ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

Տարեվերջին Հայաստանում ամենաբուռն ու քննարկվող թեմաներից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակին համակարգի ներմուծման մասին ՀՀ կառավարության որոշումն էր, որն առ այսօր շարունակում է մնալ ակտուալ թեմա և դարձել է հանրային դժգոհության ու ընդվզման պատճառ: Այս հանգամանքը, ինչպես նաև որոշման մասին հասարակության թերի և ոչ պատշաճ իրազեկվածության փաստը ստիպեցին ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներին կազմակերպել բաց քննարկում այս թեմայով ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի հետ, որը հնարավորություն կտար երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերի ու մտահոգությունների մասին: Միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դահլիճում: Այն մեծ հետաքրքություն էր առաջացրել երիտասարդության շրջանում, ինչը սպասելի էր, քանի որ որոշումը ուղղակիորեն բախվում է երիտասարդության շահերին: Հանդիպման սկզբում Ներսես Երիցյանը ներկայացրեց որոշման ընդունման նախապատմությունը, խոսեց պատճառների ու հետևանքների, օրենքի անհրաժեշտության ու առավելությունների մասին, համեմատականներ անցկացրեց այս հարցում այլ երկրների փորձի, հաջողությունների ու ձախողումների հետ: Այնուհետև երիտասարդները բարձրացրին իրենց հուզող հարցերը: Ծավալվեց բուռն բանավեճ որոշման նպատակահարմարության, դրական ու բացասական կողմերի, հանրության ոչ լիարժեք տեղեկացվածության, որոշման պարտադրողական բնույթի դեմ հասարակության մի ստվար զանգվածի անհամաձայնության ու նմանատիպ այլ հարցերի շուրջ, ինչը հանգեցրեց նրան, որ երիտասարդների մի մասը լքեն դահլիճն ի նշան բողոքի: Սակայն հանդիպումը շարունակվեց մինչև ուշ երեկո` վերջում արդեն ավելի ընկերական մթնոլորտում: Հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ էր, քանի որ պետական պաշտոնյան առիթ ունեցավ հանրությանը ներկայացնելու կառավարության դիրքորոշումն այս հարցում, իսկ երիտասարդությունն էլ արտահայտեց իր ակնհայտ դժգոհությունն ու բարձրաձայնեց իրեն հուզող հարցերը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Այժմ, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, օրենքի կիրառումն առայժմ կասեցված է, քանի որ քննվելու է նախագծում առկա որոշ դրույթների սահմանադրականության վերաբերյալ հարցը: Դատական հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել մարտի 28-ին: