ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԳՐՔԱԲԱՑՎԵԼ Է ՍԻՐՈՎ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երևանյան խումբը ստեղծեց առաջին «Գրքաբաց» ընթերցանության սենյակը

Մարալի հետ քիչ-քիչ տեղափոխվում ենք թումանյանական հրաշքների աշխարհ: Պատերին հայկական հեքիաթների հերոսներն են, շուրջբոլորը հայկական լեռնաշխարհի գունազարդ բնությունը: «Այնպիսի տպավորություն է, որ ժամանակի մեքենա ենք ստեղծել ու տեղափոխվում ենք մանկություն», - ասում է Մարալ Շահվերդյանը՝ ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) երևանյան խմբի անդամներից մեկը, ով իր խմբակիցների հետ միասին Աշոտ Նավասարդյանի անվան 196-րդ դպրոցի աշակերտների համար ստեղծեցին հեքիաթից պոկված մի անկյուն՝ առաջին «Գրքաբաց» ընթերցանության սենյակը:

«Մեր մանկության պակաս գույները խտացրել ենք այս սենյակում, - Հայկազը Հրազդանից է, ասում է՝ 90-ականներին մարզային դպրոցներում երազում էին այս գույների մասին, - Եթե մեր դպրոցում նման դասասենյակ լիներ, հաստատ այնտեղից դուրս չէի գա»: Հայկազը հիմա ժպիտով է հիշում «հեքիաթի» հետևում իրենց երկու-երեք ամսվա գիշերային շինարարությունը. - «Քանի որ բոլորս աշխատում էինք, երեկոյան 6-ից հետո էինք գալիս դպրոց, մնում էինք մինչև կեսգիշեր: Երբեմն փոքրիկները փորձում էին օգնել, բայց նրանց օգնությունը հավելյալ գործ էր դառնում մեզ համար: Պատերին կտեսնեք հետքերը, խզբզոցների վրա նորից էինք նկարում»:

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները կամավորների ցանց է, որ ստեղծվել է 1995-ին՝ սեփական ուժերով ու միջոցներով կրթական, մշակութային, սոցիալական և այլ ոլոտներում բազմաթիվ ծրագրեր իրագործելու՝ ի նպաստ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ համայնքների:

«Ամբողջ աշխարհում ավելի քան 18 հազար կամավոր արհեստավարժներ կան: Երևանի խումբը միացել է 2007-ին: Այժմ նրանք թվով 40-ն են և շատ մեծ նշանակություն ունեն ՀԲԸՄ-ի համար», - ասում է ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը: «Այս «Գրքաբաց» նախաձեռնությունը, գաղափարից մինչև իրագործում՝ լրիվ երիտասարդներինն է, մենք միայն կողքից քաջալերել ենք: Երիտասարդ արհեստավարժների շարժումը կոփում է կամավորական ոգին: Բացի այդ, երիտասարդները իրենց գործով օրինակ են դառնում այս փոքրիկների համար»:

Դպրոցում է գտնվում պետության խարիսխը, իսկ կարդացող երեխաներով այն ավելի ամուր է դառնում: Դա գիտեն ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները և դրա համար գեղարվեստական գրականության դարակները համալրել են ավելի քան 100 գրքերով: Երևանի 196-րդ դպրոցի «Գրքաբաց» ընթերցարանի գրադարանը կազմվել է հատուկ համերգով - «Մենք կազմակերպել էինք գրքահավաք-համերգ: Ժողովրդական երաժշտություն էր հնչում ՀԲԸՄ սրահում, - պատմում է ՀԲԸՄ ԵԱ երևանյան խմբի համակարգող Իզաբելա Մերաբովան, - Մարդիկ տոմսի փոխարեն գիրք էին բերում: Այդպես լրացրեցինք մեր փոքրիկ գրադարանը»:

«Գրքաբացը ձեռնոց չի նետում նոր տեխնոլոգիաներին, մենք ուղղակի ուզում ենք դպրոցում պահպանել ընթերցանության մշակույթը», - ասում է նախաձեռնության անդամներից Նանե Շահվերդյանը: «Մենք ուզում ենք, որ այս փոքրիկները բացեն գիրքն ու բացահայտեն աշխարհը, լինեն ամենատարբեր երկրներում, անգամ՝ տիեզերքում և վայրերում, որոնք գոյություն ունեն երևակայության մեջ միայն: Մենք ուզում ենք այս ընթերցասենյակում փոքրիկների մտահորիզոնը լայնանա, որ կարդան ու սիրեն գիրքը»:

Սա դեռ սկիզբն է: Ծրագրի հեղինակ կամավորները խոստանում են. «Գրքաբաց» ընթերցասենյակներ կլինեն Երևանի և մարզերի այլ դպրոցներում: ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանն էլ հավելում է. Բարեգործական Միության վիրտուալ գրադարանը մեկ այլ լավ աղբյուր է, որ կարող է հարստացնել ընթերցարանը: «Նորագույնն ու ավանդականը սինթեզելով միայն կարող ենք ունենալ հաջողված ծրագրեր, մեծացնել գրքերի հանդեպ երեխաների հետաքրքրությունը: Այդպե՛ս միայն կարող ենք խոսել ապագայի մասին, չմոռանալով հինը՝ լինել նորարար»:

Ու մինչև նոր ծրագրեր են կազմվում, առաջինից երրորդ դասարանցիները շարք են կազմում հեքիաթների սենյակում հավաքված հյուրերի համար: Գրքերով կապոցներն են բացվում ու մաղթաներքներ հնչում: Իսկ «Գրքաբացի» առաջին ընթերցողը հաղորդավար Էրիկ Անթառանյանն է: Հայտնի մարդկանց ընթերցանություններ 196-րդ դպրոցի այս գունազարդ սենյակում շատ են լինելու: Սա իրո՛ք սկիզբն է գրքային մեծ արշավի:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ԳՐՔԱԲԱՑՎԵԼ Է ՍԻՐՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: