Մարդասիրություն

ՀԲԸՄ-ի Սկաուտական շարժումը Հայաստանում

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի սկաուտական շարժումը: ՀԲԸՄ Առաջին սկաուտական շարժումները սկզբնավորվել են Լիբանանում, Սիրիայում եւ Եգիպտոսում 1940-ականներին: Այս տարի առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց ՀԲԸՄ-ի Սկաուտական շարժում, որին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ: Սկաուտական շարժման նպատակներից են առողջ, հայրենասեր ու ծառայասեր սերունդներ դաստիարակելը, սկաուտական սկզբունքներ տարածելը: Նորակազմ սկաուտական խմբի դրոշակի օրհնության արարողությունը տեղի էր ունեցել 2008 թ. հունիսին: Այդ օրվանից շարժումը անընդհատ ծավալվում է: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամները մասնակցել են Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում գտնվող ՀԲԸՄ-ի ընդհանուր բանակումին, որին մասնակցում էին շուրջ 300 սկաուտներ ու արենուշներ տարբեր երկրներից: Նորակազմ սկաուտական խմբի պատասխանատուները, գլխավորությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանում Երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմիէ Տիւզեանի, Երեւանի Արաբկիրի Հայորդյաց տանը սկսել են գայլիկների, արծվիկների ու արենուշների անդամագրման աշխատանքները: Սկաուտական նորակազմ խմբի պատասխանատուները ժողովների ու խորհրդակցությունների, ինչպես նաեւ սկաուտական շարժմանն անդամագրված երեխաների ծնողների հետ հանդիպումների ընթացքում բացատրական աշխատանք են տանում սկաուտական շարժման մարդասիրական ու ծառայասիրական էության, ինչպես նաեւ նրանց մեջ հայրենասիրական ոգու դաստիարակման մասին: Նորակազմ սկաուտական շարժման պատասխանատուները նոյեմբերի 29ին կազմակերպեցին ճաշկերույթ-պարահանդես, որին ներկա եղան ՀՀ Կրթության եւ Գիտության փոխնախարար Պրն. Բագրատ Եսայանը, ՀՀ ճանաչված նկարիչ Հակոբ Հակոբյանն իր տիկնոջ հետ, □Առաջինը՝ երեխաներին□ կազմակերպության նախագահ Տիկին Նանի Օսկանյանը, արվեստագետներ Տեր եւ Տիկին Ժիրայր Ալթունյանները, Տեր եւ Տիկին Նիկոլայ Ծատուրյանները, ՀԲԸՄ Հայաստանի Նեկայացուցչության տնօրեն Պրն. Աշոտ Ղազարյանը, Հայաստանում Սկաուտական Շարժման հիմնադիր Հերմինէ Տիւզեանը, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Լիբանանի Վարիչ-տնօրեն եւ ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական բանակումի պատասխանատու Գեւորգ Սանթուրյանը եւ այլ հյուրեր։ Միջոցառումը եւս մեկ անգամ վկայեց այն մասին, որ այսօր Հայաստանում գործում եւ իր հաստատուն քայլերն է շարունակում ՀԲԸՄ Սկաուտական Շարժումը, որի կազմակերպած այս ձեռնարկը դառնալու է ավանդական` սկաուտական շարժման հետագա գործունեության շրջանակներում։
 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2008 Նորություններ ՀԲԸՄ-ի Սկաուտական շարժումը Հայաստանում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: