Մարդասիրություն

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) “Անդրանիկ” սկաուտական բանակումն այս տարի համախմբել էր Հալեպի, Քամիշլիի, Դամասկոսի (Սիրիա), Բեյրութի (Լիբանան), Բուենոս Այրեսի (Արգենտինա) և Հայաստանի շուրջ 120 սկաուտների ու արենուշների: “Անդրանիկ” սկաուտական երրորդ բանակումը մեկնարկեց հուլիսի 18-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ՀԲԸ Միության սկաուտական բանակա-վայրում: Բանակումի օրերին սկաուտներն ու արենուշները, բացի սկաուտական առօրյայից, դաստիարակչական զրույցներից, խաղերից ու արշավներից, շրջեցին Հայաստանի պատմական ու տեսարժան վայրերով:

Ամեն տարի կատարելագործվող բանակավայրում այս տարի կառուցվեց հատուկ սրահ, որտեղ բանակումի մասնակիցները կազմակերպեցին միջոցառումներ և հավաքներ: Հուլիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկաուտական խմբերին ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը զրույց ունեցավ նրանց հետ ու փոխանցեց իր հայրապետական պատգամն ու օրհնությունը:

“Անդրանիկ” սկաուտական բանակումի ավանդական խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 25-ին, որին ներկա գտնվեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ հյուրեր ու ծնողներ: Խարույկահանդեսին ներկա գտնվեցին նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած ՀԲԸՄ Երևանյան ամառային փորձառության ծրագրի երիտասարդ մասնակիցները, Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի սաներն ու հայրենիքում հանրօգուտ աշխատանքների մասնակցող ՀԲԸՄ Կանադայի երիտասարդական խումբը:

Խարույկահանդեսի ջահը վառելու պատիվը տրվեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին ու ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին: Սկաուտներն ու արենուշները գործադրեցին գեղարվեստական ծրագիր` երգեր, պարեր ու խաղեր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես բանակումի ընդհանուր սկաուտապետն էր պարոն Գևորգ Սանթուրյանը: