ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համահայկական մեծագույն կազմակերպության` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1949 թ.: Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել 2002 թ. փետրվարի 22-ին: Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976-ից: Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբեւէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977թ.), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար,ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչեւ միության նախագահ ընտրվելը:

Մինչ Միացյալ Նահանգներ հաստատվելը, երիտասարդ տարիքում Պերճ Սեդրակյանը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համալիբանանյան սկաուտական շարժման ղեկավար:

Իր պաշտոնավարության տարիներին նախագահ Սեդրակյանը սերտորեն համագործակցել է իր նախորդների` Ալեք Մանուկյանի եւ Լուիզ Մանուկյան Սիմոնի հետ: Անցնող ավելի քան երեք տասնամյակների ընթացքում պարոն Սեդրակյանը շրջագայել է շատ երկրներում, ամրապնդելով իր կապերը ՀԲԸՄ-ի կառույցների, ընդհանրապես երիտասարդության ու մասնավորապես սփյուռքահայ երրորդ կամ չորրորդ սերնդի այն երիտասարդների հետ, որոնք կապված չեն եղել հայկական կառույցներին ու հայ կյանքին: Նա միաժամանակ ընդլայնել է կազմակերպության ընթացիկ բազմաբնույթ ծրագրերը Հայաստանում ու սփյուռքում, զարկ տալով նոր ծրագրերի:

Պարոն Սեդրակյանը ամուսնացած է Վերա Նազարյանի հետ և ունի երկու դուստր` Անի, մասնագիտությամբ իրավաբան, ապրում է Նյու Յորքում և Լարա` մասնագիտությամբ քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Bloomberg և այլ:

Տիրապետում է հայերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: Նա ֆրանսերեն լեզվի ու համեմատական իրավունքի մագիստրատուրայի գիտական աստիճան է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ և Ֆրանսիայի Լիոնի հայտնի համալսարաններից: Այժմ ավագ գործընկեր է Նյու Յորքում տեղակայված միջազգային իրավաբանական առաջատար ընկերություններից մեկում:

ՀԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցության նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը 2011թ. Հայաստանի հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով` ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:

Շնորհիվ աշխարհով մեկ կատարած իր հաճախակի ուղեւորությունների, միջազգային քաղաքական ասպարեզին քաջածանոթությանը, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպություններում երկարամյա ակտիվ ներգրավվածությանը՝ Պարոն Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնին հաղորդում է գլոբալ աշխարհի եզակի հեռանկար: Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ: Կարծում ենք, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, ՀԲԸՄ-ն այսօր էլ բախտավոր է ունենալ այնպիսի նախագահ, ով հանդիսանում է մեր ժամանակների փայլուն առաջնորդ: Խորապես ըմբռնելով ներկայի մարտահրավերներն ու գիտակցելով հայրենիքի և սփյուռքի իրողությունները՝ պարոն Սեդրակյանը կոչված է առաջնորդելու ՀԲԸՄ-ն իբրև առաջատար համահայկական կազմակերպություն, այնպես ինչպես վիճակված էր Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի տեսլականի շնորհիվ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Content About ՀԲԸՄ նախագահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: