ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ` ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիրը հյուրընկալեց 12 տաղանդաշատ սփյուռքահայ երիտասարդների

ՀԲԸՄ ամառային երիտասարդական ծրագրերից ամենաերիտասարդը` «Երաժշտական Հայաստան»-ն այս տարի տոնեց իր 3-ամյակը: Ծրագրի երրորդ շրջանը հայրենիք էր բերել 12 տաղանդավոր սփյուռքահայ երաժիշտների աշխարհի յոթ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Ռուսաստան և Ուրուգվայ: 3-շաբաթյա ծրագիրը ներառում է անհատական վարպետության դասեր և խմբային դասախոսություններ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, բազմաթիվ մշակութային միջոցառումներ և այցելություններ տեսարժան վայրեր: Մեկնարկից ի վեր «Երաժշտական Հայաստան» ծրագիրն արդեն իսկ հյուրընկալել է 30 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդների: Նրանցից մի քանիսը մնացել կամ հետագայում վերադարձել են Հայաստան և այժմ իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակում են ծավալել հայրենի հողի վրա: Թվով երրորդ «Երաժշտական Հայաստանը» մեկնարկեց հուլիսի 14-ին և ավարտվեց օգոստոսի 4-ին: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած էին երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, ալտ, քանոն, ֆլեյտա, կիթառ, դաշնամուր, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Միասնական դասընթացներն ու անհատական վարպետության դասերն անցկացրին ոլորտի այնպիսի մասնագետներ ինչպիսիք են Արմեն Թութունջյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Մհեր Նավոյանը, Բագրատ Վարդանյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Արթուր Շահնազարյանը, Թովմաս Պողոսյանը, Լուսինե Գրիգորյանը, Արուսյակ Սահակյանը, Արամ Հովհաննիսյանը, Արման Աբրահամյանը և Հայկ Արսենյանը: «Այս ծրագիրն իսկական հայտնագործություն է: 3-րդ տարին է համագործակցում եմ ՀԲԸՄ-ի հետ այս ծրագրի շրջանակներում և առիթ ունեցա շփվել հայազգի տաղանդավոր երիտասարդների հետ: Ոմանք իրոք օգնության և ուղղորդման կարիք ունեք, մյուսներն արդեն կայացած երաժիշտներ են, բայց միևնույն է մասնակցում են ծրագրին, քանի որ հայ երաժշտության հետ իսկական շփումը հնարավոր է լինում միմիայն Հայաստան այցելելով: Ուրախ եմ, որ դիմում են ինձ և որ մասնակցում եմ այս ծրագրին: Սփյուռքի երիտասարդին հայրենիքի հետ կապելու ամենաճիշտ ուղին է մշակույթը, քանզի մշակույթի մեջ կա սեր: Արվեստն է, որ կարողանում է կապել մարդկանց միմյանց: Ես ինքս շատ կապվում եմ իմ աշակերտների հետ», ասաց ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար Բագրատ Վարդանյանը: 3 շաբաթ շարունակ երիտասարդները մասնակցեցին հայրենի մշակութային կյանքի անցուդարձին` հաճախելով համերգների, շփվելով հանրահայտ ու կայացած երաժիշտների ու արվեստագետների հետ, ելույթներ ունենալով տաղանդավոր հասակակիցների հետ, մասնակցելով տարբեր միջոցառումների և այցելելով տեսարժան վայրեր: Ծրագրի մասնակիցները սովորում են աշխարհի տարբեր կոնսերվատորիաներում ու երաժշտական հաստատություններում, սակայն հայ երաժշտության ճիշտ և գրագետ մեկնաբանությունը հասանելի է միայն Հայաստանում: Ծրագրի մասնակիցները ներկա գտնվեցին Թովմաս Պողոսյանի «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլի փորձին, որն աննկարագրելի տպավորություն թողեց սփյուռքահայ երիտասարդների վրա: Հայկական քամանչայի, սազի ու թառի կենդանի կատարումներ երբևէ առիթ չէին ունեցել լսել: Հիշարժան էր նաև Ռուբեն Հախվերդյանի հեղինակային երեկոն և «Երաժշտական Հայաստան»-ցիների հանդիպումը սիրված երգչի հետ: «Շատ ուրախացա, երբ իմացա ՀԲԸՄ-ի այս ծրագրի մասին: Դիմեցի և ընդունվեցի: Արդեն 12 տարի է կիթառ եմ նվագում: 10 օր է Հայաստանում եմ և մասնակցում եմ կիթառի վարպետության դասընթացների Հակոբ Ջաղացպանյանի հետ: Շատ բան եմ սովորում, նրբություններ բացահայտում, սխալներս շտկում: Անչափ շնորհակալ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել ինձ ՀԲԸՄ-ի շնորհիվ: Այս ծրագիրն իրոք շատ կօգնի մեզ մեր երաժշտական հետագա ուղին կերտելու գործում», ասում է այս տարվա ամենաերիտասարդ մասնակիցը` 18-ամյա Սաքո Դերմենջյանը Սիրիայից: 3-շաբաթյա երաժշտական ուսուցումը եզրափակվեց օգոստոսի 2-ին Նարեկացի Արվեստի Միության դահլիճում տեղի ունեցած համերգով: «Երաժշտական Հայաստանի» մեկուկեսժամյա ծրագիրը հագեցած էր. Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ռոմանոս Մելիքյան, Առնո Բաբաջանյան, Արմեն Տիգրանյան, Ստեփան Ջրբաշյան, Ալբենիս և Մոցարտ: Համերգի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան վկայագրերի, որոնք նրանց հանձնեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և «Երաժշտական Հայաստան» ծրագրի նախաձեռնող Վազգեն Յակուբյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր դասախոսներին, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի այս 3 շաբաթները մեր մասնակիցների համար դառնան շրջադարձային ու անկրկնելի: «Երաժշտական Հայաստան»-ը մեկնարկեց 2012թ.` համալրելով ՀԲԸՄ երիտասարդական բազում ծրագրերի շարքը: Ամենամյա այս ծրագրին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի, երաժըշտական որևէ գործիքի տիրապետող կամ վոկալային տվյալներով, տարրական երաժշտական կրթությամբ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերել հայրենիքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Պատանեկան ծրագրեր Երաժշտական Հայաստան ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ` ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: