Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը Երևանում նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվեցին միջոցառումներ, որոնց առանցքային մասը տոնական քայլերթն էր, որը մեկնարկեց ժամը 20:00-ին oպերայի շենքից և շարունակվեց Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Սայաթ Նովա երթուղով: Երևանի կենտրոնական փողոցները ծփում էին եռագույնի մեջ: Քայլերթի էին դուրս եկել հազարավոր երիտասարդներ`պետական դրոշներով, զինանշաններով, եռագույն շապիկներով ու գլխարկներով: Այս գեղեցիկ միջոցառումներից անմասն չմնաց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները` խմբապետական կազմի գլխավորությամբ, իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն (3 հավասար հորիզոնական շերտերով): Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է` 1:2մ: Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920թթ.) դրոշը, ճիշտ նույն գույներով, դարձել է նաև 3-րդ հանրապետության պետական դրոշը: ՀՀ Սահմանադրության համաձայն դրոշի երեք գույները խորհրդանշում են. կարմիրը` հայկական լեռնաշխարհը և հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար, կապույտը` հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: "ՀՀ դրոշի մասին" և "ՀՀ զինանշանի մասին" օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականի հունիսի 15-ին: ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են "Մենք" ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Սա մեծ հաշվով համազգային նշանակություն ունեցող ձեռնարկ է, քանի որ առիթ է ընծայում երիտասարդ սերնդին համախմբվելու պետական խորհրդանիշների ներքո, իրենց ակնածանքն ու հարգանքն արտահայտելու ազգային ինքնության ու արժանապատվության առհավատչյա պետականության ատրիμուտների նկատմամբ: Սա նաև ազգային համերաշխության և ազգային հպարտության յուրօրինակ դրսևորում է անկախ պետության ազատ քաղաքացիների կողմից:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2011 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: