Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումը գործում է 2008թ.-ից: Այս ընթացքում, սկզբնական մի քանի հոգուց բաղկացած խումբն ընդլայնվել է` իր հարկի տակ առնելով 150-ից ավելի սկաուտների, որոնք ամենշաբաթյա հանդիպումներ են ունենում ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տանը, կազմակերպում տարբեր միջոցառումներ: Անցած տարիների հաջողություններն ու նվաճումները հաշվի առնելով` որոշվեց ընդլայնել ՀԲԸՄ սկաուտական շարժման գործունեությունը Հայաստանում: Այս առի-թով, մայիսի 22-ին, Նորքի հայորդյաց տանը տեղի ունեցավ հանդիպում ծնողների և երեխաների հետ, որին մասնակցում էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ատենապետ Կարեն Տիրարյանը, փոխատենապետ Էդուարդ Տեր-Գասպարը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, սկաուտական խորհրդի այլ անդամներ: Բացման խոսք ասաց Հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը, որից հետո, տեսանյութի ուղեկցությամբ, սկաուտները ներկայացրին շարժման պատմությունը, նպատակներն ու առօրյան: Վերջում իր ողջույնի ու քաջալերանքի խոսքն ասաց Հովիկ Եորդեկյանը: Հանդիպումը մեծ հետաքրքրություն ու ոգևորություն առաջացրեց թե' երեխաների և թե' ծնողների մոտ: Այսպիսով, այս տարվա մայիսի 28-ից, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի նոր մասնաճյուղ է գործում նաև Նորքի Հայորդյաց տանը: