ՀԲԸՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ` 3 ՏԱՐԵԿԱՆ

ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրին զուգահեռ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվեց Միության ամառային փորձառության Մոսկովյան ծրագիրը: Վեց սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, վեց շաբաթ շարունակ ապրեցին ու աշխատեցին Մոսկվայում` հարստացնելով իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձառությունը: Ամեն օր, վեց շաբաթ շարունակ, ծրագրի մասնակիցներն առնչվում են տարբեր բնագավառների մասնագետների հետ` բավարերով ու ընդլայնելով իրենց հետաքրքրությունների շրջանակը` ֆինանսներից մինչև մշակույթ, տպագրությունից մինչև բժշկություն: Այս տարի նույնպես ծրագրի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց աշխատել Մոսկովյան այնպիսի առաջատար ընկերություններում, ինչպիսիք են «Սկոլկովո» կառավարման դպրոցը, Բանկերի Ռուսաստանյան Ընկերակցությունը, «Սիգար Կլան» ամսագիրը, Մոսկվայի ախտորոշման բժշկական կենտրոնը, Անդրեյ Անիսիմովի ճարտարապետական-վերականգնողական կենտրոնը: Աննա Գրեբենկինան, որը մասնակիցներից մեկի անմիջական ղեկավարն էր «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ծրագրի մասին խոսելիս, ասաց, «Այս ծրագիրը մեծապես օգտակար ու կարևոր է երկու կողմերի համար. մի կողմից մասնակիցներ, ովքեր ցանկություն ունեն կիրառել իրենց գիտելիքները և ձեռք բերել փորձառություն, մյուս կողմից ընկերություններ և գործատուներ, որոնք պատրաստ են իրենց փորձն ու ժամանակը ներդնել օգնելու երիտասարդ մասնագետներին անել իրենց առաջին քայլերը իրենց բնագավառներում»: Երիտասարդների օրերը հագեցած էին. աշխատանքային օրվանից հետո կազմակերպվում էին զվարճալի երեկոներ ու հետաքըրքիր հանդիպումներ կայացած անհատների հետ, որոնք ճանաչում են ձեռք բերել թե՛ տեղի հայկական շրջանակներում, թե՛ միջազգային ասպարեզում: Դրանց թվում` Հրաչ Աջամյանը, որի «Բուդիստ» ընկերությունը ճանաչվել է Ֆորբս ընկերության կողմից, ինչպես նաև Արամ Փախչանյանը, ABBYY ծրագրավորման ընկերության փոխնախագահն ու «Այբ» հիմնադրամի համահիմնադիրը, որն այժմ խոշոր ներդրումներ է անում Հայաստանի կրթական համակարգում: Այս հանդիպումներին ներկա էին լինում նաև ՀԲԸՄ-ի Ռուսաստանյան գործընկեր` ՍԻՎԱՄ ընկերության ներկայացուցիչները: ՍԻՎԱՄ-ը երիտասարդ արհեստավարժների Մոսկովյան ընկերություն է, որը մեծ ներդրում ունի այս ծրագրի կայացման ու զարգացման գործում, ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրվանից: ՍԻՎԱՄ-ի ներկայացուցիչները երիտասարդների կողքին են Մոսկվա ժամանման առաջին իսկ րոպեներից մինչև ծրագրի ավարտն ու երիտասարդների մեկնումը: Հիշարժան էր նաև մասնակիցների այցը Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որտեղ նրանք մասնակցեցին նաև տեղում ընթացող շինարարական աշխատանքներին: Սա ևս մեկ անմոռանալի փորձառություն էր, որը գումարվեց բացառիկ ամառվա մյուս բոլոր հիշողություններին: Մշակութային ներգրավվածությունը ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Ծրագրի շրջանակներում մասնակիցները բարելավում են ռուսաց լեզվի և հայկական պարերի իրենց իմացությունը: Իսկ ծրագրի ամենահիշարժան ու անբաժանելի մասը ուղևորությունն է դեպի Սանկտ Պետերբուրգ և ծանոթությունը ՌԴ մշակութային մայրաքաղաքի հետ: Երիտասարդներն այցելեցին աշխարհահռչակ Էրմիտաժ, Պետրոպավլովյան ամրոց, Պետերհոֆ ցարական ամառային նստա-վայր և տեղի Սբ. Կատարինա հայկական եկեղեցի: «Այս ծրագիրն օգնում է խորապես հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ: Այն ստեղծում է հնարավորություններ ծանոթանալու ժամանակակից Ռուսաստանի հետ, հանդիպելու այնտեղ ապրող բազմաթիվ հաջողակ հայազգի երիտասարդների հետ, ձեռք բերելու անգնահատելի փորձառություն և անկրկնելի ընկերներ, որոնք քեզ հետ միասին կիսում են հայ լինելու հպարտությունն ու կիրքը», ասաց ծրագրի մասնակից, Լոնդոնի Իրավաբանական Դպրոցի ուսանողուհի Տաթևիկ Սարգսյանը: Հուլիսի 31-ին, տեղի ունեցավ հրաժեշտի երեկո` մասնակցությամբ սփյուռքահայ երիտասարդների և նրանց անմիջական ղեկավարների, որի ընթացքում ներկաները կիսվեցին Մոսկովյան օրերի մանրամասներով ու տպավորություններով:

 
Դուք այստեղ եք՝ Home Պատանեկան ծրագրեր Մոսկովյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԲԸՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ` 3 ՏԱՐԵԿԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: