Մարդասիրություն

ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ուրախ է հայտարարելու Արփի Վարդանյանի նշանակումը Միության Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնում: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում:

Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը, ապա նաև Միջազգային Կառավարման Ամերիկյան Բարձրագույն Դպրոցը (Thunderbird): Այնուհետև տեղափոխվել է Հայաստան շարունակելու իր ասպարեզը: Նա իր հետ բերում է Հայաստանում հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և Վաշինգտոնում հայկական հարցերի շուրջ հանրային գիտակցության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված քսանամյա փորձը:

Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենի պաշտոնը, թե Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: Բոլոր զբաղեցրած պաշտոններում նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և իր ներդրումն ունեցել հասարակական կազմակերպությունների կայացման և հզորացման գործում:

Ողջունելով Արփի Վարդանյանին նոր պաշտոնում` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանն ասաց. “Հավատարիմ ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի կարգախոսին` “Ապագային Ընդառաջ”, մեր Միությունն ընդլայնում է իր ծրագրերի և գործունեության շրջանակները հանուն հայ ժողովրդի զարգացման և բարգավաճման: Այս առումով ՀԲԸՄ Երևանի գրասենյակի դերն էլ ավելի է կարևորվում մեր տեսլականն իրականացնելու հարցում` Հայաստանում, տարածաշրջանում և ողջ աշխարհում: Մենք վստահ ենք, որ տիկին Վարդանյանի փորձը, եռանդն ու գիտելիքները թե սփյուռքի և թե Հայաստանի մասին կօգնեն գրասենյակին դիմակայելու այս նոր մարտահրավերները”:

ՀԲԸՄ-ն ողջունում է Արփի Վարդանյանի նշանակումը նոր պաշտոնում` նրա առաջնորդությամբ գործունեության ընդլայնման և նոր ծագրերի իրագործման ակնկալիքներով: