«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐ

 

Սփյուռքահայ երաժշտասեր երիտասարդությանը հայ մշակույթին ու մանավանդ հայ երաժշտության հաղորդակից դարձնելու ու նրանց երաժշտական գիտելիքները կատարելագործելու նապատակով, ՀԲԸՄ-ն 2012-ին նախաձեռնեց «Երաժշտական Հայաստան» ծրագիրը: Երաժշտական նվազագույն գիտելիքներ ունեցող, երաժշտական գործիքներ նվագող ու վոկալի որոշ փորձառություն ունեցող երիտասարդները հայրենի մասնագետների գլխավորությամբ հետեւում են դասական, ժամանակակից (ջազ, էստրադա), ազգային (ժողովրդական, աշուղական) եւ հոգեւոր երաժշտության վարպետության դասընթացների ու հատուկ դասախոսությունների, որով հարստացնում են իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարողական արվեստը:

Ծրագրի օրերին նրանք ծանոթանում են նաև հայրենի երաժշտական կյանքին, ներկա են լինում համերգների, կապեր հաստատում իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ այցելում Հայաստանի տեսարժան վայրերը:

Ծրագրի ավարտին մասնակիցները հանդես են գալիս իրենց սեփական համերգային ծրագրով մայրաքաղաքի համերգային դահլիճներից մեկում:

Մինչ օրս «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել շուրջ 30 մասնակիցներ ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Հունաստանից և այլ երկրներից:

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Սփյուռքահայ համալսարանականների համար ՀԲԸՄ-ի նախաձեռնած ամառային ուսանողական փորձառության ծրագիրը Երևանում մեկնարկեց 2007 թ.։ Առ այսօր ծրագրին մասնակցել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ավստրիայից, Սիրիայից, Շվեյցարիայից, Լիբանանից, Կանադայից, Բուլղարիայից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, , Գերմանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և այլ պետություններից շուրջ 200 երիտասարդներ։ Սա ՀԲԸՄ-ի թվով երրորդ և Հայաստանում առաջին ամառային ուսանողական փորձառության ծրագիրն է։ Իրենց ասպարեզներում փորձ ձեռք բերելու նպատակով սփյուռքահայ երիտա-սարդներն աշխատում են տարբեր հասարակական կազմակերպություններում, կրթական ու առողջապահական հաստատություններում, պետական գրասենյակներում։ Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցում են ուսուցողական և մշակութային մի շարք միջոցառումների, որոնք նպաստում են հայ մշակույթի ու հայրենիքի հետ նրանց կապերի ամրապնդմանը։ Կազմակերպվում են նաև հայոց լեզվի, հայկական ժողովրդական պարի ու հայկական խոհանոցի դասընթացներ, որոնք էլ ավելի են հարստացնում նրանց կեցությունը հայրենիքում` հաղորդակից դարձնելով նրանց ազգային ժառանգությանը։ Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելում են նաև գեղատեսիլ վայրեր, թանգարաններ, ծանոթանում հայրենի պատմամշակութային կոթողներին, մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այցելում Հադրութի շրջանում ՀԲԸՄ-ի կողմից վերանորոգված Նորաշեն գյուղ, ծանոթանում տեղի ավանդույթներին և ՀԲԸՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի մասնակիցները հանդիպումներ ու քննարկումներ են ունենում հայրենի ճանաչված քաղաքական, դիվանագիտական ու հասարակական գործիչների ու տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ծրագրի մասնակիցներից ոմանք հանդես են գալիս նաև անհատական նախաձեռնություններով, որոնք միտված են Հայաստանի համայնքների զարգացմանը:

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ

 

ՀԲԸ Միության` 1995թ. սփյուռքում հիմնադրված Երիտասարդ արհեստավարժների համախմբման նպատակն է 22-40 տարեկան հայ երիտասարդների մեջ պահպանել ու զարգացնել հայկական ինքնությունն ու ժառանգությունը։ Քաղաքացիական մտածողությամբ օժտված ու բարեսիրության սկզբունքներին նվիրված ՀԲԸ Միության երիտասարդ արհեստավարժներն իրենց ժամանակը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնում են հայկական համայնքների բարգավաճմանը` մշակութային, մասնագիտական, սոցիալական ու հանրօգուտ ծրագրերի իրականացման միջոցով։ Այդ ծրագրերին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում գործող երիտասարդ արհեստավարժները։ Մաս կազմելով ՀԲԸ Միության մեծ ընտանիքին` Երևանի Երիտասարդ արհես-տավարժների համախմբման եռանդուն անդամները նվիրահավաքների, հանրօգուտ աշխատանքների, ինչպես նաև միության մասնաճյուղերի, դպրոցների ու կառույցների հետ գործակցության միջոցով նպաստում են համատեղ ծրագրերի իրականացմանը, միության ծրագրերի ընդլայնմանը, մասնակցում միության խոշոր միջոցառումներին։ ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ արհեստավարժներն իրականացրել են մի շարք կրթական, մշակութային, սոցիալական և մանկական ծրագրեր։ Աջակցություն է ցուցաբերվել կարիքավոր ընտանիքների կիսակառույց բնակարանների կառուցմանը և բնակության պայմանների բարելավմանը, մարզերում համակարգչային դասասենյակների կահավորմանը, գյուղերում կանաչապատման ու բնապահպանական խնդիրների լուծմանը, լեյկոզով և արյան մի շարք հիվանդություններով տառապող հիվանդների կյանքի փրկության ու բուժման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև գյուղատնտեսական վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Համախմբումը կազմակերպում է նաև հանդիպումներ ու քննարկումներ տարբեր բնագավառներում հայտնի ու կայացած անհատների ու մասնագետների հետ:

ՀԲԸՄ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՈՒ ԿԱՆԱՆՑ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

 

ՀԲԸՄ վարժարանների սաների, երիտասարդական, գեղարվեստական ու կանանց խմբերի ավանդական այցելությունների աշխարհագրությունն ու ծավալները ընդլայնվում են: ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան, Կալիֆորնիայի երկու` Դեմիրճյան-Մանուկյան եւ Վաչե եւ Թամար Մանուկյան վարժարանների սաներին 2011-2012 թթ. միացան նաեւ միության Բեյրութի Դարուհի-Հովակիմյան ու Թեհրանի Մարի Մանուկյան վարժարանի սաները: Միության մարզական խմբերը մասնակցում են Հայաստանում տեղի ունեցող համահայկական խաղերին, իսկ գեղարվեստական խմբերը հանդես են գալիս հյուրախաղերով: Ընդհանուր առմամբ 2013-2014 թթ. ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերը Հայաստան են բերել շուրջ 1500 սփյուռքահայ երիտասարդների: ՀԲԸՄ Ֆրանսիայի «Հայաստան. կյանքի երկիր» երիտասարդական խումբն իր իրականացրած կամավոր շինարարական, առողջապահական, մարդասիրական, բնապահպանական ու կրթական ծրագրերի շնորհիվ 2011 թ. արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակին` «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում:

«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

2007 թ. աշնանը Հայաստան կատարած իր այցելության ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, միության Կենտրոնական վարչական ժողովի աջակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում սկաուտական բանակում-ճամբարի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սեփական հողատարածք։ 2008 թ. մեկնարկած տարեկան բանակումներին մասնակցել են միության Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ուրուգվայի մասնաճյուղերի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի խմբի ու Արցախի շուրջ 2000 սկաուտներ ու արենուշներ։ «Անդրանիկ» բանակումի մասնակից սկաուտներն ու արենուշները, բանակավայրում կազմակերպված սկաուտական խաղերի, դաստիարակչական աշխատանքների ու զրույցների, ինչպես նաև արշավների ու խարույկահանդեսների կողքին, առիթ են ունենում նաև շրջելու հայրենի տեսարժան վայրերում, այցելելու պատմական հուշարձանները, վանքերն ու ազգային բանակի զորանոցները։

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Content Project Պատանեկան ծրագրեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: