ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԴԱՐՏՄՈՒՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԱՔ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ MBA ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) երևանյան թիմը մարտի 16-ին հյուրընկալեց Դարտմուտի համալսարանի Թաք բիզնես դպրոցի MBA ուսանողներին, ովքեր այս օրերին Հայաստանում են ուսուցողական շրջայցով:

Ոգևորիչ էր տեսնել տարբեր հետաքրքրություններով ու տարբեր մայրցամաքներից ժամանած երիտասարդների, որոնք այդքան շատ ընդհանրություններ են գտնում ու կապեր հաստատում միմյանց հետ: ՀԲԸՄ-ն միշտ ուրախ է տրամադրել այն հարթակը, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ ու ծրագրել համատեղ ձեռնարկներ:

Խոսելով ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների համաշխարհային ցանցի դերի մասին՝ երևանյան թիմի անդամները ներկայացրին իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Հյուրերն իրենց հերթին ուրախությամբ հայտնեցին, որ համագործակցում են Արդեան դիզայն ստուդիայի հետ իրենց ուսումնական ծրագրի շրջանակներում:

Հետաքրքիր է նշել նաև, որ Արդեան դիզայն ստուդիայի հիմնադիր Վազգեն Բրուտյանը ժամանակին եղել է նաև ՀԲԸՄ ԵԱ Լոս Անջելոսի խմբի համահիմնադիրներից: Եվ այսօր, մասնակցելով այս հանդիպմանը օվկիանոսից այս կողմ ու այսքան տարիներ անց, Բրուտյանը հպարտ է, որ Դարտմուտի համալսարանականներն ընտրել են իր նախագիծը: