Մարդասիրություն

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ 4-ՐԴ ԱՆԳԱՄ

Չորրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն (ՀԲԸՄ) ամառային ամիսներին կազմակերպում է ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը, որը կարևոր մաս է կազմում ՀԲԸ Միության Հայաստանում իրականացվող երիտասար-դական ծրագրերի: Փարիզի և Նյու Յորքի նմանատիպ ծրագրերին 2007-ին միացավ նաև ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը, որի նպատակն է սփյուռքահայ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնել և կապել հայրենիքի հետ, նրանց ընդգրկել ազգային կյանքի և իրադարձությունների մեջ: Ծրագիրը շարունակական է և տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Հունիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը, 20 երիտասարդներ 8 երկրներից` ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Ռուսաստան, Լիբանան, Բուլղարիա, Ֆրանսիա և Միացյալ Թագավորություն, իրենց ամառային փորձառության ծրագիրն անցկացրին Երևանում` աշխատելով այնպիսի առաջնակարգ կազմակերպություններում ու հաս-տատություններում ինչպիսիք են ՀՀ Ազգային Ժողովը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Ամերիա բանկը, ՄԱԿ-ը, Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, "Սիվիլիտաս" հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Deem Communications ընկերությունը, Նարեկ Սարգսյան ճարտարապետական ընկերությունը, Տեր-Տաճատյան իրավաբանական գրասենյակը, IDS Designs ընկերությունը, Իսպանական կենտրոնը, Վարշավյան մանկատունը: Սա մշակութային հարստացման և փորձի փոխանակման միամսյակ է, որի շնորհիվ մեր սփյուռքահայ երիտասարդները ակտիվորեն շըփվում են իրենց հասակակիցների հետ և մոտիկից զգում հայրենի պետականության իրողությունը: Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցեցին նաև մի շարք մշակութային միջոցառումների, հետևեցին հայերեն լեզվի և հայկական ժողովրդական պարերի դաս-ընթացների: Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելեցին նաև Հայաստանի պատմամշակութային կոթողներ, Արցախ, ինչպես նաև ծանոթացան Հայաստանում և Արցախում ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերին, եղան ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում, որտեղ ՀՎՀ հիմնադիր-նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց համալսարանի առանձնահատկությունները և մեկամյա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները: Ծրագրի շրջա-նակներում երիտասարդներին ընդունեց ՀՀ պաշտ-պանության նախարար Սեյրան Օհանյանը: Հուլիսի 16-19-ը երիտասարդներն անցկացրին Արցախում, որտեղ նրանց ընդունեց ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման ընթացքում զրույց ընթացավ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ու հայ երիտասարդության դերին առնչվող հարցերի շուրջ: Հուլիսի 25-ին երիտասարդները հյուրընկալվեցին Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ "Անդրանիկ" սկաուտական ճամբարում, որտեղ նրանք ներկա եղան սկաուտական անմոռանալի խարույկահանդեսին: 2010 թվականի ՀԲԸՄ ամառային փորձառության Երեվանյան ծրագիրը հաջողությամբ վարեցին ծրագրի համակարգող Աննա Աղաջանյանը և նրա օգնական Սաթի Բոյաջյանը: