ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանին: 2007 թ. միությունը ֆինանսավորել էր Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Գ հատորի, ինչպես նաև «Բանբեր Մատենադարանի» հրատարակությունները։ Մեծապես կարևորելով Մատենադարանի երիտասարդ գիտնականների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև հետազոտական ծրագրերի խթանման գործը, ՀԲԸՄ 2014թ.-ից տարեկան կրթաթոշակներ է տրամադրում Մատենադարանի 8 երիտասարդ ասպիրանտների, որոնք աշխատում են Մատենադարանի թվայնացման, արվեստի պատմության ու գրչության, արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, միջազգային կապերի, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժիններում: ՀԲԸՄ-ն հովանավորներից էր 2014թ. Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (AIEA/ՀՈՒՄԸ) հերթական 13-րդ համաժողովի, որն առաջին անգամ լինելով իր աշխատանքներն անցկացնում էր Երևանում: էր.

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Միության աջակցության շնորհիվ լույս են տեսել հայ գրականության ժամանակակից արձակի, պոեզիայի ու թատերգության անգլերեն թարգմանությունների ժողովածուները։ Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հետ համա-տեղ` միության հատկացումների շնորհիվ հրատարակվել են սփյուռքահայ հայտնի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» և «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գործերի հայերեն թարգմանություններն ու Էդուարդ Մելքոնյանի` ՀԲԸՄ-ի պատմությանը նվիրված ռուսերեն աշխատությունը։ Լույս է տեսնել նաև Ավետիք Իսահակյանի երկերի գիտական 2-րդ հատորը։ Շարունակելով իր ավանդական աջակցությունը գրահրատարակչական գործին` ՀԲԸՄ-ն, Հայաստանի գրողների միության հետ համատեղ, նախաձեռնեց ամերիկահայ անվանի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի անվան տպագրատան հիմնումը։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու տպագրական մեքենաները ձեռք են բերվել ՀԲԸՄ «Լևոն Զ. Սյուրմելյան» հիմնադրամի միջոցներով։ Հայ գրականության զարգացմանն ուղղված իր ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Երևանում գումարված Հայ գրողների համահայկական և Օտարագիր հայ գրողների համաժողովներին։ Միության հովանավորությամբ տպագրվում է «Արդի հայ արձակը» անգլերեն ժողովածուն: Գրահրատարակչական ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Երևանում լույս տեսավ պատմաբան, պրոֆ. Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» անգլերեն աշխատության հայերեն հրատարակությունը: