Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԽՈՒՄԲ

Դեկտեմբերի 7-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան ներկայացուցչությունում կայացավ հայ երիտասարդների հավաք, որի նպատակը ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երեւանյան խումբ ստեղծելն էր: Զարգացնելով հայ ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու եւ տարածելու ՀԲԸՄ առաքելությունը` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները ներկայացնում են նվիրված եւ ձգտում ունեցող ՀԲԸՄ երիտասարդ կամավորների գլոբալ ցանց, որն իրականացնում է կրթական, մասնագիտական, մշակութային եւ սոցիալական գործունեություն` նպաստելով հայ ԵԱ-ների ակտիվ ապրելակերպին: ՀԲԸՄ ԵԱ-ների աշխարհասփյուռ խմբերն ունեն մեկ ընդհանուր նպատակ. ավելացնել նոր ուղղություն հայ ԵԱ-ների կյանքին` առաջարկելով գործունեության նոր ոլորտներ եւ միջոցառումներ, որոնք կնպաստեն ողջ աշխարհի կայացած երիտասարդների հետ միավորմանը, հայապահպան ծրագրերի առավել արդյունավետ եւ ըստ արժանվույն իրականացմանը: Երեւանյան հավաքին ներկա էին 25-40 տարեկան բարձրագույն կրթություն ստացած եւ մասնագիտություն ձեռք բերած հայ երիտասարդներ: Նրանց մի մասը Սփյուռքից ժամանած եւ Հայաստանում բնակություն հաստատած անձինք են: ԵԱ Երեւանյան խումբն աջակցելու է ՀԲԸՄ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում` կազմակերպելով դրամահավաքներ եւ կատարելով սոցիալական աշխատանքներ: Ինչպես նաեւ, օժանդակելու է Հայաստանում կայանալիք ՀԲԸՄ ամառային պրակտիկայի ծրագրին, որի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից հայ ուսանողները 2007 թվականի ամռանը ժամանելու են Հայաստան` մասնագիտական վերապատրաստում անցնելու նպատակով: Խմբի գործունեության շրջանակի մեջ է մտնելու նաեւ ՀԲԸՄ 100-ամյակին նվիրված ապրիլյան միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին աջակցելը: Շուտով կձեւավորվի ԵԱ երեւանյան խմբի համակարգող հանձնախումբը, որից հետո` մինչեւ տարեվերջ, տեղի կունենա երեւանյան խմբի երկրորդ հավաքը` մոտակա ամիսների աշխատանքների կարգը կազմելու եւ պլանավորելու համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2007 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԽՈՒՄԲ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: