ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՈՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ «Բացահայտի՛րՀայաստանը» ծրագիրը հաջողությամբ ավարտեց 9-րդ շրջանը

ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը Միության Հայաստանում իրականացվող ամենահին ամառային երիտասարդական ծրագրերից է: Անցած 9 տարիների ընթացքում այս ծրագրի օգնությամբ Հայաստանն իրենց համար բացահայտել են 250 հայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: «Բացահայտի՛ր Հայաստանն» այս տարի անցկացվեց 9-րդ անգամ` մեկ հարկի տակ հավաքելով 31 սփյուռքահայ երիտասարդների ութ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, ԱՄԷ, Ռուսաստան և Ռեյունյոն կղզի: Այն մեկնարկեց օգոստոսի 6-ին և ավարտվեց օգոստոսի 23-ին: Ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Իսկ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերը և այցելությունն Արցախ: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԲԸՄ այս ծրագրի մասնակիցները, Fuller Armenia ընկերության հետ համատեղ, օգնության ձեռք են մեկնում կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ նրանց աջակցության ձեռքը հասավ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղ: Խաչատրյանների տան 90-ականներին սկսված, բայց այպես էլ կիսատ թողնված շինարարությունը, ՀԲԸՄ երիտասարդների շնորհիվ, նոր թափ ստացավ: Խումբն այցելեց նաև Գյումրիի «Թռչունյան» մանկատուն` այդ օրը մանկատան երեխաների համար դարձնելով յուրահատուկ ու անմոռանալի: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի բարեգործական ճաշարան, որն ամենօրյա սնունդ է ապահովում կարիքավոր թոշակառուների ու ծնողազուրկ երեխաների համար: Օգոստոսի 13-15-ը, ծրագրի մասնակիցներն Արցախում էին, այցելեցին տեղի պատմամշակութային կոթողներ, Շուշի, Գանձասար: Ավանդույթ է դարձել նաև ծրագրի մասնակիցների կողմից նոր գրքերի նվիրատվությունը Ստեփանակերտի մանկական գրադարանի օտարալեզու գրականության տաղավարին: Այդ տաղավարը հիմնվել է «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 2009թ. մասնակիցների կողմից և ամեն տարի համալրվում է նոր օտարալեզու գրականությամբ: Այս տարվա մասնակիցներին բախտ վիճակվեց նաև ներկա գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին: Անհնար է բառերով նկարագրել մարզադաշտում տիրող մթնոլորտն ու ոգևորությունը և այն զգացմունքները, որոնցով սփյուռքահայ երիտասարդները մայր հայրենիքում հետևում են իրենց հավաքականի խաղին: «Հպարտությունն այն միակ բառն է, որով կարող եմ բացատրել զգացածս: Երջանիկ եմ, որ հայ եմ և այսօր այս ծրագրի միջոցով «բացահայտում» եմ իմ մշակույթը, պատմությունն ու կրոնը: Ինձ հնարավորություն է ընձեռվում որևէ բան փոխել: Մենք մասնակցեցինք շինարարական աշխատանքների, այցելեցինք մանկատուն, սովորեցինք հայկական երգեր ու պարեր. այս ամենն աննկարագրելի տպավորություն թողեց ինձ վրա: Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կվերադառնամ Հայաստան և կշարունակեմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: Վստահ եմ` մարդիկ որքան շատ հասկանան Հայաստանի ուժն ու գեղեցկությունը, այնքան ավելի կգնահատեն այն: Կգնահատեն այնքան, որքան ես եմ գնահատում»,- գրում է Քերոլայն Թայերը ԱՄՆ-ից: Հիշարժան էր նաև խմբի այցելությունը Ծաղկաձորի Կեչառիս վանք և մասնակցությունը խաղողօրհնեքի արարողությանը: Երիտասարդներն այցելեցին նաև Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի, Սևան, Նորավանք, Մատենադարան, Գաֆեսչյան թանգարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԲԸՄ և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գրասենյակներ: Իսկ ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները նրանց համար կազմակերպել էին հատուկ համերգային ծրագիր: Ծրագրի միջոցով մասնակիցները կարողանում են ճանաչել իրական Հայաստանը` իր առօրյայով ու խնդիրներով:

 

Տեսանյութ

 

 

end faq