Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի կառույցներն, ավանդույթի համաձայն, ապրիլի 24-ին միասնաբար այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության ընթացքում վասն հավատի և վասն հայրենյաց սուրբ նահատակների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: Ավելի վաղ, ապրիլի 21-ին, Երևանի Կարապի լճի տարածքում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն: Մոմավառության ընթացքում հիշատակվեցին 1915 թվականի Եղեռնի նահատակների անուններն ու ազգանունները: ՀԲԸՄ սկաուտական խումբը խոստանում է, որ այս անվանական մոմավառությունը կլինի շարունակական՝ հավաքագրելով նահատակների անուններն ու ազգանունները՝ նրանց հոգիների հանգստության մոմավառության կազմակերպմամբ: Իսկ ապրիլի 27-ին, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը Ծիծեռնակաբերդում մասնակցեց ծաղկահավաքին, որը կազմակերպել էր Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը՝ ՎիվաՍել ընկերության աջակցությամբ: Կուտակված ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն ստանում են երկրորդ կյանք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու կամավորների օգնությամբ, որոնք առանձնացնում են ծաղիկների ցողունները պսակաթերթիկներից: Առաջիններն օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ վերամշակված պսակաթերթիկներից պատրաստվում են բացիկներ և շնորհակալագրեր: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը նույնպես ամեն տարի իր ակտիվ մասնակցությունն է բերում այս բնապահպանական և օգտակար նախաձեռնությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
end faq
|