Մարդասիրություն

«ԲԱՑԱՀԱՅՏԻ´Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ ՏՈՆԵՑ ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուղիղ 10 տարի առաջ, 2003թ.-ի ամռանը, տեղի ունեցավ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի առաջին հավաքը: Անցյալ 10 տարիների ընթացքում այս ծրագրի միջոցով Հայաստանն իրենց համար բացահայտել են մոտ 300 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: Ծրագրի հոբելյանական 10-րդ շրջանն այս տարի Հայաստան էր բերել 28 երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: 3-շաբաթյա ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Բայց ծրագրի առանցքային բաղադրիչները կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերն են ու այցելությունը Արցախ: Համայնքային ծրագրերի շրջանակներում «Բացահայտիր Հայաստանն» արդեն երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ այդ համագործակցությունը երտասարդներին տարավ Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որտեղ ՀԲԸՄ երիտասարդներն օգնեցին ազատամարտիկ ուսուցչի ընտանիքին ավարտին հասցնել կիսակառույց տունը: Տանտերը` Գագիկ Ալեքսանյանը հուզված էր, բայց գոհ ու շնորհակալ. «Անչափ երախտապարտ եմ բոլոր կազմակերպիչներին ու մասնակից երիտասարդներին այս օգնության համար: Նրանք աշխատում են շատ կազմակերպված ու անսպառ եռանդով ու էներգիայով»: Օգոստոսի 12-14-ը, ծրագրի մասնակիցներն Արցախում էին, այցելեցին տեղի պատմամշակութային կոթողներ, Շուշի, Գանձասար: Ավանդույթի համաձայն այցելեցին նաև Ստեփանակերտի մանկական գրադարան ու կրկին հարստացրին գրադարանի օտարալեզու գրականության տաղավարը, որը տարիներ առաջ հիմնել են հենց այս ծրագրի մասնակիցները: Գյումրու «Թռչունյան» մանկատան երեխաների համար օգոստոսի 19-ը նման չէր մյուս բոլոր օրերին: «Բացահայտիր Հայաստան»-ցիներն այցելեցին մանկատուն` իրենց հետ տանելով բազմաթիվ նվերներ և 3000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը, որը մասնակիցներից մեկը` Ֆիլիպ Թարջանը, հանգանակել էր Հայաստան գալուց առաջ ԱՄՆ-ում իր իսկ կազմակերպած դրամահավաքի ժամանակ: Գումարը կօգտագործվի ձմռանը մանկատունը ջեռուցելու նպատակով: Մի ամբողջ օր երիտասարդներն անցկացրին մանկատանը` երգ ու պարով, խաղերով ու հետաքրքիր պատմություններով: «Դժվարանում եմ բառերով արտահայտել այն ամենը, ինչ ինձ տվեց «Բացահայտի՛ր Հայաստանը»: Ես ապրում եմ մեծ հայկական ընտանիքում, որն ինձ հնարավորություն է տալիս ապրել ավանդույթներով ու իմանալ հայկական խոհանոցը, բայց Հայաստան այցելելս փոխեց իմ ողջ պատկերացումն այս երկրի մասին: Չափազանց մեծ է տարբերությունը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի միջև: Հայաստանում ես առիթ ունեցա ուսումնասիրել բոլորովին այլ մշակույթ ու առօրյա: Հենց այդ պատճառով է, որ Հայաստան այցելելն այսքան կարևոր է որևէ հայի համար, ով ցանկանում է պահպանել իր արմատներն ու ինքնությունը: Ես եղա այնտեղ, որտեղ ապրել են իմ նախնիները և այսօր, ավելի քան երբևէ, կարող եմ ավելի խորը իմաստ տալ «Ես հայ եմ բառերին», - ասաց Մարկուս Մամուրյանը ԱՄՆ-ից: Ծրագրի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները հաճախում էին նաև հայկական երգի, պարի և կավագործության դասերի: Իսկ վերջում հանդես եկան նաև համերգով ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը: Խումբն այցելեց նաև Էջմիածին, Ծաղկաձոր, Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի, Սևան, Նորավանք, Մատենադարան, Գաֆեսչյան թանգարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ՀԲԸՄ և Հայկական վիրտուալ համալսարան, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի բարեգործական ճաշարան, որն ամենօրյա սնունդ է ապահովում կարիքավոր թոշակառուների ու ծնողազուրկ երեխաների համար: Այս տարի մասնակիցների թվում էր նաև Էմիլիո Շադը Նյու Յորքից, որն ազգությամբ հայ չէ, բայց մասնակցում էր ծրագրին իր հայազգի ընկերուհու հետ միասին: «Իմ մասնակցությունը «Բացահայտի՛ր Հայաստան»-ին, որպես ոչ հայազգի մարդու, իսկապես բացահայտում էր ինձ համար: Երբ տեսա ցեղասպանության թանգարանը, հասկացա, թե որքան քաղցր է կյանքը, և թե որքան բախտավոր եմ ես, որ իմ Քայլայի նախնիները կարողացել են փախչել ու փրկվել ցեղասպանությունից: Հրաշալի էր տեսնել այս բոլոր պատմական ու մշակութային վայրերն ու եկեղեցիները: Սա ինձ հնարավորություն տվեց լավ ճանաչելու ընկերուհուս ընտանիքի պատմությունը, ինչպես նաև ուսումնասիրելու և ներգրավվելու այլ մշակույթի մեջ», - ասաց Էմիլիոն: Ծրագրի ավարտին, բոլոր մասնակիցները` գլխավորությամբ ծրագրի ղեկավար Հերմինե Դուզյանի և ներկայությամբ ՀԲԸՄ Հայաստանի ղեկավարության ու անձնակազմի, տոնեցին «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի 10-ամյակը: Կտրեցին հոբելյանական տորթը, միմյանց ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով շնորհավորեցին ու ցանկացան ծրագրին ու Միությանը երկար տարիների կյանք:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ Արխիվ 2013 Բացահայտիր Հայաստանը «ԲԱՑԱՀԱՅՏԻ´Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ ՏՈՆԵՑ ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: