ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԿԻՆՈԴԻՏՈՒՄ

Չնայած ամառվա ավելի թեթև ու հանգիստ գրաֆիկին, ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհեստավարժները չեն դադարում կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ ու հանդիպումներ: Հունիսի 12-ին ՀԲԸՄ երիտասարդները հրավիրեցին բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու երիտասարդ ու տաղանդավոր ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը ՀԲԸՄ Երևանի գրասենյակի դահլիճում: «Բավական» կարճամետրաժ ֆիլմը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին: Ֆիլմում ներկայացված են տարբեր մարդկանց կյանքի պատմություններ` միահյուսված մասնագիտական կարծիքների և գնահատականների, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության հետ: Ֆիլմը մեծ հնչեղություն էր ստացել և դահլիճը լեփ լեցուն էր: Ցուցադրությանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսորը` Ադրինե Գրիգորյանը, որը խոսեց ֆիլմի, նրա հերոսների, նկարահանումների ու արձագանքների մասին: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ: Ավարտից հետո ֆիլմի հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին: Ծավալվեցին բուռն ու հետաքրքիր քննարկումներ: Հիշեցնենք, որ ֆիլմն այս տարի ընդգրկվել էր Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների կազմակերպած մեկ այլ միջոցառում` հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի և մի քանի փորձագետների` «Հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանի և բնապահպանության միջազգային փորձագետ Էրիկ Գրիգորյանի հետ: Հանդիպմանը քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը, շրջակա միջավայրի կառավարման մեխանիզմներն ու միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ անդամակցությունը միջազգային բնապահպանական կոնվենցիաներին: Վերջին շրջանում բնապահպանական խնդիրները Հայաստանում դարձել են շատ արդիական ու հրատապ, ինչն էլ հատուկ սրություն հաղորդեց այս հանդիպմանը: Հետաքրքվողները շատ էին և այս հանդիպումը նույնպես անցավ լեցուն դահլիճում և տևեց ծրագրավորվածից երկար: Հնչեցին առկա հիմնախնդիրների վերաբերյալ սուր հարցեր: Իրենց հերթին ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները կիսվեցին այս ոլորտում իրենց ծավալած գործունեությամբ ու փորձով: