Մարդասիրություն

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում իրականացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության սփյուռքահայ երիտասարդական ամառային ծրագիրը, որն այս անգամ տեղի ունեցավ 2008 թվականի հունիսի 28-ից Օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: 18 երիտասարդներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Սիրիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ռուսաստանից մասնակցեցին ՀԲԸՄ երիտասարդական ամառային ծրագրին: Սփյուռքահայ երիտասարդներն աշխատեցին տարբեր հասարակական կազմակերպություններում, առողջապահական հաստատություններում, Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակներում, ինչպես նաև “Կոնվերս” Բանկում, Epygi Labs, Women’s Resource Center NGO, Tumo Գրաֆիկ Դիզայնի Ստուդիայում, Ապագանն Քոնն է, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Արարատ Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնում, Երևանի թիվ 2 հիվանդանոցում, Շողակաթ հեռուստաընկերությունում, Գևորգյան Արվեստի Պատկերասրահում, Հայկական Զարգացման Գործակալությունում, Երևանի Բժշկական Համալսարանի հիվանդանոցում և Գաֆեսջյան թանգարան հիմնադրամում: Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցեցին ուսուցողական և մշակութային մի շարք միջոցառումների: Կազմակերպվեցին նաև հայերեն լեզվի, հայկական ժողովրդական պարի և հայկական խոհանոցի դասընթացներ: Հայ ժողովրդի պատմության մասին իրենց ունեցած տեղեկությունները հարստացնելու նպատակով երիտասարդների համար կազմակերպվեց հատուկ դասախոսություն, որը կարդաց Արարատ Ռազմավարական Կենտրոնի տնօրեն Դոկտոր Արմեն Այվազյանը: Այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` երիտասարդներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև ծանոթացան Ցեղասպանության թանգարանի նյութերին` հատուկ բացատրություններ ու լուսաբանություններ ստանալով թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից: Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելեցին նաև գեղատեսիլ վայրեր, թանգարաններ, Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան, ծանոթացան հայրենի պատմամշակութային կոթողներին, մեկնեցին Արցախ, որտեղ նրանց ընդունեց ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Գանձասար և Շուշի, ծանոթացան ՀԲԸՄ կողմից այնտեղ իրականացվող ծրագրերին: Ծրագրի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն Երևանի Ժողովրդական Արվեստի թանգարանում, ծրագրի մասնակիցների, անմիջական համակարգողների, ՀԲԸ Միության Հայաստանի ներկայացուցչության պատասխանատուների, և այլ հյուրերի մասնակցությամբ: Մասնակիցների աշխատանքային գործունեությունը նկարահանվեց Հայաստանի Հանրային և Շողակաթ հեռուստաընկերությունների կողմից: Այն հետագայում կվերածվի ծրագրի մասին պատմող ֆիլմի: Հաճելին և օգտակարը համատեղող ՀԲԸՄ այս ծրագիրն իրականացրեց ՀԲԸՄ Հայաստանի Ներկայացուցչության կրթական ծրագրերի կոորդինատոր Հասմիկ Խալափյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2008 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: