«ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» ՖԻԼՄՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԲԸՄ ԵԱ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «Անծանոթ իմ հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հետևեց նաև քննարկում և հարց ու պատասխան հանդիսատեսի, ֆիլմի հեղինակների և ցուցադրության կազմակերպիչների մասնակցությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր և ներկաների մեծ մասն էլ տարբեր տարիների հայրենիք վերադարձածներն էին: «Անծանոթ իմ հայրենիք» ֆիլմը պատմում է 1945-49թթ. մեծ հայրենադարձության մասին, Խորհրդային Միության կողմից գործի դրված քարոզչության ու կեղծիքի մասին, այն ոգևորության մասին, որ ապրեցին աշխարհասփյուռ հայերը հայրենիք վերադառնալու հնարավորությունից և այն հիասթափության ու հուսալքության մասին, որ պատեց նրանց իրենց լսածի, ակնկալածի և իրականության միջև եղած վիթխարի տարբերության պատճառով: Ֆիլմի հիմքում պատմական փաստեր են` հստակ ու մանրամասն: Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում և ԱՄՆ-ում: Ինչպես նշեց ֆիլմի սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, «Անծանոթ իմ հայրենիք»-ը առաջին մասն է «Դարձ ի շրջանս յուր» կոչվող նախագծի, որը բաղկացած է լինելու երեք ֆիլմերից: Առաջին մասի նկարահանումներն սկսեցին 2011-ին: 2012-ին այն արդեն ցուցադրվեց Հայաստանում և ԱՄՆ-ում: Ավարտին են մոտենում նաև երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Ցուցադրությանը ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը, ռեժիսոր Արա Շիրինյանը, պատմաբան Էդուարդ Մելքոնյանը, ինչպես նաև ֆիլմի մասնակիցներից Էմիլիա Օհանյանը և Սեդա Դևեջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: «ՀԲԸՄ-ն պատմության ընթացքում միշտ հայրենիքին սատար լինելու և աջակցելու ծրագրերի իրականացման գլխավոր կազմակերպիչներից է եղել, այդ թվում նաև հայրենադարձության: ՀԲԸՄ-ի տրամադրած միջոցներով է, որ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթել են Հայաստան 40-ական թվականներին: Այս ֆիլմն անդրադառնում է այդ ժամանակահատվածի մեծ հայրենադարձությանը, դրա դրական և բացասական կողմերին, և մեր կազմակերպության երիտասարդական թևը որոշեց կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը, թե այդ ժամանակահատվածին առավել մոտիկից ծանոթանալու և թե նոր հայրենադարձության հեռանկարների մասին մտորելու նպատակով», - ասաց Հովիկ Եորդեկյանը: Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց հայտնելու իր կարծիքը ֆիլմի մասին և հարցեր ուղղելու ֆիլմի հեղինակներին ու ցուցադրության կազմակերպիչներին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq