ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվս 29 սփյուռքահայ երիտասարդ մասնակցեց ՀԲԸՄ Երևանյան փորձառության ծրագրին

Արդեն 7 տարի անընդմեջ անցկացվում է ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրը` հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ երիտասարդներին իրականացնել ևս մեկ երազանք. այցելել Հայաստան ոչ թե սոսկ որպես զբոսաշրջիկ, այլ այցելել Հայաստան ապրելու և աշխատելու: Սա հնարավորություն է ինքնահաստատման և ինքնադրսևորման, կյանքի և ինքնության վերաիմաստավորման, հնարավորություն մի բան փոխելու և սեփական ներդրումն ունենալու, սովորելու և սովորեցնելու, օգտագործելու սեփական կարողությունները և փորձելու հայրենիքի հետ ունեցած կապի ամրությունը: ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 29 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա: Վեց շաբաթ շարունակ նրանք ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով: Ծրագիրն, ինչպես միշտ, հագեցած էր. առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի զբոսանքներ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ ինիպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Grand Thornton ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, «Հետք» լրատվական գործակալությունը, Emporium ընկերությունը, «Ոսկե ծիրան» փառատոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, RepatArmenia ընկերությունը, ՀՀ օմբուդսմենի գրասենյակը և այլ առաջատար կազմակերպություններ: Փորձի փոխանակում ու մասնագիտական փորձառության հարստացում, կապվածություն հայրենիքին ու հոգածություն հայրենի առօրյա խնդիրների հանդեպ. սրանք են ծրագրի նպատակները: Ծրագրի շրջանակներում խումբն այցելեց նաև Արցախ: Դեպի հարավ ճանապարհորդությունն սկսեցին Խոր Վիրապից, հետո Նորավանք, Տաթև և ապա Ստեփանակերտ: Ծանոթացան Արցախի պատմությանն ու մշակութային հուշարձաններին, հանդիպեցին ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանի և ԼՂՀ ԱԺ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ Տիգրանակերտի հինավուրց ամրոցում ներկա եղան «Կարինե» օպերայի ներկայացմանը: Այցելեցին նաև Շուշի, եղան Սբ. Ղազանչեցոց եկեղեցում և Շուշիի ռեալական վարժարանում: Կազմակերպվեց հանդիպում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհայանի հետ և այցելություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող բոլոր հարցերին: Հետաքրքիր էին նաև հանդիպումները ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Repat Armenia ընկերության ներկայացուցիչների հետ: Հայաստան այցը լավ առիթ էր նաև կատարելագործելու իրենց հայերեն լեզվի ու հայկական ժողովրդական պարերի իմացությունը: Աշխատանքից հետո երիտասարդները հաճախում էին հայերենի և պարի դասընթացների, իսկ վեց շաբաթ անց, իրենց սովորած պարերն ու շարժումները ցուցադրեցին ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը կազմակերպված համերգի ընթացքում: Բարեգործության գաղափարը մշտապես առկա է ՀԲԸՄ-ի բոլոր երիտասարդական ծրագրերում և այդ ծրագրերի մասնակիցներն էլ իրենց այցելությունների ժամանակ ներգրավվում են բազմապիսի բարեգործական միջոցառումներում` մանկատներից մինչև ծերանոցներ, գրքահավաքից մինչև դրամահավաք, շինարարությունից մինչև շրջակա միջավայրի մաքրություն: Այս տարվա Երևանի փորձառության ծրագիրը նույնպես անմասն չմնաց այս ավանդույթից` մասնակցելով և իր համեստ ներդրումն ունենալով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և The Beautified Project ռոք խմբի կազմակերպած համատեղ բարեգործական համերգին ու աճուրդին: Ստացված ողջ հասույթը փոխանցվեց Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցին, որն այս տարի ջեռուցման խնդրի պատճառով փակման վտանգի առջև էր: Խումբն այցելեց նաև Հայաստանի ամերիկյան համալսարան, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան և Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբար: Խումբը կիսվեց իր ամառային վեցշաբաթյա կյանքի մանրամասներով ու տպավորություններով ծրագրի ավարտին կազմակերպված հրաժեշտի երեկոյի ընթացքում, որին մասնակցում էին թե սփյուռքահայ երիտասարդները և թե նրանց անմիջական ղեկավարները: Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանը, խոսելով իրենց մոտ փորձառություն անցած ամերիկահայ Անի Ջիրջիրյանի մասին, ասաց.«Շատ կարճ ժամանակում, Անին մեր երեխաներին տվեց կարևոր ու անհրաժեշտ արժեքներ` ոգեշնչում, հույս, վստահություն և ընկերություն: Ես սպասելու եմ Անիի վերադարձին Հայաստան, որովհետև մեր երեխաները կարիք ունեն նրա նման օրինակելի անհատների»:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq