Մարդասիրություն

ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ 3 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ

Գյումրիի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցը շարունակաբար եղել է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի և Վիսքոնսինի ՀԲԸՄ բարեկամների հանգանակությունների շնորհիվ 2012թ. հնարավոր դարձավ ամբողջությամբ վերակառուցել և վերանորոգել դպրոցի կցաշենքը, որը ծառայելու է իբրև բաղնիք և կաթսայատուն: 2007թ. ի վեր, իբրև կաթսայատուն ծառայում էր դպրոցի բաղնիքից առանձնացված մի հատված, որտեղ ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի միջոցներով տեղադրվել էր 3 կաթսա` բաղնիքը տաք ջրով ապահովելու և ձմեռային ամիսներին դասասենյակները ջեռուցելու համար: 2012թ. դպրոցի տնօրինությունը դիմեց ՀԲԸՄ-ին` խնդրելով ֆինանսապես աջակցել բաղնիքի և կաթսայատան նոր կցաշենքի կառուցման հարցում: Հանգանակված 23,000 ԱՄՆ դոլարով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և ապահովվեց նոր` ավելի հզոր կաթսաներով, որոնք կապահովեն ոչ միայն բաղնիքի, այլև ողջ շենքի տաք ջրի մատակարարումը: Դպրոցն ապահովվեց նաև գազով, որն առնվազն 3 անգամ կկրճատի դպրոցի ջեռուցման ծախսերը: ՀԲԸՄ-ն հավելյալ 1500 ԱՄՆ դոլար հատկացրեց` դպրոցի տանիքը վերանորոգելու համար: Նախկինում, տանիքի` շի-նարարական աղբով փակված հատվածներից անձրևային ու ձմեռային եղանակներին խոնավությունը պատերի միջով թափանցում էր երեխաների ննջասենյակներ: ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ այդ հատվածները ջերմամեկուսացվեցին և պատվեցին նոր, որակյալ թիթեղներով: Հիշեցնենք, որ 2002թ. ՀԲԸՄ Լոնդոնի կողմից հատկացված միջոցներով վերանորոգվել էին դպրոցի միջանցքը և դասասենյակները, ձեռք էին բերվել մատրասներ և սառցարան: Թիվ 3 հատուկ դպրոցը հիմնադրվել է 1956թ.: Այստեղ ընդգըրկված են տարբեր մտավոր խնդիրներ ունեցող աշակերտներ: Դպրոցը համալրված է փորձառու մանկավարժներով, որոնք ջանք չեն խնայում հիվանդ երեխաներին կրթությամբ և դաստիարակությամբ ապահովելու համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2012 Նորություններ ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ 3 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: