Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան թիմը, "Օգնիր քեզ" հասարակական կազմակերպության հետ համատեղ, նախաձեռնել են իրականացնել աջակցության և բարեկարգման ծրագիր Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2 փուլով: Գյուղի բնակչության հետ անձամբ ծանոթանալու և գյուղի ներկայիս կարիքները տեղում գնահատելու նպատակով մայիսի 17-ին, ՀԲԸՄ Երևանի ԵԱ խորհրդի անդամ Գայանե Գևորգյանը և "Օգնիր քեզ" հ/կ ներկայացուցիչ Արման Հայրապետյանը մեկնեցին Բարեկամավան` իրենց հետ տանելով 20 արկղ հագուստ և խաղալիքներ, 1 հեռուստացույց, 2 մոնիտոր, սպորտային պարագաներ` գյուղի դպրոցի համար և նախորոք հավաքված միջոցների հաշվին գնված` 50,000 ՀՀ դրամին համարժեք դեղորայք` գյուղի բուժկետի համար: Հաջորդ փուլում նախատեսվում է ցուցաμերել առավել համալիր մոտեցում և իրականացնել հեռահար ծրագիր` բարելավելու համար գյուղի տնտեսական վիճակը: Գյուղապետի և գյուղացիների հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ գյուղի զարգացման համար անհրաժեշտ է շեշտը դնել գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վրա: Մասնավորապես, հաշվի առնելով տեղի բնակլիմայական պայմանները, գյուղում շատ նպաստավոր կլինի կառալյոկի և խնձորի այգիների հիմնումը: Կա 11 հեկտար համայնքապատկան հող, որը գյուղապետը նպաստավոր է համարում կառալյոկի այգիների հիմնման համար: Այդ այգիների հիմնումը և դրանց բաժանումը գյուղացիներին մեծապես կթեթևացնի գյուղի հոգսը: Քննարկվեցին նաև գյուղի ջրատար խողովակի վերանորոգման և նոր խմելու ջրի հոր ստեղծելու հեռանկարները: Ոչ առաջնային, բայց և կարևոր խնդիրներից մեկն էլ գյուղի մշակութային ակումբի վերանորոգման կամ մի նոր զբաղմունքի կենտրոնի ստեղծման հարցն էր: Այս այցին աջակցել և օժանդակել են նաև Բիբլոս Բանկը` ի դեմս Իզաբելլա Սարգսյանի, 106.5 ռադիոկայանը, Հարութ և Ցոլին Բուլդուկյանները, Վիկտոր Սարգսյանը և Նատաշա Հիլիսը, Րաֆֆի և Լուսինե Քասաջյանները, Հարությունյանների ընտանիքը, Լուսինե Նալբանդյանը: Բարեկամավանը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Գյուղից տեսանելի են Ադրբեջանական դիտակետերն ու դիրքերը, ինչը, հատկապես հունձքի և բերքահավաքի շրջանում, առավել վտանգավոր է դարձնում բնակիչների գործունեությունը, քանի որ հարձակման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2011 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: