«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Հապա տեսնեմ, այ այսպես ավելի լավ է:

Կուլիսային լարվածությունը ցրում են Նարինեն ու Անին: ՀԲԸՄ դահլիճի ետնաբեմում ամենից ակտիվն ու զվարթն են: Մեկին ոգևորում են, մյուսին խորհուրդներ տալիս, մեկ այլ մասնակցի էլ բեմական հագուստն են օգնում կարգի բերել. - «Այ հիմա աղվոր է»:

Ավարտական ու հաշվետու համերգ է: Նրանք 17-ն են՝ ժամանած 7 երկրներից. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Երաժշտական Հայաստան» ծրագրի 6-րդ տարվա մասնակիցներն են: 3 շաբաթ ինտենսիվ ու բացառապես պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն են ստացել: Նրանց դասախոսել են Երևանի Կոնսերվատորիայի լավագույն պրոֆեսորներն ու երաժիշտները: «Չայկովկսու անվան երաժշտական դպրոցում էինք անցկացնում դասերը: Հիանալի պայմաններ էին: Սկսեցինք հայ երաժշտության ակունքներից մինչև ֆոլկ, դասական, պարային, Կոմիտաս, Խաչատրյան՝ ամեն օր մի նոր բան էինք բացահայտում, գիտելիքով հարստանում», - Նարինե Սիսեռյանը ընկեներին բեմ ճանապարհելու ընթացքում պատմում է ու ավելացնում՝ Հալեպ չի վերադառնա, Կանադայում երաժշտական կրթությունը շարունակելու նպատակ ունի: ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստանը» նրան գրավեց «Ոգեշնչվի՛ր, ստեղծի՛ր քոնը» կարգախոսով. - «Երաժշտություն եմ հորինում: Մինչև այստեղ գալն այդ նոտաները միայն գլխումս էին ծագում ու մնում, չէի կարողանում թղթին հանձնել, չէի համարձակվում: Այս երեք շաբաթում դասախոսներիս օգնությամբ երկու դասական գործ եմ գրել՝ A dreamer և Moonlight refelction են կոչվում»: Դամասկոսից ընկերուհին՝ Անի Աբրահամյանն է մոտենում, Նարինեի ելույթի հերթն է. A dreamer-ի ծնունդն է: Երազանքն իրականություն է դառնում Միության հարկի տակ:

Իսկ ֆլեյտահար Անին էքսկուրսավարի գործառույթն է շարունակում. - «Այն շիկահեր տղան Կոլորադոյից է, հայ չէ: Բայց միայն լսեք՝ ինչպե՜ս է հայերեն խոսում»: Սթիվեն Թոմսոնը 15 ամիս է Հայաստանում է, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներից է: ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասին համացանցից է տեղեկացել, իմացել, որ այն միայն հայերի համար չէ նախատեսված, բաց է աշխարհի պրոֆեսիոնալ երաժիշտների համար էլ: Սթիվենը հենց այստեղից՝ Երևանից է միացել ծրագրին: Դասական վոկալիստ է: «Այս 3 շաբաթում սովորում էի Աննա Մայիլյանի մոտ: Շատ լավ փորձ էր ինձ համար: ԱՄՆ-ում երաժշտագիտություն եմ ուսանել , այդ ժամանակից գիտեի Կոմիտասի մասին, հետաքրքրվում էի հայկական երաժշտությամբ՝ Նարեկացի, շարականներ… ու ահա այստեղ եմ: Աստված գիտի. գուցե մշտապե՞ս մնամ»:

Սթիվենը միակ օտարերկրացին չէ: Ոտքից գլուխ հոգևորականի կարմիր համազգեստով, արծաթագույն ալեհեր մազերով կինն աննկատ ներս է մտնում կուլիսներ, թառանման երաժշտական գործիքը գրկած՝ տեղավորվում է մի անկյունում: 58-ամյա Սվամինի Սարասվատին ծագումով հնդիկ արգենտինացի կուսակրոն վանական է: «Ռեբաբ է կոչվում, միստիկ հոգևոր երաժշտական գործիք է, - սիրալիր պատասխանում է կինն ու, կարծես կռահելով վերահաս հարցերը՝ շարունակում է պատմել, - «Մի քանի տարի առաջ Լևոնի հետ ծանոթացա Արգենտինայում համերգի ժամանակ: Պատմեց այս նախագծի մասին: Որոշեցի, որ ես էլ պետք է մասնակցեմ, չէ՞ որ պաշտում եմ Կոմիտասին: Նրա հոգևոր երաժշտությունն աշխարհում եզակի է: Ես երաժշտության ուսուցչուհի եմ, բայց այստեղ աշակերտ էի (ժպտում է): Այնքան բան եմ տանելու հետս, ու ոչ միայն գիտելիք»:

Լևոն Էսքենյանն ինչպես 6 տարի առաջ՝ «Երաժշտական Հայաստանի» մեկնարկի ժամանակ էր, նույնպես էլ հիմա է անհանգիստ, հոգատար ու ուշադիր յուրաքանչյուրի հանդեպ. «Չէ՞, որ սա ՀԲԸՄ ծրագիր է, և Միության յուրաքանչյուր ծրագրի նման մեծ աշխատանք է տարվում: «Երաժշտական Հայաստանի» հանդեպ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը, պահանջվածը հայկական մաքուր երաժշտությունն է: Միակ ծրագիրն է, որ ինտենսիվ ու պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն է տալիս առանց ազգային ու տարիքային սահմանափակման»: «Այս երեխաները անպայման հետ են գալու, - Լևոնի խոսքը շարունակում է ՀԲԸՄ հատուկ ծրագրերի համակարգող Ինեսա Մարգարյանը, - «Ինչո՞ւ ենք փորձում մշակույթին կապել: …որովհետև յուրաքնաչյուր երկրի, ազգի ինքնաարտահայտման ամենացայտուն ձևերից մեկը դա է: Հենց մշակույթի միջոցով ենք մեր երիտաասարդներին կանչում հայրենիք, ու նրանք գալիս են սիրով, սովորում: Հեռանում են է՛լ ավելի հայացած, իսկ օտարազգի մասնակիցները ակամա դառնում են հայ մշակույթի կրողն ու տարածողը»:

Բեմին մասնակիցները հերթով փոխարինում են միմյաց, դահլիճում նրանց դասախոսներն են, ընկերներն ու բարեկամները: Նրանցից շատերին գուցե ավելի մեծ բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ ու հոտնկայս ծափեր են սպասվում ապագայում, բայց «Երաժշտական Հայաստանում» այս պահն ու այս «բրավո»-ները կլինեն սկիզբը, հիմքը, ամենաթանկն ու հիշարժանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Պատանեկան ծրագրեր Երաժշտական Հայաստան «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: