Մարդասիրություն

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԻՐ ԵՌԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՎ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՆԼԱՅՆ ՖՈՐՈՒՄ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) վերջերս նշեց իր գործունեության երրորդ ամյակը` կազմակերպելով համընդհանուր օնլայն ֆորում և իր առաջին ավարտական վիրտուալ հանդիսությունը: ՀՎՀ-ն հայկական առաջին օնլայն բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին երեք տարիների ձեռքբերումները և ներկայացվեցին ծրագրի հետագա զարգացումները: Ներկայիս ուսանողները և շրջանավարտները խոսեցին իրենց փորձի մասին` անձամբ և վիրտուալ ներկա գտնվելով դահլիճում: Իր գործունեության երեք տարիների ընթացքում ՀՎՀ-ն ունեցել է ավելի քանի 2000 ուսանող աշխարհի 63 երկրներից` Վրաստանից մինչև Չինաստան, Շվեդիայից մինչև Հարավային Աֆրիկա և Արգենտինայից մինչև Կանադա:

Համընդհանուր օնլայն ֆորումը վարեց ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և ՀՎՀ հիմնադիր նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, իսկ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ ելույթով: Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր համաժողովի 100-ից ավել պատվիրակներ, ՀՎՀ ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, օնլայն կրթության մասնագետներ և այլ բարձրաստիճան հյուրեր տեղական և միջազգային կազմակերպություններից:

«Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է արձանագրել ուսանողների և համագործակից դպրոցների թվի աճ` Հայաստանում և սփյուռքում ձեռք բերած բարի համբավի շնորհիվ,- ասաց Դոկտ. Երվանդ Զորյանը,- այսօր ՀՎՀ-ն ուրախ է հայտարարելու իր երեք նոր ծրագրերի մասին` ՀՎՀ փաթեթ երեխաների համար, ՀՎՀ ուսուցում մոբիլ սարքերի միջոցով և ՀՎՀ թեմատիկ մուլտիմեդիա փաթեթներ հայկական պատմությամբ և մշակույթով հետաքրքրված անձանց համար»,- ավելացրեց Դոկտ. Զորյանը: Իր խոսքում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փաստեց. «Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում կատարյալ լինելուց բավականին հեռու է: Հայկական ուսումնական հաստատություններն ամբողջությամբ չեն կարողանում օգտագործել այս հնարավորությունը: Այս առումով, Հայկական վիրտուալ համալսարանը Հայաստանում լավագույն կրթական հաստատությունն է: Ես կցանկանայի նշել, որ այստեղ են կիրառված ինժեներական լավագույն լուծումները և լավագույն ինժեներական միտքը»: Նախարարը հավելեց. «Հիրավի, այս դեպքում առկա է նաև հայապահպանության խնդիրը: Դժվար է գերագնահատել համալսարանի կողմից ստեղծված օնլայն շտեմարանի կարևորությունը: Այս գործիքը հատկապես անհրաժեշտ է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների համար: Եվ ես շնորհակալ եմ, որ Կրթության և գիտության նախարարությունն իր կողքին ունի այսպիսի գործընկեր, ով օգնում է ծածկել սփյուռքի կրթական բնագավառի բացերը: Այս նախագիծն այնքան հաջողված է ու հեղափոխական, որ մենք պատրաստ ենք այն ավելի գրավիչ դարձնելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ անցնել համալսարանի լիցենզավորման գործընթացը: Գործընթացի բարեհաջող ելքով ՀՎՀ-ն կդառնա առաջին վիրտուալ ուսումնական հաստատությունը, որ մենք կճանաչենք որպես բարձրագույն կրթական հաստատություն»,- ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Միջոցառման ընթացքում հայտարարված նոր ծրագրերից մեկը ՀՎՀ փաթեթն է մանուկների համար, որ ընդգրկում է հայոց լեզվի և շախմատի դասընթացներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը շեշտեց այս նախաձեռնության կարևորությունը: Հայաստանում շախմատի ուսուցիչներ քիչ կան և, այս պարագայում, մուլտիմեդիա օնլայն ծրագրի դերը մեծ կլինի: Ներկաները դիտեցին նաև դասերից որոշ ցուցադրական նմուշներ: Դոկտոր Զորյանը խոսեց մոբիլ սարքերի, ծրագրերի և կիրառությունների առաջընթացի և զարգացումների մասին՝ նշելով, որ մոբիլ սարքերի կիրառությունը գնալով գերազանցում է անձնական համակարգիչներին: Հաշվի առնելով տեխնոլոգիական ժամանակակից այս զարգացումները և նպատակ ունենալով բավարարել արդի ուսանողի և հասարակության տարատեսակ պահանջները՝ Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներն այժմ առկա են նաև մոբիլ սարքավորումներում: Դոկտոր Զորյանը ներկայացրեց համալսարանի կողմից Apple սարքերի համար ստեղծված մի քանի ծրագիր և դրանց կիրառությունը: Համալսարանը վերջերս նաև ստեղծել և զարգացնում է մուլտիմեդիա թեմատիկ փաթեթներ (փոդքաստեր/Podcasts)՝ նախատեսված ոչ ուսանողների համար, ինչի շնորհիվ հայկական կրթությամբ հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ճարտարապետությանը, երաժշտությանը և պատմությանը` առանց համալսարանի ուսանող դառնալու: Միջոցառումն ուղեկցվեց oնլայն ավարտական հանդիսությամբ: Համալսարանի առաջին շրջանավարտները պարգևատրվեցին դիպլոմներով:

Իրենց շնորհավորանքները հղեցին ՀՎՀ ներկայիս ուսանողները և շրջանավարտները ինչպես դահլիճից, այնպես էլ առցանց կամուրջի կապի միջոցով: Արմեն Կադիյանը (Բեռլին, Գերմանիա), Լյուդմիլա Սարգսյանը (Սելեստատ, Ֆրանսիա) և Գալ Թամիրը (Թել Ավիվ, Իսրայել) խոսեցին իրենց տպավորությունների մասին` նշելով այն կարևոր դերը, որ համալսարանն ունեցել է իրենց կյանքում: Արմենը և Լյուդմիլան հայերեն սովորել էին ՀՎՀ-ում և իրենց խոսքն ներկայացրեցին հայերենով: Ազգությամբ ռուս Լյուդմիլան հայերեն է սովորում հայոց լեզվին ավելի լավ տիրապետելու և իր երեխաներին հայեցի դաստիարակելու համար:

Օնլայն կապի միջոցով ավարտականներին շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` կարևորելով ՀՎՀ-ի մեծ դերը հայկական համայնքները իրար կապելու և Վրաստանի հայության մեջ հայ ինքնությունը պահպանելու գործում:

«Երեք տարվա ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանն աննախադեպ աշխատանք է կատարել հիասքանչ հայոց լեզուն և փառավոր ու անվեհեր մշակույթը յուրաքանչյուրիս տան մեջ տարածելով, - ասաց հայոց լեզվի դասընթացի շրջանավարտ Էլիզաբեթ Փարթամյանը (Ուրուգվայ): - Մենք, որպես ուսանողներ, այսօր ավելի քան երբեք պարտականություն և պարտավորություն ունենք մեր ուսուցիչներից ստացած գիտելիքները զարգացնելու և փոխանցելու մեզ հաջորդող ուսանողներին, նրանց քաջալերելու մեր ուղին շարունակել: Այս երեք տարիների ընթացքում համալսարանը ոչ միայն մեզ գիտելիքներով հարստացրեց, այլ նաև մեծ դեր խաղաց մեր մեջ հայրենասիրական ոգին ամրապնդելու գործում: Բոլորին կոչ եմ անում հավատարիմ մնալ մեր արմատներին: Որտեղ էլ լինենք՝ աշխատենք, որ հայ ազգը միշտ լուսավոր լինի, բարգավաճի, և մեր մշակույթը ծանոթացնենք համայն աշխարհին»: Համընդհանուր օնլայն ֆորումի ավարտին իր էքսպրոմտ խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Ռուբեն Քեշիշյանը: Նա շնորհավորեց համալսարանին իր ձեռքբերումների համար` առանձնացնելով այն կարևոր դերը, որ ՀՎՀ-ն ունեցել է Արգենտինայի`Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան դպրոցի համար:

Հայկական վիրտուալ համալսարանի մասին

ՀՎՀ ծրագիրը հիմնադրվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի կողմից: Տարիներ շարունակ նա նշել է նման մի կրթական ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի հայրենիքում և սփյուռքում հայ ժողովրդի ներկայիս պահանջներին: Օգտագործելով համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցության միջոցներ` ՀՎՀ-ն թույլ է տալիս ուսանողներին սովորել նյութն իրենց նախընտրած արագությամբ, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպել օնլայն ուսուցիչների և դասընկերների հետ: Աշխարհում օնլայն կրթության բնագավառում տեղի ունեցող վերջին նվաճումների հետ մեկտեղ ՀՎՀ-ի առաքելությունն է ստեղծել վիրտուալ ուսումնական համայնք, ինչը կնպաստի ամբողջ աշխարհում սփռված հայ ուսանողների միջև մշակութային և համագործակցային կամուրջի ստեղծմանը:

Վիրտուալ ավարտական հանդիսություն

http://www.avc-agbu.org/home.php?page=anniversary&lang=ehy_utf8

 

Տեսանյութ Երկիրն այսօր. լուրեր

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wOoXRubdpqA#t=81s

 

Սիվիլնեթ

http://www.youtube.com/watch?v=kVMU7R7wS0s&feature=player_embedded#t=5s

 

Արմնյուզ

http://www.youtube.com/watch?v=5g4aK033hJU&feature=player_embedded#t=18s

 

Շանթ հեռուստաընկերություն

http://www.youtube.com/watch?v=oVgRpt2tvcU&feature=player_embedded#t=48s