ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Երևանում: Անցնող երեք տարիներին հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության ուղղությամբ: ՀԲԸՄ-ն սիրիահայերին տրամադրեց դրամական օգնություն, որն առավելաբար օգտագործվեց բնակվարձի ու սննդամթերքի համար: Այժմ խիստ կարիքավորներին տրամադրվում է դեղորայք, բժշկական օգնություն և տաք հագուստ: ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին` տրամադրելով տարածք և հոգալով անձնակազմի աշխատավարձերը: Սիրիահայության օգնության խոշորագույն ծրագիրը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրն է: 2013թ. հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: 2013-2014 տարեշրջանին շուրջ 400 ուսանողներ օգտվեցին համատեղ այս ծրագրից, իսկ 2014-2015 տարեշրջանի համար նույնքան թվով ուսանողներ ստացան կրթավճարի փոխհատուցում: Ծրագիրը շարունակվելու է նաև 2015-2016 ուսումնական տարեշրջանին: ՀԲԸՄ-ի ու Չերչյան ընտանիք հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ գյուղտեխնիկայի աջակցության ծրագիր է իրականացվում Քաշաթաղում բնակվող սիրիահայ ընտանիքիների համար: Արցախի հարավարևմտյան հատվածի Ողջի գետի ափին գտնվող Կովսականում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա: Ձեռք են բերվել 3 Բելառուս MT3-82.1 մակնիշի տրակտորներ, 2 սերմնացաններ, ցաքաններ, պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ և այլ գյուղտեխնիկա, պատրաստվել է տրակտորների կայանատեղի: Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ լծվել են հողագործական աշխատանքներին, նպաստելով նաև Քաշաթաղի գյուղատնտեսության զարգացմանն ու նրանց ընտանիքների խնդիրների լուծմանը: Սիրիահայության օգնության շրջանակներում իրականացնվել են տարաբնույթ ծրագրեր, այդ թվում նաև մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ ու համերգներ:

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

 

Հայաստանի անկախացումից ի վեր ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է Բարեգործական ճաշարաններ` ամենօրյա ճաշ մատակարարելով ավելի քան 600 թոշակառուների և ծնողազուրկ երեխաների։ Այսօր ՀԲԸՄ-ն հովանավորում է երեք այդպիսի ճաշարաններ, որոնք տեղակայված են Երևանի երեք Հայորդյաց տներում` Արաբկիր, Մալաթիա և Նոր Նորք, որտեղ ամենօրյա սնունդով ապահովվում են բոլոր կարիքավորները, որոնցից շատերն իրենց հետ տուն են տանում առատորեն մատուցվող ճաշի իրենց բաժինը` ընկերների և ընտանիքի հետ կիսելու համար։ Այն հիվանդներին և հաշմանդամներին, որոնք ի վիճակի չեն այցելել ճաշարաններ, կերակուրը հասցվում է տուն։

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

 

Հղի կանանց աջակցելու, նրանց առողջության բարելավմանը նպաստելու և հղիության շրջանում բարդությունների և նորածին երեխաների շրջանում մահացության բարձր տոկոսը նվազեցնելու նպատակով, 2002 թ. հունիսին ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» հանձնախմբի ջանքերով Գյումրիում բացվեց հղի կանանց աջակցության առաջին կենտրոնը։ Ծրագրի հաջողությունը ստիպեց կազմակերպիչներին բացել նաև երկրորդ կենտրոնը` այս անգամ Վանաձորում 2006 թ.։ 2009 թ Թալինում նույնպես բացվեց նման մի կենտրոն։ Նույն ծրագրի շրջանակներում 2011 թ նոյեմբերին Եղվարդի հիվանդանոցին կից գործող ծննդատանը բացվեց «Նորա Ինճիճեան» կենտրոնը: Կենտրոններ հաճախող հղի կանանց համար կազմակերպվում են կանոնավոր բժշկական ստուգումներ, նախածննդյան խնամք և անհատական խորհրդատվական հանդիպումներ բժիշկների հետ։ Կանայք միասին պատրաստում են սննդարար ուտեստներ, ինչն էլ նրանց շրջանում ստեղծում է հզոր ընկերական կապեր և մթնոլորտ։ Առ այսօր վերոհիշյալ կենտրոնների ծառայություններից օգտվել են ավելի քան 1536 հղի կանայք։ 2012թ. բացվեց նաև Երևանի հղի կանանց կենտրոնը: Անցնող տարիներին Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» կազմակերպության, ինչպես նաև այլ նվիրատոների նախաձեռնությամբ Հայաստան են առաքվել հագուստեղեն, որը տրամադրվել է Հղի կանանց կենտրոններին, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայց. Առաքելական եկեղեցվո թեմերի անապով ընտանիքներին` երեխաներին ու մանկահասակներին:

ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐ

 

1993 թ. ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միավորեցին իրենց ուժերը Երևանում երեք հայորդյաց տներ կազմավորելու համար։ Հայորդյաց տներում կազմակերպվում են պատմության, լեզվի, համակարգչային գիտելիքների, արվեստի, երաժշտության, պարի, ձեռային աշխատանքի և սպորտի ամենօրյա արտադասարանային ժամեր։ Բոլոր երեք հայորդյաց տներն ունեն մատուռ։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում եկեղեցական ժամերգություններ և Աստվածաշնչի ընթերցումներ։ Ընդհանուր առմամբ հայորդյաց տներում սովորում են 4-ից 21 տարեկան մոտ 4,000 աշակերտներ: Կենտրոններում աշխատում են 310 վարչական աշխատակիցներ։ Այժմ գործում են ութ հայորդյաց տներ: Նորքի hայորդյաց տան կատարողական արվեստների խմբերը համերգներով հանդես են եկել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Լեհաստանում, Կանադայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ուրուգվայում, Լիբանանում, Թուրքիայում եւ 2014թ. Նոյեմբերին Մալթայում տեղի ունեցած Մանկական Եվրոտեսիլում՝ ցուցադրելով իրենց հմտությունները տասնյակ հազարավոր հանդիսականների առջև։ Հայորդյաց տների սաները մասնակցում են տարբեր փառատոնների, ցուցահանդեսների, մրցանակաբաշխությունների, մշակութային և սպորտային մրցումների և արձանագրում հաջողություններ: 2011-ին Հայորդյաց տների սաներն իրենց մասնակցությամբ գեղեցկացրել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մանկական Եվրատեսիլը, «Նռան Հատիկ» հանրապետական թատերական փառատոնը, Մոսկվայում կայացած կիրառական արվեստի ցուցահանդեսը,Դելֆյան միջազգային խաղերը և Թուրքիայում անցկացված «World Children Games»-ը: 2014թ մանկական Եվրատեսիլի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բեթիի հետ հանդես եկան նաև Նորքի Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները, որոնք փայլուն ելույթ ունեցան Մալթայում: Հայաստանը գրավեց երրորդ տեղը: Երևանի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի «Երևան» մետալին արժանացավ Նորքի Հայորդյաց տան աշխատակազմը` Երևանում ծավալած մշակութային արդյունավետ գործունեության համար:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Content Project Մարդասիրություն

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: