ՀԲԸՄ-Ն ՓԱՐԻԶՈՒՄ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ 90-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Փետրվարի 9-ին ողջ աշխարհից Փարիզ ժամանեցին հայեր՝ մասնակցելու ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր վեհաժողովին, որը տեղի ունեցավ Les Jardins de Saint Dominique սրահում: Ընդհանուր վեհաժողովը գումարվում է երկամյա պարբերականությամբ՝ քննարկելու Միության ընթացիկ գործունեությունը: Միջոցառումը միավորում է ՀԲԸՄ անդամներին՝ հայկական աշխարհի առջև ծառացած արդի իրողությունները քննարկելու, ՀԲԸՄ նվաճումները նշանավորելու և առաջիկա տարիներին որդեգրելիք սկզբունքներն ուղենշելու նպատակով: Հանդիսանալով ինստիտուցիոնալ ավանդույթ՝ Ընդհանուր վեհաժողովը ավելի քան մեկ դար շարունակ ծառայում է կազմակերպության ուղերձն ամրապնդելու, նոր անդամակցություններ խրախուսելու և ձեռնարկված առաջնորդությունը նշանավորելու գործին: Հայ արդի պատմության վերջին զարգացումներն հաշվի առնելով՝ Վեհաժողովը ուշադրության առավ այն, թե ՀԲԸՄ համայնքների ներուժի գնահատումը, հզորացումն ու խթանումը ինչ կենսական նշանակություն ունեն կայուն քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացման գործում՝ ինչպես Հայաստանում, այպես էլ ողջ աշխարհում:

«Մեր գործունեությունը պետք է միշտ բովանդակալից լինի, և մենք պետք է ծառայենք որպես հայկական շահերի առաջամարտիկներ և շարունակական զարգացում ապրենք», - ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Մենք բոլոր ժամանակներում պետք է ինքներս մեզ հարց տանք՝ բարձրաձայնո՞ւմ ենք արդյոք սերունդների արդի մտահոգությունները, անդրադառնո՞ւմ ենք արդյոք գլոբալ խնդիրներին, և, ամենից առաջ՝ կարո՞ղ ենք արդյոք որպես միասնական ժողովուրդ բազմապատկել մեր ձայնը՝ ապացուցելով, որ, լինելով փոքր պետություն, գլոբալ ազգ ենք»: Աշխարհի հայերին հասանելի լինելը և ՀԲԸՄ-ի հետ նրանց շփումն ապահովելը նշանակում է ճանաչել հայերին՝ նրանց բազմաթիվ ինքնություններով հանդերձ: Միջոցառմանը մասնակցելու համար Փարիզ ժամանած անդամների բազմազանությունը այս տարի պայմանավորված էր հայ ինքնության, և, դրանով իսկ, ՀԲԸՄ-ի պաշտոնական անդամակցությունը գնահատելու գլխավոր սկզբունքների փոփոխվող բովանդակությամբ: «Այդ է պատճառը, որ մեր Ընդհամուր վեհաժողովը քիչ առաջ հաստատեց մեր կանոնադրության փոփոխությունը. այն է ողջունել բոլոր նրանց անդամակցությունը, ովքեր հավատում են մեր կազմակերպության դավանած արժեքներին», - հայտարարեց նախագահ Պերճ Սեդրակյանը, - «Եվ այժմ մենք պետք է գտնենք բոլոր այս հայերին հասանելի լինելու եղանակները»: Բազմազանության մեջ միասնականությունը տեսնելու ոգին և ողջ աշխարհի համայնքներին համախմբելու ՀԲԸՄ-ի կարողության գնահատումը բուն հանդիպման և հանգստյան օրերին կազմակերպված միջոցառումների հիմնարար թեմաներն էին:

Ընդհանուր վեհաժողովի ժամանակ ընտրվեց Կենտրոնական վարչության չորս նոր անդամ. Հայկ Արիյանը՝ Նյու Յորքից, Նադյա Գործունյանը՝ Ֆրանսիայից, Վարդգես Քնաջյանը՝ Բելգիայից, և Արի Լիբարիկյանը՝ Նյու Յորքից:

Հայկ Արիյանը Alex Brown ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է և Raymond James Global Wealth Solutions ընկերության ղեկավարը: Նախկինում նա աշխատել է Dean Witter Reynolds ընկերությունում, որտեղ էլ սկսել է իր կարիերան ֆինանսական ծառայությունների ասպարեզում: Արիյանը Հայկական եկեղեցական թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ է և հանդես է եկել որպես Հայ եկեղեցու նվիրատուների հիմնադրամի ներդրումային հանձնաժողովի նախագահ: Նա նաև Սուրբ Ներսես վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, և ներկայացված է Դադուրյան հիմնադրամի խորհրդում:

Նադյա Գործունյանը 28 տարի գործունեություն է ծավալել Ֆրանսիայի դեղագործական արդյունաբերությունում՝ Merck & Co. ընկերությունում, իսկ վերջին 15 տարին զբաղեցրել է Merck-ի առաջնային խնամքի արտադրանքի հարցերով բիզնես-բաժնի ղեկավարի պաշտոնը: 2015թ. հոկտեմբերին նշանակվելով ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի, իսկ 2016 թվականին՝ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ, նա գլխավորել է տարածաշրջանային ռազմավարական նպատակների ձևակերպման գործընթացը: Երկար ժամանակ լինելով Ֆրանսիայի հայ համայնքի անդամ, նա հանդիսանում է CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի) գանձապետը և գլխավոր քարտուղարը. նա նաև Լիոնի Բուլուկյան հիմնադրամի խորհրդի անդամ է: Վարդգես Քնաջյանը Backes & Strauss ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է: 1992-2005թթ հանդիսանալով ՀԲԸՄ Բելգիայի գրասենյակի նախագահը՝ նա 1993-ից սերտորեն կապված է նաև Հայաստանի հետ. այն պահից ի վեր, երբ նոր էր սկսել աշխատել «Շողակն» ադամանդի գործարանի հետ: Քնաջյանը Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի համահիմնադիր է, և հիմնել է Հայ ոսկերիչների հիմնադրամը՝ հայ ոսկերիչների, ոսկու և թանկարժեք քարերի վաճառականների պատմությունը հետազոտելու համար միջոցներ հայթայթելու նպատակով: Նա Հայաստանի Նոր Գեղի համայնքում գործող «Լորի» ադամանդի գործարանի գործընկերն է:

Արի Լիբարիկյանը Նյու Յորքի McKinsey & Company ընկերության գլխավոր գործընկերն է և ղեկավարում է Digital McKinsey Northeast բաժանմունքը, որի գործունեությունը նպատակ ունի օգնել ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդներին՝ թվային ռազմավարություններ մշակելու և իրականացնելու, գործառնական համակարգերի և տեխնոլոգիաների օգնությամբ բիզնեսի արժեքն ավելացնելու գործում: Մինչ McKinsey-ին միանալը, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Nortel Networks և Bell Labs ընկերություններում՝ աշխատելով հաջորդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մշակման և փորձարկման ասպարեզում: Ներկայումս ծառայում է նյույորքյան Children’s Aid Society կազմակերպության խորհրդում: Փոփոխություն կատարվեց նաև ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի կազմում. ականավոր բարերար և գործարար Վաչե Մանուկյանն հայտարարվեց որպես խորհրդի նախագահ: Նա այդ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի, Էրիկ Իսրայելյանի, Սեմ Սիմոնյանի, Սինան Սինանյանի և ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ միասին: Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ Սարգիս Դեմիրճյանը, Լուիզ Մանուկյան-Սիմոնը, Ռիչարդ Մանուկյանը, Նազար Նազարյանը և Գառնիկ Յակուբյանը դարձան էմերիտուս (պատվավոր) հոգաբարձուներ:

Վեհաժողովի ժամանակ ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը արժանացավ «Պողոս Նուբար» մրցանակի, բարձրագույն պարգև, որ ՀԲԸՄ-ն շնորհում է համայնքի այն անդամներին, ովքեր օգնում են մյուսներին և անդադար աշխատում ի նպաստ հասարակության: Նախկինում իրավաբանից մինչև նախարար, պատգամավորից մինչև քաղաքապետ, իսկ այժմ՝ Hauts de Seine General Council-ի նախագահ Դևեջյանը ճանաչում է ձեռք բերել փաստաբանի իր փայլուն կարիերայի շնորհիվ՝ հանրային ծառայության 35 տարիների ընթացքում՝ անխոնջ առաջ մղելով մարդու իրավունքները: «Ցեղասպանությունն անձամբ վերապրած հայ հորից սերող Պատրիկը տպավորիչ կարիերա է ձևավորել պետական բազմամյա ծառայության ընթացքում, սակայն երբեք հետ չի կանգնել ձայնազուրկներին պաշտպանելու իր առաքելությունից», - իր խոսքն սկսեց ՀԲԸՄ նախագահ Սեդրակյանը, - «Նրա գործունեությունը հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի թողած ժառանգությանը, ինչպես նաև վերապրածների և Հայոց հարցի առաջամարտիկների կորովին»: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարադատության հասնելու նրա անսասան վճռականությունը 2016 թվականին հանգեցրել է հոլոքոսթի մասին Ֆրանսիայի գործող օրենքի ընդլայնմանը՝ քրեականացնելով ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ ստրկացում որակված բոլոր իրադարձությունների ժխտումը կամ նսեմացումը: Իր քարոզչական ջանքերի համար հռչակվելով որպես համաշխարհային հայ քաղաքացու օրինակ, Դևեջյանը պատվի արժանացավ հանրային ծառայության ոլորտում հայ առաջնորդներին աջակցելու և ուղի հարթելու համար:

Համայնքի պատվարժան առաջնորդները ևս բարձր պարգևների արժանացան Ընդհանուր վեհաժողովի ժամանակ: Թամար Խաբայանը՝ Սիրիայից, Մոնիկա Նալբանդյանը՝ Բրազիլիայից, Մարալ Չորբաջյանը՝ Ավստրալիայից և Հերմինե Դուզյանը՝ Ֆրանսիայից, ղեկավարության կողմից գնահատանքի արժանացան ՀԲԸՄ ոգուն ծառայելու և այն պահպանելու գործում ներդրած մեծ ավանդի համար: Մեծարվեց Թամար Խաբայանը Սիրիայի Կենտրոնական հանձնաժողովի և Կրթական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչպես նաև Առողջապահության հանձնաժողովում, «Հայացք» պարբերականի խմբագրական խորհրդում և Սիրիայի արտակարգ օգնության մարմնում իր ծառայության և անմնացորդ նվիրումի համար: ՀԲԸՄ Բրազիլիայի մասնաճյուղի «armeniapedia» և հայկական բարեգործական ճաշարանների կազմակերպչական հարցերով առաջատար Մոնիկա Նալբանդյանը մեծարվեց երկարամյա օրինակելի ծառայության համար: Լինելով ՀԲԸՄ Մելբուրնի գրասենյակի ղեկավարը 2003թ-ից ի վեր՝ Մարալ Չորբաջյանը պարգևատրվեց իր քաղաքում ՀԲԸՄ-ի ներկայացվածությունն ապահովելու և կապեր ձևավորելու, ինչպես նաև դրամական միջոցներ հայթայթելու և նոր նստավայր կառուցելու գործին իր համայնքի անդամներին ներգրավելու հարցում կարևորագույն դերակատարություն ունենալու համար: Ծառայության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում և Եվրոպայում ՀԲԸՄ սփյուռքի երիտասարդական ծրագրերի գլխավոր համակարգող Հերմինե Դուզյանը մեծարվեց երիտասարդությանը ներգրավելու և նոր սերունդներին սեփական ինքնությանը առերեսելու գործում ներդրած անսահման ջանքերի համար:

Հայկական աշխարհի համայնքային առաջնորդների և ակտիվ քաղաքացիների հետ մեկտեղ պարգևների արժանացան նաև ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Նյու Յորքի և Հյուսիսային Կալիֆորնիայի գրասենյակները՝ նշանավորելով նրանց անմնացորդ ներդրումը իրենց տարածաշրջանների համայնքային կյանքում: Ծառայելով Արգենտինայի բարգավաճող և եռանդուն հայ համայնքին՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը մեծարվեց իրենց համայնքին ցուցաբերած աջակցության և անմնացորդ նվիրումի համար: Հատկապես նշանակալի էր վերջինիս Հայկական ռեստորան նախաձեռնությունը: Ռեստորանը հայտնի է Բուենոս Այրեսում, և այն միաժամանակ ծառայում է ինչպես դրամական միջոցների հայթայթման աղբյուր, այնպես էլ բովանդակալից սոցիալական հանդիպումների հավաքատեղի, իսկ երիտասարդ անձնակազմի վաստակած գումարը ծախսվում է Հայաստան կատարած նրանց ամենամյա այցերի համար: Այս յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ մինչ օրս Բուենոս Այրեսից ավելի քան 900 հայ երիտասարդ է այցելել հայրենիք: ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Ռուբեն Կետիկյանը մասնաճյուղի անունից ստացավ պարգևը:

Թե՛ Նյու Յորքի տարածաշրջանի, և թե՛ Հյուսիսային Կալիֆորնիայի ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները մեծարվեցին մատուցած ծառայության և ակտիվիզմի ոգով ավելի քան երկու տասնամյակ հայկական աշխարհում առաջնորդների նորագույն սերնդին ոգևորելու համար: Նյու Յորքի տարածաշրջանի և Հյուսիսային Կալիֆորնիայի երիտասարդ արհեստավարժների գրասենյակի ղեկավարներ Ուիլիամ Նազարյանը և Դավիթ Օջակյանը իրենց խմբերի անունից ստացան պարգևները: Երիտասարդ մասնագետների այս խմբերը, որոնք համակարգում են դրամական միջոցների հայթայթման յուրօրինակ միջոցառումներ և առանձնահատուկ կրթական համաժողովներ ծրագրում, աչքի են ընկել որպես համայնքներ, որոնք պատշաճ հոգածության պայմաններում կարող են համախմբվել: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ցանցի ընդլայնումն ու նրանց մասնակցությունը խթանելու համար երիտասարդ արհեստավարժների բոլոր խմբերը Ընդհանուր վեհաժողովի կողմից ճանաչվել են որպես ՀԲԸՄ մշտական միավորներ՝ որոնց նոր կարգավիճակը արձանագրվել է կանոնադրությունում:

Թեև Վեհաժողովը նշանավորում էր անցյալի նվաճումները՝ մեծարելով այս եռանդուն համայնքների առաջնորդներին, ներկաներին ևս կոչ արվեց հայացք գցել ապագային: «Մենք ստիպված ենք եղել նավարկել անծանոթ ջրերում, ինչի համար պահանջվում էր ճկունություն, հնարամտություն, տեսլական և, ամենից ավելի՝ միասնականություն: Լուծում գտնելը դյուրին խնդիր չէ: Բայց պատասխանի մի մասը պարզ է», - բացատրեց նախագահ Պերճ Սեդրակյանը: «Մենք՝ այս սենյակում հավաքվածներս, հնարավորություններ ընձեռելու առաքելություն ունենք: Մենք պետք է ստեղծենք աճելու հարթակ և ներդնենք բոլոր միջոցները, որպեսզի գործում ներքաշվեն աշխարհի բոլոր հայերը և հանդես գան նոր սերնդի շահերի դիրքերից»: 90-րդ Ընդհանուր վեհաժողովի ավարտից հետո մասնակիցները լքեցին Les Jardins de Saint Dominique-ը՝ հավատացած լինելով, որ ՀԲԸՄ-ն զարգացնում է իր համայնքը, տարածում է հայ ինքնության առաջադեմ ընկալումներ՝ միաժամանակ տուրք տալով աշխարհի հայերին հզորացնելու իր դարավոր ավանդույթին: