ՀԲԸՄ-ի ԿԵՆՏՐՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ՀԲԸ Միությունն ունեցավ իր սեփական կենտրոնատեղին քաղաքամայր Երևանում: Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար 2010թ. միությունը սկիզբ դրեց նոր շենքի կառուցման ծրագրին, որը գտնվում է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի վրա, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ: ՀԲԸ Միության նորակառույց շենքը զբաղեցնելու է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրանալու է հինգ հարկանի ժամանակակից շենք գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը հանդիսանում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների հզորացման, ՀԲԸՄ Հայաստանում ընդլայնվող ներկայության ու գործունեության ծավալման խորհրդանիշ ու մշակութային միջոցառումների նոր օջախ: