Մարդասիրություն

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀԻԱՆԱԼԻ ԾՐԱԳԻՐ Է ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ԽՈՐԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ

Ստեփան Ադամյանը Նյու Յորքից է: Ուսումնասիրում է համեմատական գրականություն Կոլումբիայի համալսարանում: Նա այն յոթ երիտասարդներից էր, որ մասնակցեց ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ի երկրորդ շրջանին և այժմ կիսվում է ծրագրից ստացած իր տպավորություններով: «Նույնիսկ երբ Կոմիտասի ամենամութ գործն ես կատարում, պետք է կարողանաս լույս սփռել առարկայի վրա»: Սա իմ երգարվեստի մասին ողջ կյանքիս ընթացքում երբևէ լսած ամենաարժեքավոր խորհուրդն էր և ես այդ խորհրդին արժանացա իմ վոկալի ուսուցչի կողմից, ՀԲԸ Միության «Երաժշտական Հայաստան» ծրագրի երկրորդ շաբաթվա ընթացքում: Միգուցե այդ բառերն այնքան էլ կարևոր չթվան առաջին հայացքից, բայց դա հենց այն էր, ինչ ինձ պետք էր իմ երգարվեստում ամեն ինչ իր տեղը գցելու համար: Ընդամենը մի քանի օրվա մեջ փոխվեց իմ ամբողջ մոտեցումն ու երգելու տեխնիկան ե այդ ամենը շնորհիվ այս ծրագրի: Պարզ ասեմ. «Երաժշտական Հայաստանը» հիանալի ծրագիր է, և վստահաբար լավագույն միջոցը խորապես հասկանալու և գնահատելու հայ արվեստը: Եվ չնայած «Երաժշտական Հայաստանն» առաջին հերթին նվիրված է հենց հայ երաժշտությանը, այն նաև միջոց է մտնելու և ներգրավվելու Հայաստանյան կյանքի ու անցուդարձի մեջ: Երեք շաբաթվա ընթացքում մենք հաճախեցինք բազմաթիվ դասախոսությունների` արվեստի համապատասխան ճյուղերում մեր լավագույն մասնագետների մատուցմամբ. հայ երաժշտության նոտագրման համակարգից մինչև հայկական էպոս և այդ դասախոսություններն էին, որ մեզ տվեցին անհրաժեշտ հիմք գնահատելու այն երաժշտությունը, որ մեզանից յուրաքանչյուրն ուսումնասիրում էր անհատապես: Որպես մեներգիչ ես կենտրոնացած էի Կոմիտաս վարդապետի երգերի վրա և բախտավոր էի ունենալ հիասքանչ ուսուցիչ` Աննա Մայիլյանին: Ինքը լինելով հայ երգարվեստի անկրկնելի և յուրօրինակ վերարտադրողներից մեկը` Աննան երեք շաբաթվա ընթացքում ինձ սովորեցրեց վեց երգ: Սակայն սովորեցնելը շատ մեղմ է հնչում Աննայի համար. նա ինձ ցույց տվեց այս երաժշտության ողջ հմայքը, և ես այժմ հստակ գիտեմ, որ կարողանալ երգել այդ երգերը մեծագույն առավելություն է: Մինչև այս ծրագիրը կարծում էի, որ Կոմիտաս երգելը չափազանց տարբեր է Շուբերտից, որի արվեստի վրա կենտրոնացած էի մինչ այդ, բայց Աննան ինձ ցույց տվեց ընդհանրությունները գերմանական և հայկական երգարվեստի դպրոցների միջև: Եվ չնայած դասերը շատ ինտենսիվ էին, երբեք չընկալեցի դրանք որպես աշխատանք: Ծրագրի բնույթից ելնելով մեր ժամանակի մեծ մասն անցնում էր դասասենյակներում: Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ մենք անընդհատ աշխատում էինք: Մեր ծրագրի հիանալի համակարգողը` Ինեսան, այնպես էր կազմել ծրագիրը, որ յուրաքանչյուրս գտնում էինք մեր նախասի-րություններին համապատասխան անելիք: Երևանյան զբոսանքներից բացի մենք նաև ուղևորվեցինք Գյումրի և Սևան: Ներկա եղանք բազմաթից երաժշտական երեկոների` ակումբային ջազից մինչև Խաչատրյանի «Սպարտակ» բալետ: Երևանյան գիշերային կյանքի մասին կարող եմ մեկ բան ասել. պետք է տեսնես, որ հավատաս: Մենք եղանք քաղաքի լավագույն ռեստորաններում: Երբեք չէի մտածում, որ կասեմ այս բառերը, բայց կարծես թե այս ուղևորությունը վերջապես հագեցրեց «մանթի»-ի հանդեպ ունեցած անհագ ախորժակս: Նախկինում էլ էի միշտ գովաբանում ու պաշտպանում հայ երաժշտությունը, բայց դա անում էի ելնելով իմ ազգությունից ու ժառանգությունից: Այժմ, այս ծրագրից հետո, ես հասկացա, որ հայ ժողովուրդն իրոք կարող է պարծենալ բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մի քանիսով: Մեսրոպ Մաշտոցի շարականներից մինչև Տիգրան Մանսուրյանի կոնցերտները, հայ երաժշտությունը հարուստ է և թերագնահատված Հայաստանի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով, ես ինքս ինձ վրա պարտավորություն եմ վերցրել ներկայացնել մեր երաժշտությունն ուրիշներին: Ներկայումս մշակում եմ հայ և գերմանացի կոմպոզիտորների երգերից կազմված մի համերգային ծրագիր: Մյուս կողմից, որպես երկարամյա ռադիո ծրագրավորող Կոլումբիայի համալսարանի ռադիոկայանում (WKCR), սկսել եմ շատ հաճախ ներկայացնել հայ երաժիշտների գործեր, և դա չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացնում ունկնդիրների շրջանում: 3-շաբաթյա ծրագրի ընթացքում ես հասկացա, որ այս երաժշտության իմաստը լոկ նրա հայերեն լեզվով լինելու մեջ չէ: Սա երբևէ գրված ամենագեղեցիկ ու ազդեցիկ երաժշտություններից է: Անկախ ազգությունից ու կրթությունից մարդիկ անմիջապես ընկալում են այն: Այնուամենայնիվ, շնորհիվ «Երաժշտական Հայաստանի» է, որ ես հասկացա սա և շարունակելու եմ մյուսների համար էլ բացահայտել հայ երգարվեստի անասելի յուրահատկությունները»:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ Արխիվ 2013 Երաժշտական Հայաստան «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀԻԱՆԱԼԻ ԾՐԱԳԻՐ Է ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ԽՈՐԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: