Մարդասիրություն

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիսի 24-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում, Հայկական բարեգործական միության Հայ երիտասարդաց միության հովանու ներքո` առաջին սկաուտական եւ արենուշական խմբերը տվեցին իրենց միջոցառումների անցկացման մեկնարկը:Միջին Արեւելքի երկրներից` Լիբանանի, Թեհրանի եւ Սիրիայի հայ երիտասարդները` շուրջ 165 սկաուտներ եւ արենուշներ, Լոռու մարզի գեղատեսիլ բնության գրկում 2 մասից բաղկացած 14-օրյա բանակումով, ժամանել են Հայաստան` շփվելու եւ ավելի ամրապնդելու ծանոթությունները իրենց հայրենակիցների հետ: Միջոցառման բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀԲՄԸ երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Մայր աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Արարատ եպս. Գալթակչյանը եւ ուրիշներ: “Սա պատմական նշանակություն ունի մեզ համար: Յուրաքանչյուրս մեր մասնաբաժինը պետք է բերենք հայրենիքի, սփյուռքի եւ Արցախ աշխարհի շենացմանը: Տեղական եւ մարզային իշխանությունները միշտ լինելու են մեր հայ սկաուտների կողքին` օգնելու նրանց դժվարին պայմանները հաղթահարելու համար”, իր ելույթում նշեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: ՀԲՄԸ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի խոսքերով՝ մեկ տարի էլ չի անցել, երբ երկար քննարկումներից հետո Լոռու մարզպետը իր հավանությունը տվեց սկաուտների խմբին` վերջիններիս բանակումը անցկացնելու Լոռիում: “Ուղիղ 2 ամիս առաջ Սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանի հետ կյանքի կոչեցինք նախկինում ամայի այս տարածքը եւ այնպես արեցինք, որ հուլիսի 22-ին արդեն կազմ ու պատրաստ դիմավորենք մեր հայ սկաուտներին: Այս ծրագիրը իր շարունակությունը պետք է ունենա Հայաստանում: Այն տրամադրությունը, որ մեր սկաուտները ունեն, պետք է նաեւ փոխանցեն իրենց մյուս հայ ընկերներին”, իր ելույթում նշեց Աշոտ Ղազարյանը: Հայ սկաուտներին Գարեգին 2-րդ կաթողիկոսի օրհնությունն էր բերել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթակչյանը: Թեհրանից 50, Սիրիայից 95 եւ Հայաստանից 20 հայ սկաուտներ եւ արենուշներ 3-րդ հազարամյակում հայոց պատմության մեջ կարեւոր իրադարձային օր մտցրեցին` սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդների միջեւ պահպանելով ամուր կապերը:
 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2008 Անդրանիկ սկաուտական ճամբար ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: