ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՆ` ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ում սովորող ճապոնացի երիտասարդ դաշնակահար Յուկինորի Կինոշիտան ընդամենը երեք ամիս էր ծանոթ Կոմիտասի ստեղծագործություններին, երբ որոշեց այցելել Վարպետի հայրենիք: Հետաքրքվեց ու իմացավ, որ սկսնակ երաժշտի համար Հայաստանն ու հայկական մշակույթը բացահայտելու ամենակարճ, բայց և ամենահստակ ճանապարհը, «Երաժշտական Հայաստանե ծրագրին մասնակցելն է: Գրանցվեց ու «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա մյուս ինը մասնակիցների հետ հունիս ամսին ժամանեց Երևան` այսպիսով խախտելով ձևավորված ավանդույթը և դառնալով ծրագրի պատմության մեջ առաջին ոչ հայ մասնակիցը: Սա ի դեպ ծրագրի մեկնարկից ի վեր եղել է ՀԲԸ Միության նպատակներից մեկը` հնարավորություն ընձեռել ոչ միայն հայազգի, այլ նաև օտար երաժիշտներին ու արվեստագետներին բացահայտել կամ խորացնել իրենց գիտելիքները աշխարհի հնագույն մշակույթներից մեկի` հայկական երաժշտական արվեստի մասին:

«Այս ծրագրին ծանոթացա հայ ընկերոջս միջոցով: Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ հայկական մշակույթին: Ծրագիրն ապահովում է բարձրակարգ դասախոսական կազմ ու հետաքրքիր դասընթացներ: Ես այս ծրագիրը պատրաստվում եմ ներկայացնել Ճապոնիայում ու ԱՄՆ-ում բնակվող ընկերներիս: Համոզված եմ շատ հետաքրքրվողներ կլինեն: Երևանը յուրահատուկ քաղաք է և հնարավորության դեպքում անպայման մի օր կվերադառնամե, - ասում է Յուկինորին:

«Երաժշտական Հայաստան» ծրագրի չորրորդ շրջանն այս տարի Հայաստան էր բերել 10 տաղանդավոր երաժիշտների աշխարհի հինգ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սիրիա և Լիբանան: 3-շաբաթյա ծրագիրը ներառում է անհատական վարպետության դասեր և խմբային դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, բազմաթիվ մշակութային միջոցառումներ և այցելություններ տեսարժան վայրեր:

«Երաժշտական Հայաստան-2015»-ը մեկնարկեց հուլիսի 14-ին և ավարտվեց օգոստոսի 3-ին: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած էին երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, ֆլեյտա, դաշնամուր, շեփոր, ալտ, վոկալ և դիրիժորական վարպետություն: Միասնական դասընթացներն ու անհատական վարպետության դասերն անցկացրին ոլորտի այնպիսի մասնագետներ ինչպիսիք են Կարեն Դուրգարյանը, Արմեն Թութունջյանը, Երվանդ Մարգարյանը, Մհեր Նավոյանը, Բագրատ Վարդանյանը, Թովմաս Պողոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Արուսյակ Սահակյանը, Արթուր Շահնազարյանը, Արման Աբրահամյանը, Հայկ Արսենյանը:

«Սա այն սովորական, ավանդական դպրոցը չէ, որտեղ մտնում եք ու տեսնում, որ երեխան եկել է ու պարտավոր է դասը լավ սովորել: Սա մի տեսակ այլ բնույթ է ստանում, մարդն ինքն իր անձի համար, իր ինքնության համար, իր խնդիրների համար մի գուցե, գալիս է ու սովորում: Սա շատ կարևոր է թվում ինձ և շատ ոգևորում է, որովհետև էսպիսի մղումով մարդու հետ աշխատելը, նրա հետ զրուցելը, նրան նոր բան սովորեցնելը չափազանց ոգևորիչ է: Շատ բարձր եմ գնահատում այս ծրագրի նշանակությունը: Եթե անգամ ամեն տարի մեկ-երկու երիտասարդ ճամփա գտնի դեպի իր ակունքները, դեպի իր ինքնությունը, մի քիչ ջերմանա էս երկրի հանդեպ, մի քիչ իրենը համարի էս երկիրը, ուրեմն ծրագիրը լիովին հասել է իր նպատակին», - ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:

Ծրագրի նպատակներից է սփյուռքահայ երիտասարդ երաժիշտների կատարողական հմտությունների զարգացումը, հայկական երաժշտության պատմության իմացությունը, հայկական երգարվեստի տիրապետումն ու փոխանցումը:

Ծրագրի մասնակիցները ներկա գտնվեցին Թովմաս Պողոսյանի «Սայաթ Նովաե աշուղական երգի անսամբլի փորձին, որն աննկարագրելի տպավորություն թողեց երիտասարդների վրա: Հայկական քամանչայի, սազի ու թառի կենդանի կատարումներ շատ քչերն էին լսել: Հիշարժան էր նաև այդ օրերին ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած տաղանդավոր թավջութակահար Արտյոմ Մանուկյանի համերգն ու նոր` «Citizen» ձայնասկավառակի Հայաստանյան շնորհանդեսը:

Շեփորահար Րաֆֆի Էլմաջյանը Լիբանանից էր ժամանել: Նախորդ այցելությունը հայրենիք ավելի քան 15 տարի առաջ էր: Այս անգամ Հայաստանից բաժանումն անհամեմատ կարճ տևեց: Ծրագրի ավարտից հետո Րաֆֆին վերադարձավ Լիբանան, իսկ ընդամենը 2 շաբաթ անց իր հետ հայրենիք բերեց կնոջն ու 14 հոգանոց գերդաստանը:

«Կյանքում շատ եմ ճամփորդում, բայց միշտ կարոտում ու վերադառնում եմ Լիբանան: Շատ եմ սիրում Լիբանանը: Սա առաջին այցելությունս էր, որն ինձ ստիպեց մտածել Լիբանանը թողնելու ու այստեղ հաստատվելու կամ գոնե Հայաստանում մեր փոքրիկ անկյունն ունենալու մասին»,- ասաց Րաֆֆին: Ջասպեր Մոսը կամ նույն ինքը Գասպար Մուսախանյանը ժամանել էր Կանադայից: Երազանք ունի աշխարհահռչակ դիրիժոր դառնալու, և հենց այս ծրագրի շնորհիվ բացառիկ հնարավորություն ունեցավ աշխատել Կարեն Դուրգարյանի հետ և կարճատև ղեկավարել նաև Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը:

«Մենք նախադեպն ունեինք սպորտի ասպարեզում և բարի նախանձով հետևում էինք մեր սփյուռքահայ մարզիկների հաջողություններին: Վերջապես ՀԲԸՄ-ի շնորհիվ կայացավ նաև այս ծրագիրը սփյուռքում ապրող մեր երիտասարդ երաժիշտների համար: Նրանք գալիս են Հայաստան, հետևում են դասընթացներին ու վարպետության դասերին, գնում են օպերա, բազմաթիվ համերգների են ներկա լինում, գիտելիքներն են հարստացնում, իսկ մասնագիտական առումով դուրս գալ և համերգ նվագել, դա նրանց համար երևի բացառիկ գեղեցիկ հիշողություն է, որ կտանեն իրենց հետ», - ասաց Կոնսերվատորիայի պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը:

3-շաբաթյա երաժշտական ճամփորդությունն ավարտվեց օգոստոսի 1-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցած համերգով: «Երաժշտական Հայաստանի» մեկուկեսժամյա ծրագիրը հագեցած էր. Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Հայդն, Շոպեն, Բիզե, Մաքս Ռեգեր, Քեննի Դորհամ: Համերգի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան վկայագրերի, որոնք նրանց հանձնեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և «Երաժշտական Հայաստան» ծրագրի նախաձեռնող Վազգեն Յակուբյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր դասախոսներին, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի այս 3 շաբաթները մեր մասնակիցների համար դառնան շրջադարձային ու անկրկնելի: «Երաժշտական Հայաստան»-ը մեկնարկեց 2012թ.` համալրելով ՀԲԸՄ երիտասարդական բազում ծրագրերի շարքը:

Ամենամյա այս ծրագրին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի, երաժշտական որևէ գործիքի տիրապետող կամ վոկալային տվյալներով, տարրական երաժշտական կրթությամբ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերել հայրենիքում: Մեկնարկից ի վեր այս ծրագիրն արդեն իսկ հյուրընկալել է ավելի քան 40 տաղանդավոր երիտասարդների: Նրանցից մի քանիսը մնացել կամ հետագայում վերադարձել են Հայաստան և այժմ իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակում են ծավալել հայրենի հողի վրա:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Պատանեկան ծրագրեր Երաժշտական Հայաստան ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՆ` ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: