բիզնեսը (մինչև 18 ամիս) հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, արվեստ և ձեռագործ աշխատանք, կրթություն, սննդի և թեթև արդյունաբերություն, նորաձևություն, տեխնոլոգիա/նորարարություն, 
● պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել Ստեփանակերտում իրականացվող վերապատրաստման ամբողջական դասընթացին,
● պատրաստ են մասնակցել մեկ տարի տևողությամբ Ուղղորդման փուլին,
● պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
● պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։

Դիմելու ընթացակարգը.
1. Լրացրեք դիմում-հայտը՝ սեղմելով այստեղ  
2. Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ 2019թ. մայիսի 19-ը, ժամը 18:00
3. Հավակնորդների նախնական ընտրությունը կկատարվի հիմնվելով որակավորման, լրացրած հայտի և բիզնես գաղափարի վրա
4. Ընթացք կտրվի միայն լիարժեք լրացված հայտերին
5. Առերես կամ Skype հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած հավակնորդները
6. Դասընթացի լեզուն հայերենն է
7. ՀԲԸՄ Հայաստանը կհոգա Արցախի Հանրապետության շրջաններից (բացի Ստեփանակերտից) մասնակիցների ճանապարհածախսը և ճաշի ընդմիջումը

Տեղեկատվություն դասընթացի մասին և ժամանակացույց.

Ծրագրին դիմելու վերջնաժամկետ Մայիսի 19-ը, ժամը 18:00
Մասնակիցների ընտրության առաջին փուլ Մայիսի  20 – 23
Մասնակիցների ընտրության երկրորդ փուլ Մայիսի  24 – 29
Ընտրված մասնակիցների տեղեկացում Մայիսի 30
Դասընթացի տևողությունը Հունիսի 01 – հուլիսի 13

Որտեղ և երբ. 

Դասընթացը տեղի կունենա ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 6 փ. (N 3 դպրոցում) յուրաքանչյուր շաբաթ օր՝ 10:00-17:00: Դասացուցակը կտրամադրվի դասընթացի մեկնարկի օրը:

Հետադարձ կապ՝   Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript  | +374 60 722 234