ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի և նրա տիկնոջ` Վերա Սեդրակյանի բարերարությամբ իրականացվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հին Վեհարանի հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքները: 2010 թ.-ի դեկտեմբերին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ: Հին Վեհարանը վերջին անգամ նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա. Հայրապետի գահակալության շրջանում` 1958 թ.: Վերանորոգությունից հետո հին Վեհարանի շենքը պահպանել է իր պատմաճարտարապետական հորինվածքը և գործելու է որպես թանգարան, ինչպես նաև ծառայելու է որպես իջևանատուն Ս. Էջմիածին այցելող բարձրաստիճան հոգևորականների համար:

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ

Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ կառուցվում է մոմավառության մատուռ և կաթողիկոսական դամբարան, որի հիմնօրհնեքի արարողությունը տեղի ունեցավ 2014թ. նոյեմբերի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Մոմավառության սրահը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների հովանավորությամբ: Ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների օժանդակությամբ իրականություն է դարձել նաև Սևանի Վազգենյան դպրանոցը, որի նոր շենքը կառուցվել է տարիներ առաջ:

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ

 

ՀԲԸ Միությունը Սբ. Էջմիածնի հետ ապահովում է մեր հոգևոր ժառանգության պահպանումն ապագա սերունդների համար։ Աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցու` Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորչի շինարարության գլխավոր հովանավորներն եղել են ՀԲԸՄ բարերարները։ Վերջիններս ֆինանսավորել են նաև հետևյալ ծրագրերը.- Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Երրորդություն, ինչպես նաև Էրեբունու, Գյումրիի Սբ. Հակոբ, Վանաձորի Սբ. Գ. Նարեկացի եկեղեցիների, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Սբ. Էջմիածնի միաբանական շենքերի, ծառայության կենտրոնի, ծերանոցի եւ Սբ. Էջմիածնի բացօթյա խորանի կառուցումը: Հայաստանում քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ վերականգնվել են նաև Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների սկզբնական գույները։ ՀԲԸՄ բարերարներից տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ կառուցվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան նոր շենքը:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Content Project Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: