ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայագիտական կրթություն է տրամադրում: ՀՎՀ-ն մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարք և հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ է տրամադրում վեց լեզվով՝ հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: 2009թ.-ից սկսած ՀՎՀ-ն դասընթացներ է առաջարկում հայագիտական կրթությամբ հետաքրքրվողներին: ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ դասարաններ այն ուսանողների համար, որոնց հասանելի չեն ավանդական, դեմ առ դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերը, ինչպես նաեւ օժանդակ նյութեր տրամադրում նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: ՀՎՀ-ն նաև ստեղծում է ուսումնական օնլայն համայնք` ողջ աշխարհում ամրացնելով հայկական մշակութային, կրթական և սոցիալական կապերը: 2014թ.-ին մեկնարկած մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքն ընդլայնում է ՀՎՀ-ի գործունեության շրջանակը նոր և առավել հետաքրքրական ուղղությամբ: էլեկտրոնային գրքերը ներկայացնում են Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում են տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և արդի այլ թեմաների:Հանրամատչելի այս շարքը ներկայացված է ընթերցողների լայն լսարանի համար հետաքրքիր եւ ուշագրավ ոճով: Մուլտիմեդիա միջոցները գրքի հարուստ բովանդակությունը լրացնում են լուսանկարներով, եռաչափ պատկերներով, տեսահոլովակներով և համայնապատկերներով: ՀՎՀ-ն համագործակցում է աշխարհով մեկ սփռված կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների և այլ կազմակերպություների հետ, ինչի շնորհիվ բացառիկ ճանաչում և տարածում է գտնում ամբողջ աշխարհում: Մինչ օրս ՀՎՀ-ն ուսանողներ է ունեցել աշխարհի ավելի քան 75 երկրից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Վենեսուելլա։ ՀՎՀ էլեկտրոնային գիրքն ընդգրկում է առավել լայն աշխարհագրություն և ունենում տարեկան ավելի քան 10.000 ընթերցում: Հայկական վիրտուալ համալսարանի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.avc-agbu.org